Գլխավոր Լրահոս

10,000 դրամի «պարգևից»` նախնական վճարում․ կեղծ աշխատանքի սխեման

10,000 դրամի «պարգևից»` նախնական վճարում․ կեղծ աշխատանքի սխեման

Սոցցանցերում կրկին տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում խոստանում են եկամուտ՝ պարզ առաջադրանքներ կատարելու դիմաց։ 

«Տանը՝ սուրճի կամ թեյի շուրջ, հեռախոսի էկրանին մի քանի պարզ առաջադրանք կատարելը կամ տեղեկատվության համակարգումը դառնում է հիանալի միջոց՝ օրվան նոր ռիթմ հաղորդելու և ընտանեկան բյուջեն ավելի կայուն դարձնելու համար»,- նշված է գրառման մեջ:

Գովազդային հրապարակումներին կցված են նաև լուսանկարներ։ Դրանցից մեկում, օրինակ, գրված է․ «Դուք ստացել եք 10,000 դրամ կանխիկ պարգև։ Կարող եք ստանալ հենց հիմա»։

Նույնաբովանդակ հրապարակումներ սոցցանցերում տարածվել էին նաև օրեր առաջ, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել էր։ Այս անգամ, սակայն, դրանք տարածվում են այլ ֆեյսբուքյան էջերի և նոր կայքերի միջոցով։ 

Սակայն հեշտությամբ գումար աշխատելու խոստումների փոխարեն օգտատերերը կարող են ոչ թե եկամուտ ստանալ, այլ կորցնել սեփական գումարը։

Նույն տեքստը՝ տարբեր կայքեր 

Գրառումներին կցված լուսանկարները գեներացված են արհեստական բանականության միջոցով։ Դա երևում է մի շարք ակնհայտ սխալներից․ օրինակ՝ «Հենց հիմա» արտահայտության փոխարեն գրված է «հենծ իվա», իսկ ներքևի հատվածում խեղաթյուրված են վճարային համակարգերի և բանկերի անուններն ու տարբերանշանները։ 

Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածվող գովազդային գրառումներից
Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածվող գովազդային գրառումներից

Իսկ գրառումներին կցված կայքերը առաջին հայացքից տարբեր են թվում, սակայն երկուսն էլ վերահղում են դեպի նույն՝ պատահական տառերի հաջորդականությամբ ndifq.[]top կայք։

Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածված գովազդային գրառումներից
Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածված գովազդային գրառումներից

Կայքում ներկայացված են իբր գումար ստացած օգտատերերի մեկնաբանություններ։ Սակայն «մեկնաբանությունների հեղինակների» լուսանկարները վերցված են համացանցից։ 

Էկրանապատկերը՝ գրառմանը կցված կայքից
Էկրանապատկերը՝ գրառմանը կցված կայքից

Կայքերն ուղղորդում են նույն տեղը

Կայք այցելելուց հետո օգտատիրոջը առաջարկվում է կապ հաստատել WhatsApp-ի միջոցով։ Նամակներին պատասխանում է Maya անունով օգտատերը։

Նույնաբովանդակ գրառումներին #CivilNetCheck-ն անդրադարձել էր օրեր առաջ։ Թեև դրանք ուղղորդում էին մեկ այլ կայք, սակայն WhatsApp-ով կապ հաստատելու դեպքում կրկին պատասխանում էր Maya անունով և նույն լուսանկարով օգտատերը։

Էկրանապատկերը՝ WhatsApp-ում նամակագրությունից
Էկրանապատկերը՝ WhatsApp-ում նամակագրությունից

Maya անունով օգտատիրոջը գրելուց հետո վերջինս ուղարկում է մեկ այլ օգտատիրոջ տելեգրամյան ալիքը՝ առաջարկելով հետագա հաղորդակցությունը շարունակել այնտեղ։ 

Տելեգրամյան ալիքում օգտատիրոջը մի քանի պարզ հարց են ուղղում, ապա ուղարկում են մեկ այլ կայքի հղում։ Կայքում առաջարկվում է իբր պարզ առաջադրանքներ կատարել՝ օրինակ՝ ընդունել հաճախորդների պատվերներ և դրա դիմաց ստանալ միջնորդավճար։ Սակայն հետագայում պարզվում է, որ «աշխատանքը» շարունակելու և գումար վաստակելու համար անհրաժեշտ է նախապես գումար ներդնել։

Էկրանապատկերը՝ WhatsApp-ում նամակագրությունից
Էկրանապատկերը՝ WhatsApp-ում նամակագրությունից

Նմանատիպ սխեմաների #CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է։ Դրանք սովորաբար սկսվում են սոցցանցերում տարածվող՝ հեշտ եկամուտ խոստացող գովազդներից։ Այնուհետև օգտատերերին տեղափոխում են WhatsApp կամ Telegram, իսկ հետագայում առաջարկում են նախապես գումար փոխանցել՝ իբր աշխատանքը սկսելու կամ եկամուտ ստանալու համար։ 

Որոշ դեպքերում նման հղումները կարող են ուղղորդել նաև ֆիշինգային կայքեր, որոնց միջոցով փորձ է արվում կորզել օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները։

Հետևաբար նման հարթակներում գրանցվելը, անձնական տվյալներ տրամադրելը կամ գումար փոխանցելը ռիսկեր է պարունակում։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում