Գլխավոր Լրահոս

8,000 դիմում և ձեռքով ստուգում. առողջության ապահովագրավճարների վերադարձը ձգձգվում է

8,000 դիմում և ձեռքով ստուգում. առողջության ապահովագրավճարների վերադարձը ձգձգվում է

Գևորգ Թոսունյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում քաղաքացիներին հասանելիք ապահովագրավճարների վերադարձը ձգձգվում է։ Թեև օրենքով գումարները պետք է վերադարձվեն դիմումից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հիմնադրամը խոստովանում է՝ սահմանված ժամկետները չեն պահպանում։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքով հետվճարից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ունեն վճարման մի քանի աղբյուր։ Օրինակ՝ նրանք, ովքեր միաժամանակ աշխատում են մի քանի վայրում կամ աշխատում են որևէ կազմակերպությունում և ունեն անհատ ձեռնարկատիրություն։ Գումարի վերադարձի իրավունք ունեն նաև պետության կողմից ֆինանսավորվող արտոնյալ խմբերում ընդգրկված անձինք։

Օրենքի համաձայն՝ հարկային մարմնի կողմից հիմնադրամին վճարումների մասին տեղեկություն փոխանցվելուց հետո գումարը պետք է վերադարձվի քաղաքացու ներկայացրած մեկանգամյա էլեկտրոնային դիմումի հիման վրա՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Այս պահին, սակայն, գործընթացը չի համապատասխանում օրենքով սահմանված ժամկետներին։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրեն Հայկ Բաբայանն ընդունեց, որ հետվճարների գործընթացը դանդաղում է։

«Վերադարձների խնդիրը բավականին լուրջ է և, ցավոք, դանդաղ է լուծվում։ Մենք սպասում էինք, որ տարվա առաջին կեսին կկարողանանք լուծել, բայց համակարգը բավականին բարդ է, տարբեր համակարգերի համադրման խնդիր ունենք»,- ասաց Բաբայանը։

«Քաղաքացիների գումարները վերադարձնելը մեր պարտականությունն է։ Անկախ ժամկետներից՝ այդ պարտավորությունը մենք ունենք։ Հիմնադրամը որևէ շահագրգռվածություն չունի այդ գումարները պահելու կամ օգտագործելու, քանի որ խոսքը համեմատաբար փոքր գումարների մասին է՝ ապահովագրական ծախսերի համեմատ»,- նշեց նա։

10,000 դիմում, բայց դեռ՝ ձեռքով ստուգումներ

Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը համակարգերի չավտոմատացված աշխատանքն է։

«Այս պահին փոխանցումները դեռ ձեռքով ենք ստուգում, ինչը ֆինանսական տեսանկյունից գրեթե անընդունելի է։ Այս պահին ունենք մոտ 10,000 դիմում»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այդ դիմումների մի մասը նույն քաղաքացիների կրկնվող դիմումներն են, և իրականում խոսքը մոտ 8,000 անհատական դիմումի մասին է։

«Մենք մեկ անգամ փորձել ենք այդ գործընթացը ձեռքով մշակել և հասկացել ենք, որ այն շատ բարդ է։ Ցանկալի լուծումը կլինի Արմեդ համակարգի և հարկային համակարգի հետ համադրումը, որպեսզի ավտոմատ կարողանանք ստանալ տվյալները, հաշվարկել տարբերությունները և իրականացնել փոխանցումները»,- նշեց նա։

Խոստանում են վճարումները կատարել մինչև տարեվերջ

Չնայած օրենքով սահմանված ժամկետների խախտմանը՝ հիմնադրամից նշում են, որ փորձում են կուտակված վճարումները փակել մինչև տարվա վերջ։

«Հուսով ենք՝ մինչև տարեվերջ կկարողանանք իրականացնել վճարումները՝ անկախ նրանից՝ գործընթացը ձեռքով կլինի, թե ոչ։ Տարվա ավարտին կփորձենք փակել առնվազն 11 ամսվա վճարումները»,- ասաց Բաբայանը։

Նա հայտնեց, որ երկարաժամկետ լուծումը համակարգի ամբողջական ավտոմատացումն է․ «Հաջորդ տարվա սկզբին արդեն կունենանք լուծում, և վճարումները կիրականացվեն ամեն ամիս, ինչպես կենսաթոշակային համակարգում է»։

Քաղաքացիները չեն կարող առցանց հետևել դիմումների ընթացքին

Ներկայում քաղաքացիների համար չկա առցանց հստակ համակարգ, որով նրանք կարող են տեսնել իրենց դիմումի ընթացքը։ Բաբայանն առաջարկեց զանգել ու այդկերպ տեղեկատվություն ստանալ։ 

Նրա խոսքով՝ քաղաքացիների դիմումներում նաև հայտնաբերվել են բազմաթիվ տեխնիկական սխալներ։

«Եղել են դեպքեր, երբ տվյալների մուտքագրումը ճիշտ չի կատարվել, կազմակերպությունները ճիշտ չեն վճարել կամ քաղաքացիները տեղեկացված չեն եղել, որ իրենց տվյալներում խնդիր կա»,- նշեց նա։

Օրինակ՝ որոշ ԱՁ ներկայացուցիչներ լրացրել են ոչ թե իրենց անձնական, այլ կազմակերպության հաշվեհամարը, ինչի պատճառով վերադարձը հնարավոր չի եղել իրականացնել։ Նման դեպքերում Բաբայանը հորդորեց նոր դիմումներ չուղարկել, այլ սպասել էլեկտրոնային նամակին ու զանգով խնդիրը կարգավորել։

Քաղաքացիները պետք է շարունակեն վճարել

Հարցին, թե արդյոք քաղաքացիները և ԱՁ-ները պետք է շարունակեն վճարումները կատարել՝ սպասելով հետվճարին, Հայկ Բաբայանը դրական պատասխանեց։

«Կրկնակի վճարման համակարգը, ցավոք, չի վերացնում տարբեր աղբյուրներից վճարելու պարտավորությունը։ Սա հարկային համակարգի աշխատանքի տրամաբանությունն է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հետագայում նպատակն այն է, որ քաղաքացիներն այլևս դիմելու անհրաժեշտություն չունենան, սա, սակայն, երկարաժամկետ հեռանկարում է․ «Մենք կկարողանանք նույնականացնել քաղաքացիներին, ունենալ նրանց բանկային տվյալները և ավտոմատ փոխանցումներ իրականացնել»։

«Եթե վերցնում ենք մեր կանխատեսումներն ու Արմեդի տեղեկատվությունը, ապա կրկնակի վճարումները մի քանի անգամ ավելի պետք է լինեն, քան նույնականացված 8,000-ը։ Շատ քաղաքացիներ պարզապես չգիտեն, որ կարող են դիմել և վերադարձ ստանալ»,– ասաց Հայկ Բաբայանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է նաև, որ որոշ քաղաքացիներ մի քանի տարի անց ստանան կուտակված գումարները, ինչպես նախկինում եղել է կենսաթոշակային համակարգում։

Հիմնադրամում ակնկալում են, որ սեպտեմբերից կսկսեն կուտակված վճարումների գործընթացը և քաղաքացիներին նաև կտեղեկացնեն վերադարձված գումարների չափի մասին՝ էլեկտրոնային փոստով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում