Արցախի շրջափակումն ու հետագա բռնի տեղահանումը ծանր փորձություն էին ոչ միայն մարդկանց, այլև նրանց ընտանի կենդանիների համար։ Փոքրիկ մեքենաներով, ավտոբուսներով կամ նույնիսկ ձիով ճանապարհ կտրելով՝ արցախցիները փորձում էին փրկել նրանց, ում հետ կիսել էին պատերազմի ու շրջափակման ամբողջ դժվարությունը։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով իրենց տները լքել է ու Հայաստան տեղափոխվել ավելի քան 115,000 անձ։ Հայաստան տեղափոխված ընտանի կենդաիների մասին, սակայն, տվյալներ չկան, քանի որ առանձին հաշվառում որևէ պետական մարմին կամ մասնավոր կազմակերպություն չի իրականացրել։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը 2023-ին ապահովում էր Հակարի կամրջով անցնող ճանապարհը։ Կամրջին ամենամոտ հայկական գյուղը Կոռնիձորն է։ Արցախցի Սուրեն Առուշանյանը, որը ներկայում ապրում է Հայաստանի Գորիս քաղաքում, երբեմն մոտենում է կամրջին՝ տեսնելու՝ միգուցե Մաքսիկը փորձում է անցնել կամուրջն ու գալ իր մոտ։ Մաքսիկը նրա շունն է, որին թողեց Արցախում էթնիկ զտման ժամանակ․ ավտոբուսով էին տեղահանվում, մարդկանց համար անգամ տեղ չկար։ Արցախի պետական համալսարանի նախկին դասախոս Նունե Առաքելյանը բերեց իր կատուներին, Ավետը՝ ճագարին, իսկ Գրիշա Ասիրյանը տեղահանվեց իր ձիով։
Մարդիկ թողեցին իրենց հարազատների գերեզմանները, տունն ու այլ սեփականություն, իրերն ու հուշերը։ Նրանցից շատերը մեծ դժվարությունների միջով անցան, բայց Հայաստան բերեցին ընտանի կենդանիներին։ Այս հոդվածը կենդանիների մասին չէ. այն ավելի շատ մարդու մասին է, թե ինչպես արցախցիները, տեսնելով պատերազմ, շրջափակում, սով ու ցավ, չկորցրեցին մարդկայնությունը։
«Սիրելի՛ կատուներ, պիտի անցնենք ոչխարի մսի»
2020-ի Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի բոլոր օրերին (սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը) Նունե Առաքելյանը Արցախում էր, բայց նոյեմբերի 7-8-ին մայրաքաղաք Ստեփանակերտում բնակիչներին ստիպողաբար հանում էին ու ուղարկում Երևան։ Նունե Առաքելյանը ևս նրանցից մեկն էր, բայց չէր հասցրել կատուներին իր հետ տանել։ Որդին այդ ժամանակ Շուշիում ռազմական գործողությունների էր մասնակցում։
«Որդուս գրեցի, որ կատուներիս բերի։ Հետո լավ ծիծաղել ենք։ Ասում էր՝ մա՛մ, ես կռվի մեջ եմ, դու կատուների մասին ես գրում։ Գրել էի՝ չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց որ Արցախը հանձնեն, չմոռանաս կատուներին բերել»,- պատմում է Նունեն։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո կատուները տեղափոխվում են Երևան, մի որոշ ժամանակ Նունեի հետ բնակվում են Հայաստանի մայրաքաղաքում ու նրա հետ էլ վերադառնում Արցախ, որտեղ անցնում են ճգնաժամի, շրջափակման ու տեղահանման միջով։

Նունեն ծնվել ու մեծացել է Լեռնային Ղարաբաղում, միայն ուսանողության տարիներին է հայրենի երկրը լքել։ Նա ռուսերեն էր դասավանդում Արցախի պետական համալսարանում։ Կատուների հանդեպ սերը սկսվել է 20 տարի առաջ, երբ վեցամյա որդին փողոցից կատվի ձագ բերեց ու խնդրեց պահել։
