Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Եվրամիության վերջին պատժամիջոցների փաթեթում ներառվել է Ռուսաստանի պետական վերահսկողության ներքո գտնվող խոշոր էներգետիկ ընկերություններից մեկը՝ Inter RAO-ն։
Ընկերությանն անուղղակիորեն պատկանում է Վրաստանի էլեկտրաէներգիայի հիմնական մատակարար Telasi-ի բաժնետոմսերի 75 տոկոսը։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցները Telasi-ի վրա չեն տարածվում և կոչ են արել բանկերին շարունակել համագործակցությունը ընկերության հետ։
Inter RAO-ի ընդգրկումը ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթում դիտորդները գնահատում են որպես Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների հարաբերություններում խորացող ճգնաժամի հերթական դրսևորում։
Որպես Վրաստանի մի շարք խոշոր էներգետիկ ակտիվների անուղղակի սեփականատեր՝ ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկրի էներգետիկ ոլորտն ուղղակիորեն կապում են ԵՄ-Ռուսաստան պատժամիջոցային դիմակայության հետ՝ լրացուցիչ ճնշում գործադրելով առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա։
Եվրամիությունը հայտարարել է, որ Inter RAO-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, քանի որ այն իր եկամուտների, հարկերի և շահաբաժինների միջոցով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի կառավարությանը։ Բրյուսելը նաև ընդգծել է ընկերության կարևոր դերը Ռուսաստանի էներգետիկ ոլորտում և պետական սեփականություն լինելու հանգամանքը։
Վրաստանում Inter RAO-ն իր ակտիվները կառավարում է Նիդեռլանդներում գրանցված երկու դուստր ընկերությունների՝ Silk Road Holdings B.V.-ի և Gardabani Holdings B.V.-ի միջոցով։
Տեղական Business Media-ի վկայակոչած կորպորատիվ տվյալների համաձայն՝ Silk Road Holdings-ին պատկանում է Telasi Group-ի բաժնետոմսերի 75,47 տոկոսը։
Խմբի կազմում են էլեկտրաէներգիայի բաշխմամբ զբաղվող Telasi-ն և մատակարար Telmiko-ն, որոնք սպասարկում են Թբիլիսիի սպառողներին։
Gardabani Holdings B.V.-ի միջոցով Inter RAO-ին են պատկանում նաև Khramhesi I և Khramhesi II հիդրոէլեկտրակայանները, որոնք 2020-ին ապահովել են Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 3,6 տոկոսը։
Inter RAO-ն նախկինում ներգրավված է եղել նաև Վրաստանի կառավարության հետ ներդրումային վեճում։
2023-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը (ICSID) պարտավորեցրել էր Վրաստանին շուրջ 76 միլիոն դոլար և տոկոսներ վճարել Inter RAO-ի դուստր ընկերություններին՝ Silk Road Holdings-ին և Gardabani-ին։ Վճիռը վերաբերում էր 2014-ին էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման մեթոդաբանության փոփոխություններին։ Արբիտրաժային գործընթացը սկսվել էր 2017-ին։
Վրաստանի «զուսպ արձագանքը»
Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է նաև Վրաստանին առնչվող այլ սահմանափակումներ։
Դրանց թվում է Վրաստանի Սևծովյան ափին գտնվող Կուլևիի նավթավերամշակման գործարանը, որի նկատմամբ գործարքների արգելքը կգործի վեց ամիս անց, եթե այն մինչև այդ չդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։
Փաթեթով պատժամիջոցներ են սահմանվել նաև Վրաստանում գրանցված կրիպտոարժութային ծառայություններ մատուցող երեք հարթակի նկատմամբ։
Ցանկում է ընդգրկվել նաև ռուսական «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգի օպերատորը, որը պատժամիջոցներից հետո դադարեցրել է փոխանցումները դեպի Վրաստան։
«Զոլոտայա Կորոնան» Ռուսաստանի խոշոր դրամական փոխանցումների համակարգերից մեկն է և Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, Visa-ի և Mastercard-ի գործունեության դադարեցումից հետո, դարձել էր միջազգային փոխանցումների հիմնական ուղիներից մեկը։
Հաղորդվում է, որ սահմանափակումները վերաբերում են նաև «Զոլոտայա Կորոնայի» օպերատորին՝ Նովոսիբիրսկում գործող «Payment Centre»-ին։
