«Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը, կնշանակվի կառավարիչ. Պապոյան

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ հուլիսին սահմանված կարգով կնշանակվի ընկերության կառավարիչ։
«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»,- գրել է նա։
Պապոյանի խոսքով՝ իրենց գործին տիրապետող և աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել։
Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետությանը։
Դատախազության տվյալներով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը ներկայացվել էր դեռ 2023-ի հոկտեմբերի 9-ին՝ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց։ Հայցով, ի թիվս այլնի, պահանջվում է բռնագանձել «Արարատցեմենտի» բաժնետոմսերը, ինչպես նաև տասնյակ անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ, ընկերություններում մասնակցություններ և ավելի քան 105,8 մլրդ դրամի դրամական միջոցներ ու այլ ակտիվներ։
«Արարատցեմենտի» շուրջ զարգացումները տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ֆոնին։ Նա հուլիսի 6-ին ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու մեղադրանքով, որը նրա պաշտպանական թիմը որակում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մասնակցում էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին և շատ մոտ էր ԱԺ անցնելու 4 տոկոս շեմը հաղթահարելուն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելուց հետո ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից։