Ադրբեջանցիները Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակեցին 2022-ի դեկտեմբերի 12-ից՝ Շուշի-Քարին Տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում։ Այն այդպես փակված մնաց մինչև Արցախի բնակչության էթնիկ զտումը՝ սեպտեմբերի վերջին օրերը։
Շրջափակման ժամանակ Երևանից տարբեր մեթոդներով, այդ թվում՝ ռուս սահմանապահների միջոցով, կենդանասերները կեր էին ուղարկում Ստեփանակերտ, երբեմն այդ կերը չէր հասնում։
«Երբ կերը սկսեց պակասել, միս էի գնում, հետո միսն էլ վերջացավ, միայն ոչխարի միս էր մնացել, որովհետև գյուղերում սկսել էին կենդանիներին մորթել․ արդեն հասկանում էին՝ ինչ է բոլորիս սպասվում։ Ես եկա, կատուներիս հետ լուրջ խոսեցի, ասացի՝ «Սիրելի՛ կատուներ, պիտի անցնենք ոչխարի մսի»։ Այդպես մի կերպ կերակրեցի նրանց, բայց տեսնում էի, թե ինչպես են մարդիկ մեծ շներին բաց թողնում, որովհետև կերակրելու ոչինչ չկար, ու նրանք թափառական էին դառնում»,- պատմում է Նունեն։
Կամուրջն ու շունը, որն այդպես էլ չանցավ այն
Բլոկադային ու սովին փոխարինելու եկավ տեղահանումը։ Սուրեն Առուշանյանը Գորիսում է ապրում։ Նա Արցախում պահում էր չինական շպից։
«Յոթ տարի։ Ինքներս ենք խնամել, պահել, անասնաբույժի տարել, սրսկումներն արել։ Անձնագրով շուն էր, անձնագրով անունը Մաքսիմիլիան էր, բայց մենք «Մաքսիկ» էինք ասում»,- հիշում է Սուրենը։
Պատերազմի ժամանակ Սուրենին ռազմաճակատ ճանապարհողներից մեկն էլ նրա շունն էր։ Այդ օրվանից սկսած՝ Ստեփանակերտում շատերն են տեսել, թե ինչպես են շները խմբերով հավաքվում Ստեփանակերտի «Երկրապահ» կամավորականների միության դիմաց կամ այլ վայրերում, որտեղից իրենց տերերն ավտոբուսներով գնացել են ռազմաճակատ․ այդպես էլ Մաքսիկն էր, մինչև Սուրենի՝ տուն վերադառնալը։
«Ես մեկնեցի ռազմաճակատ և երկար ժամանակ նրան չէի տեսել։ Երբ տուն եկա, այնպես էր փաթաթվել ինձ, անընդհատ լիզում էր, թռչկոտում, շատ էր ուրախացել։ Բնականաբար, ես էլ էի ուրախացել»,- հիշում է Սուրենը։

Արցախի տեղահանության օրն էլ Մաքսիկը եկավ, որ ճանապարհի նրանց։ «Մենք ավտոբուսներով դուրս եկանք՝ այն վերջին 30 ավտոբուսներով։ Մինչև այդ երբեք առանց թոկի դուրս չէի հանում, բայց այդ օրն առանց թոկի եկավ մեր հետևից, մոտ մի կիլոմետր ճանապարհ անցավ ու հասավ հրապարակ։ Այնտեղ ես չոքեցի, նրանից ներողություն խնդրեցի, որ չեմ կարողանում ինձ հետ վերցնել։ Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում»,- հիշում է Սուրենը։
Ավտոբուսներով տեղահանելիս մարդկանց թույլ չէին տալիս ընտանի կենդանիներին տանել, քանի որ մարդկանց համար էլ տեղ չկար նստելու։
«Ավտոբուսի մեջ լիքը ծերեր էին, մարդիկ իրար վրա, իրերի վրա նստած դուրս էին գալիս։ Մարդիկ տեղ չունեին նստելու։ Թե՛ մարդկային առումով, թե՛ օրենքով՝ գերագույն արժեքը մարդու կյանքն է։ Այդ իրավիճակում մարդկանց թողնել ու շուն տանելը մի քիչ սիրուն չէր լինի»,- ասում է Սուրենը, որը պարբերաբար գնում է Հակարի կամրջի մոտ՝ տեսնելու՝ միգուցե Մաքսիկը այն փորձում է անցնել։
