Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրվա գիշերը կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի Соловьёв Live ալիքում հրապարակված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստանից» պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտարարեց, թե Հայաստանում սկսվել է «լույսի զանգվածային անջատում», ինչը «մեղմ ասած, որոշակի կասկածներ է առաջացնում»։ Ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունեցող ալիքում գրառումը հավաքել է 75,000-ից ավելի դիտում դիտում։
Թեման շրջանառության մեջ էր հայտնվել քվեարկության ավարտից րոպեներ առաջ։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ և նույնական տեքստով գրել էին, թե յոթ ընտրատեղամասեր հոսանքազրկվել են։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը պարզաբանել էր, որ իսկապես եղել է կարճատև վթարային անջատում, սակայն էլեկտրամատակարարումը վերականգնվել է րոպեների ընթացքում։
Շուտով շրջանառվեց արդեն ավելի մեծ ցուցակ՝ «համատարած հոսանքազրկումներ» ձևակերպմամբ. ՀԷՑ-ը այս ահազանգերը պաշտոնապես հերքեց՝ որակելով «ամբողջովին հորինված»՝ օրեր անց դատի տալով երեք լրատվամիջոցի։ Սակայն թեման արագ անցավ նաև ռուսալեզու տեղեկատվական տիրույթ՝ նախ հայտնվելով Sputnik Արմենիա-ում, ապա մի շարք տելեգրամյան ալիքներում, այդ թվում՝ Սոլովյովի ալիքում՝ արդեն առանց կոնկրետ տեղամասի նշման։
«Զանգվածային հոսանքազրկումների» մասին պնդման տարածման այս շղթան, սակայն, միակը չէր։ Ընտրություններին նախորդող և հաջորդող շրջանում ռուսալեզու տելեգրամյան ալիքները պարբերաբար տարածել են ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող տարբեր պատումներ։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է նման մոտ 900 գրառում և պարզել, թե ինչպես է գործում դրանց տարածման շղթան։
Երեք փուլ, մեկ ցանց
Մոտ 900 գրառումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք տարածվել են կանխատեսելի երթուղիներով․ նույն տեքստերը րոպեների տարբերությամբ հայտնվել են տարբեր ալիքներում՝ փոքր անանուն հարթակներից հասնելով ռուսական պետական մեդիա։ Արշավը երեք հստակ փուլ է ունեցել, որոնցից յուրաքանչյուրում գերիշխել է մեկ հիմնական պատում։
Դիտարկված ալիքներում մինչ ընտրությունները գերիշխում էին «Հայաստանն արտաքին կառավարման տակ է», «Արևմուտքն ու ԵՄ-ն կործանում են Հայաստանը» և «իշխանությունը բռնաճնշում է ընդդիմությանը» թեզերը։ Քվեարկության օրը, սակայն, առաջին պլան մղվեց «կեղծված ընտրության» թեզը, որի տարածումը մեկ օրում աճեց մոտ տասն անգամ։ Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից վերջնական արդյունքների հաստատումից հետո այս պատումը սկսեց մարել, և կրկին առաջ եկավ «արտաքին կառավարման» թեզը։
Ստորև՝ երեք թեզերի ծավալը հունիսյան օրերի կտրվածքով. «կեղծված ընտրության», «արտաքին կառավարման» ու «ռեպրեսիաների» թեզերի կտրուկ աճը հունիսի 7-ին և դրան հաջորդող անկումը։

Մինչ ընտրությունները․ թեզը պատրաստ էր նախօրոք
Նախընտրական վերջին շաբաթում դիտարկված ալիքներում գլխավոր թեման Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցումն էր, որը ներկայացվում էր որպես «երկրի կործանման» ճանապարհ։ Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր Հայաստանին` հիշեցնելով «ուկրաինական սցենարը», իսկ հունիսի 2-ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, թե Փաշինյանը «անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը միացնել ԵՄ-ին»։ Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արդեն կասկածի տակ դրեց ընտրությունների լեգիտիմությունը՝ պնդելով, թե Փաշինյանը փորձում է «վերացնել իր բոլոր մրցակիցներին»։
