«Չի ուզել, չի շնորհավորել»,- այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազրույցի ընթացքում չի շնորհավորել իրեն վարչապետի պաշտոնին վերընտրվելու կապակցությամբ։
Հարցին, արդյոք իր համար կարևո՞ր է ՌԴ նախագահի շնորհավորանքը, Փաշինյանն արձագանքել է․
«Այդտեղ հարց կա, թե ինքն ում հետ էր խոսում։ Չի շնորհավորել, բայց ինքն ում հետ էր խոսում»։
Փաշինյանը չի բացառել Պուտինի հետ հնարավոր հանդիպումը։
«Մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացված չէ։ Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ կունենանք»,- ասել է Փաշինյանը։
ՌԴ նախագահը դեռևս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ։
Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 1-ին։
Հենց այդ ժամանակ էր Պուտինն հիշել, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Նա նաև շեշտել էր, թե երկրի համար անհնար է Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելը։ Պուտինը նաև հույս էր հայտնել, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին։
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքն իր շուկա։