Նունե Առաքելյանի որդին, իր տարեց մայրն ու մի տարեց միայնակ կին տեղահանվեցին իրենց փոքրիկ ու հին մեքենայով։ Նունեն իր հետ վերցրեց մի քանի նկար ու հագուստ։
«Շատ մարդիկ իրենց փաստաթղթերը վառում էին, հատկապես զինվորականները՝ վախենալով, որ ադրբեջանական կողմը նրանց կձերբակալի։ Ես որդուս որևէ փաստաթուղթ չեմ վառել, պահել եմ կատուների տեղափոխման զամբյուղում։ Ողջ ճանապարհին կատուները վախից կուչ էին եկել շորի տակ։ Պատկերացնո՞ւմ եք՝ համարյա երկու օր ոչ մի անգամ չմիզեցին, ոչինչ չկերան, ուղղակի վախեցած, ապշած թառել էին, բայց իրենց շատ հանգիստ պահեցին»,- հիշում է Նունեն։


Երկու ճագար ու փչացող մեքենա
Ավետիս Ստեփանյանը 13 տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղահանվեց Արցախից։ Ստեփանակերտում՝ չորրորդ հարկի բնակարանում, նրանք երկու ճագար էին պահում։ Մեկին ընտանիքում «Զայա» էին ասում, մյուսին՝ «Սեռի»։ Սկզբում դրանք պարզապես ընտանի կենդանիներ էին, բայց շրջափակման ամիսներին դարձան ընտանիքի առօրյայի մի մասը։ Տեղահանության օրը, երբ ընտանիքը որոշում էր՝ ինչ վերցնել հետը, Ավետիսի մայրը՝ Էլենը, երկար չէր մտածել։ Ասում է՝ ճագարներին տանը թողնել չէր կարող։
Փոքր մեքենայի մեջ տեղավորել էին երեք երեխաներին, տարեց մորը, մի քանի անհրաժեշտ իր և երկու ճագարներին։ Ճանապարհին նրանց համար նաև ցորեն էին վերցրել, որ կարողանան կերակրել։ Ստեփանակերտից մինչև Հակարիի կամուրջ հասել են երեք օրում։
Երկար խցանումներից մեկի ժամանակ ճագարներից մեկը դուրս էր պրծել մեքենայից։







«Դուրս եկա, նայում եմ՝ մեքենայի տակ չկա։ Ման եմ գալիս, տեսնում եմ՝ մի աղջկա ձեռքին էր, սիրում էր։ Գնացի, ասացի՝ դա մերն է։ Սկզբում չէին հավատում։ Ասացի՝ եթե չեք հավատում, մյուս ճագարն էլ մեր մեքենայի մոտ է։ Եկան, տեսան, նոր հավատացին»,- հիշում է Ավետիսը։
Ճանապարհը ծանր էր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար։ Մեքենայի մեջ տեղ գրեթե չկար, ու երբ մեքենան երկար կանգնած էր մնում, ճագարներին կարճ ժամանակով բաց էին թողնում, որ մի քիչ շարժվեն։
Էլենի համար այդ ճանապարհին ամենամեծ պատասխանատվությունը երեք երեխաներն ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մայրն էին։ Բայց ասում է՝ ճագարներին թողնել չէր կարող․ «Ինձ համար իրենք էլ շնչող էակներ են, իմ երեխաների նման են, ուղղակի լեզու չունեն, չեն կարողանում ասել։ Մեր տան ծաղիկն էլ էի ափսոսում։ Առանց այն էլ հորս, եղբորս, ամուսնուս գերեզմաններն ենք թողել այնտեղ։ Տան համար ոչինչ չեմ ասում, ամեն ինչ կթողնեի։ Կարևորներն եմ բերել՝ երեխաներիս ու երկու ճագարներին»։
Ճանապարհին մեքենան շարքից դուրս էր գալիս․ «Անընդհատ կանգնում էինք, անիվները ձեռքով փչում էինք, հետո նոր շարունակում ճանապարհը։ Գորիս հասնելիս մեքենան արդեն չէր գնում։ Սարքեցին, նոր գնաց։ Աստված է մեզ այնտեղից հանել»,- ասում է Էլենը։