Ընտրությունների օրը․ մեկ ֆեյքի ուղին
Առավոտյան ժամը 10-ին «Եվրազիա» կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքն արդեն գրում էր, թե ընտրություններն «ուղեկցվում են խախտումների հսկայական քանակով» և Փաշինյանի կողմից «ամեն կերպ կեղծված են»։
Մեկ այլ ֆեյքի տարածումը սկսվեց ռուսական պետական մեդիա-ռեսուրսներից. հունիսի 7-ի կեսօրին RT-ն վերահրապարակեց ֆրանսիական ծայրահեղ աջակողմյան խմբագրական գիծ ունեցող Le Journal du Dimanche թերթի նյութը, ըստ որի՝ ֆրանսիական հետախուզությունն իբր օգնում է Հայաստանի իշխանություններին համացանցում արգելափակել քննադատությունը։ Շուտով պնդումը տարածեցին նաև РИА Новости-ն և ТАСС-ը։ Զուգահեռ այն շրջանառության մեջ դրեցին տելեգրամյան ցանցում գործող ալիքները։

Le Journal du Dimanche-ն իսկապես նման հոդված էր հրապարակել։ Հունիսի 7-ի արխիվային տարբերակում այն պարունակում էր հատված ֆրանսիական VIGINUM պետական գործակալության և համացանցում իրականացվող «զտումների» մասին, սակայն երկու օր անց այդ հատվածն արդեն հանված էր խմբագրության կողմից։ Քարոզչական ցանցը, այդուհանդերձ, շարունակեց տարածել չհիմնավորված պնդումը։ Տարածված ֆեյքում VIGINUM-ը ներկայացվում էր որպես «գրաքննիչ» կառույց, մինչդեռ այն հենց այն ֆրանսիական պետական գործակալությունն է, որը բացահայտել էր ռուսական Pravda քարոզչական ցանցը՝ արևմտյան լրատվամիջոցների անուններով գործող ավելի քան 150 կլոն-կայքերով։
Ընտրություններից հետո․ «մոլդովական սցենար»
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ձայների հաշվարկի գիշերը հայտարարեց, թե ԿԸՀ-ն իբր դադարեցրել է հաշվարկը՝ «տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց [իշխանության-խմբ.] արդյունքները նվազում են»։ Քարոզչական ցանցն այս պնդումն արագ ներառեց ամիսներ շարունակ շրջանառվող «մոլդովական սցենարի» պատումում։
Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը զարգացրեց այս պատումը՝ հունիսի 9-ին գրելով. «Հաշվարկը դադարեցվեց գիշերը, իսկ արդյունքները նկարվեցին առավոտյան»։ Նրա գրառումը րոպեների ընթացքում տարածեցին Армянский калейдоскоп, Арцах 44, Внешний Враг, Yerevan․Today, Параллель և մի շարք այլ ալիքները:
Ուսումնասիրված 31 տելեգրամյան ալիքներում պատումների փոխադարձ կրկնությունների ցանցային գրաֆիկը հստակ ցույց է տալիս դրանց միջև առկա կապը։ Յուրաքանչյուր շրջան ներկայացնում է մեկ ալիք, իսկ գծերի հաստությունը ցույց է տալիս, թե որքան հաճախ են դրանք կրկնել միմյանց բովանդակությունը։

Քվեարկությանը հաջորդած օրերին «մոլդովական սցենարի» թեզը դարձավ ցանցի գլխավոր թեման՝ ընդամենը երկու օրում տարածվելով գրեթե 100 գրառմամբ։ «Ընդդիմությունից գողացել են առնվազն 20 տոկոս»,- ТАСС-ին ասել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին, իսկ Միկա Բադալյանի ալիքն այս պնդումը տարածել էր որպես «Ռուսաստանի դիրքորոշում»։ Հունիսի 14-ին մոտ մեկուկես միլիոն հետևորդ ունեցող մերձկրեմլյան «Рыбарь» ալիքը տարածեց Кавказарь ալիքի գրառումը, թե Հայաստանում «հաջողվեց իրականացնել մոլդովական սցենարի նմանակը»։