Վրաստանի ազգային բանկը հուլիսի 27-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ Telasi-ն Inter RAO-ին պատկանում է միայն անուղղակիորեն, և ընկերությունն ինքը ԵՄ պատժամիջոցների տակ չէ։
Տե՛ս նաև՝ Վրաստանի ազատականացող էներգետիկ շուկան և ռուսական ակտիվները
«Հետևաբար, բանկերը կշարունակեն ազգային արժույթով՝ լարիով, ծառայություններ մատուցել «Թելասի» ԲԲԸ-ին՝ պահպանելով գործող պատժամիջոցների պահանջները, Վրաստանի ազգային բանկի կարգավորումները, իրենց ներքին քաղաքականությունը և ռիսկերի գնահատման համապատասխան համակարգերը»,- հայտարարել է Ազգային բանկը։
OC Media-ն զրուցել է նաև Ազգային բանկի նախագահ Նատիա Թուրնավայի հետ, որը վերահաստատել է հայտարարության բովանդակությունը, սակայն չի մանրամասնել, թե հետագայում Վրաստանն ինչ քայլեր կձեռնարկի պատժամիջոցներին արձագանքելու համար։
Ազգային բանկն անդրադարձել է նաև պատժամիջոցների տակ հայտնված կրիպտոհարթակներին։
Հուլիսի 24-ի հայտարարության մեջ այն նշել է, որ ԵՄ պատժամիջոցների ցանկում ընդգրկված Վրաստանում գրանցված Aifory LLC, Abcex LLC և Rapira Group LLC ընկերությունները բանկի կարգավորման դաշտում չեն՝ ընդգծելով, որ դրանց գործունեությունը չի իրականացվել Վրաստանում։
Միևնույն ժամանակ, բանկը հայտնել է, որ դրանց նկատմամբ «քննչական գործողություններ են սկսվել»։
Այս ընկերություններից երկուսի՝ Aifory LLC-ի և Rapira Group LLC-ի անվանումները համընկնում են այն կազմակերպությունների անվանումների հետ, որոնց նկատմամբ Միացյալ Թագավորությունը մայիսին պատժամիջոցներ էր սահմանել՝ դրանք բնութագրելով որպես «Ռուսաստանի վրա կենտրոնացած բորսաներ, որոնք փորձում են շրջանցել պատժամիջոցները»։
Սակայն ոչ բոլորն են կարծում, որ այս պատժամիջոցները շրջադարձային նշանակություն կունենան։
Որոշ փորձագետներ նշում են, որ դրանք կարող են էական տնտեսական ազդեցություն չունենալ՝ հավելելով, որ Վրաստանում հասարակության արձագանքն ու իրազեկվածությունը նույնպես բավական զուսպ են եղել։
Տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն, որը նախկինում ղեկավարել է նաև Վրաստանի ազգային բանկը, հայտարարել է, որ վրացական լրատվամիջոցները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այս հարցին։
Նրա խոսքով՝ տեղական մամուլը բավարար չափով չի վերլուծել, թե պատժամիջոցներն ինչ հետևանքներ կարող են ունենալ երկրի էներգետիկ ոլորտի և Եվրամիության հետ հարաբերությունների համար։
Տնտեսագետ, «Ազատ գործարարների ասոցիացիայի» հիմնադիր Պաատա Բայրախտարին ևս OC Media-ին ասել է, որ Վրաստանում նկատել է պատժամիջոցների նկատմամբ զուսպ արձագանք։ Նրա գնահատմամբ՝ խոսքը լուրջ խնդրի մասին է, իսկ Ազգային բանկի հայտարարությունն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու փորձ էր։
«Կարևորն այն է, թե ինչ կասեն և ինչ քայլեր կձեռնարկեն առևտրային բանկերը»,- նշել է նա։
Բայրախտարիի խոսքով՝ եթե պատժամիջոցների տակ գտնվող մայր ընկերության բաժնեմասը նվազի 51 տոկոսից ցածր, դա կարելի է դիտարկել որպես ընկերությունից դուրս գալու գործընթաց։
OC Media-ն դիմել է նաև Telasi-ի խոսնակին՝ պատժամիջոցների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Խոսնակը հրաժարվել է ուղղակիորեն մեկնաբանել հարցը, սակայն նշել է, որ ընկերության աշխատանքն առայժմ շարունակվում է բնականոն ընթացքով։
Վրաստանի առևտրային բանկերը մինչ այժմ այս հարցի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություն չեն արել։
OC Media-ի հետ զրույցում, անանուն մնալու պայմանով, հարցին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Telasi-ն վրացական ընկերություն է և շարունակելու է գործել Վրաստանի օրենսդրության համաձայն՝ հաշվարկներն իրականացնելով ազգային արժույթով՝ լարիով, այլ ոչ թե արտարժույթով։
Աղբյուրի խոսքով՝ եթե իրավիճակը վատթարանա, ընկերությունը շեշտելու է, որ իրենից կախված է 800 հազարից մինչև մեկ միլիոն սպառողի էլեկտրամատակարարումը՝ ընդգծելով իր կենսական նշանակությունը երկրի համար։