Հայաստանում ընտանիքը երկար չկարողացավ ճագարներին պահել․ վարձով բնակարանում դա հնարավոր չէր։ Այսօր ընտանիքը շարունակում է ապրել վարձով բնակարանում։ Էլենը չի աշխատում, ասում է՝ պետական աջակցությամբ հազիվ են կարողանում վճարել տան վարձը։ Բայց եթե մի օր սեփական տուն ունենան, առաջին հերթին նորից կենդանիներ կպահեն։
«Հենց դրա համար եմ սեփական տուն ուզում, որ ճագարներ պահեմ, թռչուններ պահեմ, հողի հետ աշխատեմ»,- ասում է նա։ Տուն արդեն գտել են, մնում է վերանորոգեն։
Գանձասարից Սևան՝ ձիով
Սպիտակ ձին 66-ամյա Գրիշա Ասիրյանի ընտանի կենդանին է, ընկերը, տեղահանության ժամանակ՝ փրկությունը և ապրուստի միակ միջոցը։ Ամառային այս ժամանակահատվածում նրան կտեսնեք Սևանի թերակղզու եկեղեցական համալիրի՝ Սևանավանքի տարածքում։ Գրիշան իր ձիու վրա նստեցնում է երեխաներին, երգում ու պտտում նրանց, այս կերպ գումար վաստակում։ Նա միշտ իր հետ երկու դրոշ ունի՝ Հայաստանի և Արցախի։
«Եթե Սևանավանք եք եկել ու Գանձասարի Գրիշայի ձիու վրա չեք նկարվել, դուք Սևան չեք եկել։ Ղարաբաղցի, ղարաբաղցի, քո հետ ես տուն գնայի»,- Սևանավանքի բլրի վրա երգում է Գրիշան։
Լեռնային Ղարաբաղի Գանձասար վանական համալիրից մինչև Գորիս 140 կմ ճանապարհ է․ Գրիշան երեք օր ձիով այսքան ճանապարհ է կտրել։ Ասում է՝ ադրբեջանցիներն իրեն արագ բաց թողեցին, չստուգեցին․ «Ի՞նչ ունեի, որ մի հատ էլ պահեին կամ ստուգեին, ես էի՝ ձիուս վրա»,- հիշում է Գրիշան։
Ներկայում նա և իր ձին ապրում են Սևանավանքի հարևանությամբ՝ մի փոքր տարածքում։



«Շատերը նույնիսկ կապը չէին արձակել». ինչպես կենդանիները մնացին պատերազմի ու տեղահանության հետևում
Պատերազմը փոխում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների վարքը։ Օվսաննա Հովսեփյանը պատմում է՝ պայթյուններն ու կրակոցները կենդանիների վրա լուրջ ազդեցություն են ունենում։
«Մենք շատերի հետ ենք զրուցել, ում կենդանիները սթրեսից ու բարձր ձայներից ուղղակի տանից փախել են, ու տերերն այլևս չեն կարողացել գտնել նրանց, որպեսզի իրենց հետ բերեն»,- ասում է Օվսաննան։ Ըստ նրա, եթե կենդանին տեղափոխվում է իր տիրոջ հետ, միջավայրի փոփոխությունն ինքնին խնդիր չի դառնում։
Լեռնային Ղարաբաղից մարդիկ բերում էին նաև գյուղատնտեսական կենդանիներին։ Նրանցից շատերը, սակայն, չունենալով արոտավայր Հայաստանում, ստիպված մորթել կամ էժան գնով վաճառել են այդ կենդանիները։ Սա էթնիկ զտման հետևանքով առաջացած սոցիալական ու տնտեսական աղետի դրսևորումներից մեկն էր։
Ուկրաինական, վրացական ու մոլդովական փորձը․ երբ կենդանիներին փրկելն անվտանգության ու մարդկայնության մաս է դառնում
Պատերազմի ու զանգվածային տեղահանման պայմաններում ընտանի կենդանիների փրկության խնդրին լայնորեն բախվեցին նաև Ուկրաինայում՝ 2022 թվականի լայնամասշտաբ պատերազմի առաջին իսկ օրերից։ Միլիոնավոր ուկրաինացիներ, լքելով իրենց տները, փորձում էին փրկել նաև ընտանի կենդանիներին։
Երկրի պետական ու հասարակական համակարգերը ստիպված էին արագ արձագանքել։ Ուկրաինական երկաթուղին տարհանման գնացքների համար չեղարկեց կենդանիների տեղափոխման խիստ կանոնները․ մարդկանց թույլատրվում էր փոխադրել շներին, կատուներին և այլ կենդանիներին առանց հատուկ փաստաթղթերի, փոխադրամիջոցների կամ լրացուցիչ տոմսերի։ Եվրոպական միության սահմանակից երկրները նույնպես ժամանակավորապես պարզեցրին անասնաբուժական ու անձնագրային պահանջները՝ թույլ տալով փախստականներին սահմանն անցնել իրենց կենդանիների հետ։
Ուկրաինայում մեծ թափ ստացավ նաև կամավորական շարժումը։ UAnimals և Happy Paw կազմակերպությունները, հազարավոր կամավորների հետ միասին, ռազմական գործողությունների գոտիներից, ռմբակոծվող քաղաքներից ու լքված տարածքներից դուրս էին բերում հարյուրավոր անտեր մնացած կամ վիրավոր կենդանիների։ Ռազմաճակատում գտնվող զինվորները հաճախ իրենց խրամատներում պատսպարում ու կերակրում էին լքված շներին ու կատուներին՝ նրանց դարձնելով մարտական ընկերներ։
Ուկրաինայի փորձը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակներում կենդանիների պաշտպանությունը ոչ միայն էմոցիոնալ որոշում է, այլև պետական ու կամավորական կազմակերպված համակարգի անհրաժեշտություն։ Մարդիկ, որոնք պատերազմի արհավիրքի միջով անցնելիս չէին հրաժարվում իրենց կենդանիներից, աշխարհին ցույց տվեցին, որ մարդկայնությունը պահպանվում է նույնիսկ ամենադաժան պայմաններում։
2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Ցխինվալիի տարածաշրջանի և Գորիի շրջանի գյուղերից հազարավոր մարդիկ ստիպված եղան հրատապ լքել իրենց տները, շատերը չկարողացան իրենց հետ տանել ընտանի կենդանիներին։ Տասնյակ շներ ու կատուներ մնացել էին տների բակերում կապված կամ փակված։
Այդ օրերին վրացի կենդանապաշտպաններն ու կամավորները, վտանգելով սեփական կյանքը, մտնում էին լքված գյուղեր՝ անտեր մնացած կենդանիներին կերակրելու և անվտանգ տարածքներ տարհանելու համար։ Թբիլիսիի կենդանիների կացարանները լցվել էին պատերազմի գոտուց փրկված շներով, որոնցից շատերին տերերը հետագայում կարողացան գտնել։
Մոլդովայի դեպքն այլ էր և կապված է 2022-ին Ուկրաինայում սկսված լայնամասշտաբ պատերազմի հետ։ Մոլդովան դարձավ ուկրաինացի փախստականների համար փրկության առաջին կանգառներից մեկը, և սա այն եզակի դեպքերից էր, երբ տեղահանվողների հսկայական զանգվածը հրաժարվում էր լքել սեփական կենդանիներին։
Արձագանքելով իրավիճակին՝ Մոլդովայի իշխանությունները հենց առաջին օրերից որոշում կայացրին պարզեցնել ընթացակարգերը՝ ժամանակավորապես չեղարկելով սահմանը հատող կենդանիների համար անձնագրերի և վակցինացիայի պարտադիր խիստ պահանջները։
Սահմանային անցակետերում, մասնավորապես Պալանկայում, միջազգային կազմակերպությունները տեղադրեցին վրանային անասնաբուժարաններ։ Բժիշկները սթրեսի և հյուծման դեմ առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում կենդանիներին։