Հունիսի 8-ին Meduza-ն գրել էր, որ Կրեմլը պետական և մերձկրեմլյան մեդիաներին հանձնարարել է Փաշինյանի՝ 50 տոկոսից ցածր արդյունքը ներկայացնել որպես «պարտություն» և շեշտադրել ընտրական խախտումները՝ նրա լեգիտիմության վերաբերյալ կասկածներ սերմանելու համար։ Նույն թեզերը հնչեցին նաև պաշտոնական մակարդակում. ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան ահազանգեց «ընդդիմության վրա աննախադեպ ճնշման ու Արևմուտքի միջամտության» մասին, ՌԴ ԿԸՀ նախագահ Պամֆիլովան պնդեց, թե ռուս դիտորդները արձանագրել են «սկզբունքային խախտումներ»։ Այս պնդմանը #CivilNetCheck-ը անդրադարձել է առանձին։
Երբ «կեղծված ընտրությունների» թեզը մարեց, Մոսկվան կրկին ակտիվացրեց «արտաքին կառավարման» պատումը։ Հունիսի 28-ին Մեդվեդևը հայտարարեց, թե Արևմուտքի միջամտությունն ընտրական գործընթացին «աննախադեպ էր» և Հայաստանի պետական ապարատը դրվել էր «ձեռքով կառավարման» տակ։ Երկու ժամվա ընթացքում սա տարածեցին РИА Новости-ն, RT-ն և ևս ութ ալիք։
Ովքե՞ր են կանգնած ալիքների հետևում
Ամենամեծ ծավալ հավաքած թեզերի՝ «ձերբակալությունները ռեպրեսիա են» և «Հայաստանն արտաքին կառավարման տակ է», հիմնական լսարանն ապահովում էին ոչ թե հայկական ալիքները, այլ ռուսական պետական մեդիան ու միլիոնանոց ագրեգատորները՝ RT-ն, РИА Новости-ն, Рыбарь-ն ու Readovka-ն։ Ուսումնասիրված շրջանում առաջին թեզը հավաքել է ավելի քան ութ միլիոն, իսկ երկրորդը՝ ավելի քան յոթ միլիոն դիտում։
Ստորև ներկայացված է գրառումների դիտումների բաշխումն ըստ ալիքների՝ ռուսական պետական ԶԼՄ-ների և մերձկրեմլյան քարոզչական ալիքների դիտումները համեմատած հայաստանյան տեղեկատվական դաշտում գործող ալիքների հետ։

Հայկական տիրույթում գործող դիտարկված տելեգրամյան ալիքների մեծ մասի կառավարողներն անհայտ են. Армянская вендетта, Цицак, Товарищ генерал, Ереванский наблюдатель և հաճախ սկզբնաղբյուր դարձող այլ ալիքներ չեն բացահայտում իրենց հեղինակներին։ Տեղական օղակի կենտրոնական դեմքը, սակայն, հայտնի է․ Միկա Բադալյանի ալիքը դրանցից ամենամեծն է՝ ավելի քան 30,000 բաժանորդով։ ՍիվիլՆեթի և DFRLab-ի համատեղ հետաքննությունը փաստագրել է Բադալյանի ներգրավվածությունը պաշտոնական Մոսկվայի տարբեր նախագծերում։
Ցանցում կիրառվող մեկ այլ մեխանիզմ էր «անկախ փորձագիտությունը»։ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ վերլուծություններ էին տարածում «Дигория» ակումբի անդամներ Գառնիկ Թումանյանը և Դմիտրի Մատյուշենկովը։ Երկուսն էլ կապված են ՌԴ նախագահի աշխատակազմի հետ։ Թումանյանը բաժնի ղեկավարի տեղակալ է ЭИСИ կազմակերպությունում, որը ստեղծվել է ՌԴ նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նախաձեռնությամբ և համարվում է աշխատակազմի գլխավոր փորձագիտական հարթակներից մեկը։ «Дигория» ֆորումը ևս կազմակերպում է ЭИСИ-ն։ Այսպիսով, որպես «անկախ վերլուծություն» ներկայացվող բովանդակությունն իրականում անմիջականորեն կապված է Կրեմլի հետ։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ արշավի ազդեցությունը հայալեզու մեդիադաշտի վրա սահմանափակ էր, սակայն ռուսալեզու տիրույթում այն գործել է համակարգված․ նույն թեզերը փոքր անանուն ալիքներից արագ հասել են ռուսական պետական մեդիա և միլիոնանոց հարթակներ։ Ընտրություններից հետո ցանցը շարունակել է գործել՝ փոխելով միայն հիմնական պատումները։
Կարդա նաև՝ «Քիշնևից՝ Երևան․ ինչպես «Եվրազիա»-ն Հայաստան տեղափոխեց Մոլդովայում կիրառված իր մեխանիզմները»
Հայկ Հովհաննիսյան
CivilNetCheck











