Ֆեյսբուքում հուլիսի 22-ից տարածվում են «ԱԱԾ-ն հենց հիմա Նարեկ Կարապետյանի հետևից գնաց. միայն իմանաք՝ ինչ է արել նա. բացառիկ» վերտառությամբ գրառումներ:
Գրառումն ուղղորդում է բացել 1in.24newsarm[.]ru կայքի հղումը, որտեղ բացվում է անգլալեզու հոդված: Այստեղ, սակայն, գրված է 2026-ի օգոստոսի կենսաթոշակների վճարման ժամկետների մասին և կցված է յութուբյան տեսանյութ, որն իբրև պետք է ներկայացնի վերնագրում խոստացված «բացառիկ» տեղեկությունը։
Ֆեյսբուքյան մի շարք էջեր նման հրապարակումներով փորձում են գրավել օգտատերերի ուշադրությունը՝ օգտագործելով սկանդալային, դրամատիկ ու հետաքրքաշարժ ձևակերպումներ տարբեր քաղաքական գործիչների մասին: Դրանցից են, օրինակ, «Կրակոցներ բանտում. Ծառուկյանի վիճակը լավ չէ», «Հերթը հասավ Արթուրին. մեծ սկանդալ Ծառուկյանի խոհանոցում» գրառումները:
Նման բովանդակություն պարբերաբար տարածում են տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող Blogger և Hay Blog ֆեյսբուքյան էջերը, որոնք իրականացնում են միաժամանակյա հրապարակումներ:
Հոդվածներում և դրանց կցված տեսանյութերում, սակայն, գրառումներով խոստացված «բացառիկ» տեղեկությունները չկան․ հրապարակումների բովանդակությունը մանիպուլյատիվ է և չի համապատասխանում ներկայացված պնդումներին։
#CivilNetCheck-ը պարզել է, որ այս հրապարակումները կազմված են clickbait-ի՝ «խայծ-վերնագրի» մեխանիզմով։ Clickbait-ը մոլորեցնող կամ չափազանցված ձևակերպմամբ վերնագիր կամ գրառում է, որի նպատակը օգտատիրոջ ուշադրությունը գրավելն ու նրան հղման վրա սեղմել դրդելն է։
ԱԱԾ-ն չի «գնացել» Նարեկ Կարապետյանի հետևից. կեղծ վերնագիր՝ թոշակների մասին հոդվածով
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իբրև «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանի հետևից գնալու գրառմանը կցված հոդվածում տեղադրված է Perfect TV յութուբյան ալիքի տեսանյութը: Այս ալիքը հայտնի է սկանդալային վերնագրերով տեսանյութերով, որոնք հազարավոր դիտումներ են հավաքում, սակայն հաճախ չեն պարունակում վերնագրերում խոստացված տեղեկությունները, ներկայացնում են չհաստատված կամ հորինված պնդումներ և մանիպուլյատիվ կերպով համադրում իրար հետ կապ չունեցող կադրերն ու ելույթները։
Տեսանյութում սկզբում խոսվում է Կարապետյանին առնչվող իրավական գործընթացների մասին՝ նշելով, թե մեղադրանքների մանրամասները դեռ չեն հրապարակվել։ Այնուհետև ցուցադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում, որտեղ նա անդրադառնում է խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը և եկեղեցուն։ Նարեկ Կարապետյանի մասին այդ ելույթում խոսք չկա։ Տեսանյութում չի ներկայացվում նաև որևէ տեղեկություն, որը կհաստատեր, թե ԱԱԾ-ն ներգրավված է Կարապետյանին առնչվող իրավական գործընթացներում կամ «գնացել է նրա հետևից»։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Նարեկ Կարապետյանին անձեռնամխելիությունից զրկելու և քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը:
«Կրակոցներ բանտում»․ Ծառուկյանի մասին մանիպուլյատիվ լուրը և «փոխաբերական» կրակոցները
Հուլիսի 23-ից ֆեյսբուքյան նույն էջերով տարածվում են՝ «Կրակոցներ բանտում. Ծառուկյանի վիճակը լավ չէ. ինչ է կատարվել այս գիշեր» վերտառությամբ գրառումներ: Վերնագրից տպավորություն է ստեղծվում, թե բանտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ կրակոցներ են հնչել և նրա առողջական վիճակը ծանր է:
Գրառմանը կից հղումը կրկին տանում է 1in.24newsarm[.]ru կայք, որտեղ հոդվածը կրկին անգլերեն է և վերաբերում է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման ժամկետին:
Հոդվածում կրկին տեղադրված է Perfect TV յութուբյան ալիքի տեսանյութը: Թեև դրա սկզբում հնչում է Ծառուկյանի ուղղությամբ «իսկական կրակոցների» մասին ձևակերպում, այն օգտագործվում է փոխաբերական իմաստով․ խոսքը նրա բիզնեսների շուրջ իրավական գործընթացների մասին է, ոչ թե բանտում տեղի ունեցած կրակոցների։ Տեսանյութը կրկին շարունակվում է Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ունեցած մեկ այլ ելույթով, որտեղ նա քննադատում է ընդդիմությանը:
«Սկանդալ Ծառուկյանի խոհանոցում»․ ինչպես են մարզիկների լռությունը ներկայացնում որպես սենսացիա
Հուլիսի 24-ից արդեն տարածվում են «Արթուրին կպան սրիկաները. մեծ սկանդալ Ծառուկյանի խոհանոցում. ահա՝ ինչ է կատարվել» վերտառությամբ գրառումները: Գրառմանը կից հղումը կրկին տանում է 1in.24newsarm[.]ru կայք, որտեղ տեքստը ևս վերաբերում է կենսաթոշակների թեմային:
Հոդվածի մեջ տեղադրված են Ալեքսանյանի, Ծառուկյանի և Փաշինյանի նկարները, որոնց վրա գրված են «սկանդալ», «փուռը տվին» ձևակերպումները։

Այստեղ էլ տեղադրված Perfect TV-ից տեսանյութում հեղինակն իրականում խոսում է Ծառուկյանի թիմակիցների դժգոհության մասին, որոնք մեղադրում են անվանի մարզիկներին, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանին, Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական գործընթացների ժամանակ լռություն պահպանելու և նրան հրապարակային աջակցություն չհայտնելու համար։ Տեսանյութի երկրորդ հատվածում ներկայացվում է նախորդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթը, որտեղ նա քննադատում է ընդդիմությանը, մասնավորապես՝ Դաշնակցությանը։
Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող «սենսացիոն» հրապարակումները clickbait-ի դասական օրինակներ են։ Դրանք քաղաքական գործիչների անուններն ու սկանդալային ձևակերպումները օգտագործում են օգտատերերին մոլորեցնելու և դեպի կասկածելի կայքեր ուղղորդելու համար։ Մինչդեռ հղումներով բացվող «հոդվածներն» ու դրանցում տեղադրված տեսանյութերը չեն պարունակում վերնագրերում խոստացված տեղեկությունները և բովանդակային առումով դրանց հետ կապ չունեն։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











