Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում աքսորում գտնվող բլոգեր Ալամդար Բունյաթովը առերեսվել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։
Տեսագրված միջադեպը տարածվել է սոցիալական ցանցերում, իսկ իշխանամետ լրատվամիջոցները պնդում են, թե Բունյաթովը «սերտ կապեր ունի Իրանի հատուկ ծառայությունների հետ»։
Չնայած իշխանամետ լրատվամիջոցների այդ գնահատականներին՝ տեսանյութը լայն տարածում է գտել, և բազմաթիվ օգտատերեր իրենց աջակցությունն են հայտնել Բունյաթովին՝ նշելով, որ նրա փաստարկներն ու կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունը հիմնավոր էին։
Բունյաթովը «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամ է։
2015-ի նոյեմբերին Նարդարանում կազմակերպության դեմ իրականացված ոստիկանական հատուկ գործողությունից հետո նա ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Այդ ժամանակ իշխանությունները շարժման անդամներին մեղադրում էին իսլամական արմատականության մեջ։
Տե՛ս նաև՝ Հատուկ օպերացիա Ադրբեջանում՝ «իսլամական պետություն ստեղծել ծրագրողների դեմ»
Գործողության ընթացքում զոհվել էր վեց մարդ՝ չորս տեղացի բնակիչ և երկու ոստիկան։ Ավելի քան 100 մարդ ձերբակալվել էր, իսկ 44-ը դատապարտվել էին երկարաժամկետ ազատազրկման։
Ազատ արձակվելուց հետո Բունյաթովը տեղափոխվել է Գերմանիա։
Տեսանյութում երևում է, թե ինչպես Գերմանիայի կանցլերի նստավայրի մոտ սպասող Բունյաթովը նկատում է Հաջիևին և Բայրամովին ու դիմում նրանց՝ «Պարոն նախարար, ձեզ հարց ունեմ»։
Այնուհետև նա հիշեցնում է, որ ավելի քան մեկ ամիս առաջ մի խումբ ադրբեջանցիներ հացադուլ էին սկսել՝ բողոքելով անկախ կին լրագրողների և շիա մուսուլման կանանց ձերբակալությունների դեմ։
Լսելով նրա խոսքերը՝ Բայրամովն ասում է՝ «Անընդունելի է, որ ձեր անձնական կարծիքը ներկայացնում եք որպես ճշմարտություն»։ Նա նաև հերքում է, թե Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումներ են կիրառվում։
Ի պատասխան՝ Բունյաթովը հիշատակում է Amnesty International-ի հրապարակումները, որոնց համաձայն՝ ադրբեջանական բանտերում կին լրագրողների նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել։
Այդ պահին խոսակցությանը միանում է Հաջիևը՝ հարցնելով.
«Գիտե՞ք, թե ով է ֆինանսավորում Amnesty International-ը»։
Նա նաև հարցնում է Բունյաթովին, թե ինչ հիմքով է նա բնակվում Գերմանիայում։ Բլոգերը պատասխանում է, որ Նարդարանի դեպքերի պատճառով քաղաքական պատճառներով է արտագաղթել։
Դրանից հետո Հաջիևը հարցնում է՝ արդյոք նա գիտի, թե «որ երկիրն էր միջամտել Նարդարանի գործին»։
«Դուք կասեք՝ Իրանը»,- պատասխանում է Բունյաթովը։
Ադրբեջանը հաճախ թիրախավորում է հավատացյալ շիաներին և կրոնական ակտիվիստներին այն ժամանակ, երբ Իրանի հետ հարաբերությունները լարված են լինում։
Հաջիևն այնուհետև հայտարարում է, որ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամեն ինչից կարևոր են և ամենամեծ արժեքն են»։
Նրա խոսքով՝ Բունյաթովի նման մարդիկ փորձում են մարդկանց հիասթափեցնել։
Բունյաթովը կոչ է անում Հաջիևին չզրպարտել իրեն և մեղադրում երկու պաշտոնյաներին իր խոսքի ազատության իրավունքը խախտելու մեջ։
Նա նաև պնդում է, որ պետությունն իրեն պատկանող՝ Նարդարանում գտնվող 2,7 հեկտար հողատարածքը փոխանցել է Էմին Աղալարովին՝ Ալիևի նախկին փեսային և ադրբեջանցի-ռուս օլիգարխ Արաս Աղալարովի որդուն։
Ի պատասխան՝ Հաջիևը հարցնում է, թե ինչպես է Բունյաթովը ձեռք բերել այդ հողատարածքը։
«Ինչո՞ւ ոչ, եթե բարձրաստիճան պաշտոնյաները 100 հեկտար հողատարածք ունեն»,- պատասխանում է բլոգերը։
Դրանից հետո Բայրամովը հայտարարում է, որ Բունյաթովը որևէ ապացույց չունի իր մեղադրանքների համար։
Բլոգերը հակադարձում է, որ ապացույցներ ունի՝ ընդգծելով, որ Նարդարանի հատուկ գործողության ընթացքում կորցրել է երկու զարմիկի, իսկ ևս մեկը հաշմանդամ է դարձել։
Նա նաև ասում է, որ 2015-ից ի վեր իր տան դիմաց մշտապես ոստիկանական հենակետ է տեղակայված։ Բունյաթովը երկու պաշտոնյաներից հարցնում է, թե ինչու է Նարդարանում այդքան մեծ ոստիկանական ներկայություն պահպանվում։
Հաջիևը պատասխանում է, որ իրավապահ մարմինները «միջոցներ են ձեռնարկում Ադրբեջանի ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին, ինչպես նաև կառավարության դեմ ուղղված զինված խմբեր ձևավորելու փորձերին արձագանքելու համար»։
Այնուհետև Հաջիևն ու Բայրամովը սկսում են հեռանալ, սակայն Բունյաթովը հետևում է նրանց՝ հայտարարելով, որ նրանց պնդումները սուտ են։
Նա նաև ասում է, որ ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովն անձամբ իրեն ասել է, թե ծառայում է ոչ թե Ադրբեջանին, այլ Իլհամ Ալիևին։
Հաջիևը կանգ է առնում, շրջվում և ասում, որ Ալիևն է «ազատագրել Լեռնային Ղարաբաղը», ապա հարցնում է Բունյաթովին, թե արդյոք նա ծառայել է բանակում։
«Լեռնային Ղարաբաղն ազատագրել են աղքատ մարդկանց երեխաները, իսկ երբ ես բանակում էի ծառայում, Ալիևի որդին Լոնդոնում էր ապրում»,- պատասխանում է Բունյաթովը։
Բայրամովը հայտարարում է, որ Բունյաթովը «կարմիր գիծ է անցել» և քաղաքական խաղերի մեջ է ներքաշում իրեն ու Հաջիևին։ Այնուհետև նրանք նստում են ծառայողական մեքենան, իսկ Բունյաթովը նրանց հետևից բղավում է՝ «Մի օր արդարությունը կհաղթի»։
Նա նաև ավելացնում է, որ երկու պաշտոնյաները «պետք է ծառայեն ժողովրդին, ոչ թե իշխանությանը»։












