Գլխավոր Լրահոս

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը «ատելության խոսքի» մոնիթորինգի ստորաբաժանումն անվանել է «մտահոգիչ»

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը «ատելության խոսքի» մոնիթորինգի ստորաբաժանումն անվանել է «մտահոգիչ»

Լուսանկարը՝ Ռոբին Ֆաբրոյի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ կառավարության վերջերս ստեղծած «ատելության խոսքի» մոնիթորինգի ստորաբաժանումը «մտահոգիչ» է։ Սա, ըստ երևույթին, նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հասցեին Վաշինգտոնի առավել բացահայտ քննադատական հայտարարություններից մեկն է։

Հանրային դաշտում «ատելության խոսքի» դեմ պայքարելու նպատակով ստեղծված ստորաբաժանումը պաշտոնապես գործարկվել է Ներքին գործերի նախարարության կազմում հունիսի 1-ին։

Տե՛ս նաև՝ Վրաստանի «սքրոլի և սքրինշոթների նոր վարչությունը» տասնյակ գործեր է ուղարկել դատարան՝ հրապարակային հայտարարությունների համար

«Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL) հայտնում է, որ դիմել էր դեսպանատանը՝ մեկնաբանություն ստանալու նոր ստորաբաժանման, Վրաստանում մեդիայի ազատության և ընդդիմադիր հայացքներով հայտնի լրագրող Վախո Սանայային 14 օր ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։

Սանայան պատժվել էր ֆեյսբուքյան գրառման համար, որը դատարանը համարել էր «վիրավորական»՝ «Վրացական երազանքի» պաշտոնյաների հասցեին։

Երեքշաբթի հրապարակված պատասխանում դեսպանատան խոսնակը նշել է.

«Թրամփի վարչակազմը հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը խոսքի ազատությունը համարում է գործող հասարակության հիմնասյուներից մեկը, և մենք վճռականորեն դեմ ենք գրաքննությանը և սահմանափակող օրենքներին, որոնք օգտագործվում են անցանկալի ձայները լռեցնելու համար»։

«Ինչպես մենք փոխանցել ենք մեր վրացի գործընկերներին, կայունությունը պահանջում է քաղաքական ընդդիմություն, որը պետական հաստատությունների հետ կաշխատի այն քաղաքացիների անունից, որոնք քվեարկել են իրենց օգտին։ Տարբեր տեսակետների լայն ներկայացվածությամբ ապահովված քաղաքական կայունությունն այն գործոններից է, որը Վրաստանը դարձնում է վստահելի գործընկեր ամերիկյան ներդրումների, անվտանգության ոլորտում համագործակցության և երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների համար»,- հավելել է խոսնակը։

Ընդհանուր առմամբ, խոսնակը նշել է, որ դեսպանատունը «մտահոգված է» նոր ստորաբաժանմամբ՝ ընդգծելով, որ «կեղծիքների և սխալ պնդումների լավագույն հակազդեցությունը ավելի շատ խոսքն է, ոչ թե պարտադրված լռությունը»։

Այս հայտարարությունը հազվադեպ օրինակներից է, երբ Թրամփի երկրորդ պաշտոնավարման մեկնարկից հետո ԱՄՆ-ը բացահայտ քննադատում է Վրաստանում մեդիայի և խոսքի ազատության նկատմամբ սահմանափակումները։ Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում նույնպես լայն քննարկումների առարկա են դարձել նման իրավունքների սահմանափակման փորձերը։

Վրաստանի և նրա ավանդական արևմտյան գործընկերների հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ իշխանություններն ընդունեցին սահմանափակող օրենքներ, անցկացրին վիճարկվող խորհրդարանական ընտրություններ, իսկ ոստիկանությունը բռնություն կիրառեց հակակառավարական ցուցարարների նկատմամբ։

Այդ գործընթացին զուգահեռ իշխող կուսակցությունն ու նրա դաշնակիցները պարբերաբար պնդում էին, թե «համաշխարհային պատերազմի կուսակցությունը» կամ «խորքային պետությունը» վերահսկողություն են հաստատել Արևմուտքի նկատմամբ և փորձում են խաթարել Վրաստանի ինքնիշխանությունը։

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել վրացի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

2024-ի նոյեմբերին, երբ Թբիլիսին դադարեցրեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ԱՄՆ-ը նաև կասեցրեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

«Վրացական երազանքը» հարաբերությունների վատթարացումը կապում էր այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի քաղաքականության հետ և բացահայտ հույս էր հայտնում, որ Թրամփի վարչակազմի օրոք դրանք հնարավոր կլինի վերականգնել։

Դրանից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ համապատասխանաբար 2025-ի մայիսին և սեպտեմբերին, հրապարակայնորեն դժգոհություն էին հայտնել, որ Թրամփի վարչակազմը չի արձագանքում իրենց կոչերին։

Կողմերի միջև մինչ այժմ ամենաբարձր մակարդակի շփումը տեղի է ունեցել 2026-ի մարտի վերջին, երբ Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Միաժամանակ Թրամփը նաև ստորագրել էր ավելի վաղ սահմանված պատժամիջոցների երկարաձգման մասին հրամանագիրը, որը ներառում էր նաև Իվանիշվիլիի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում