Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) դիվերսիայի հոդվածով հետաքննություն է սկսել՝ հայտարարելով, որ արտերկրից ղեկավարվող ապատեղեկատվական արշավ է իրականացվել, որի նպատակն էր վնաս հասցնել Վրաստանի պետական շահերին։
Հետաքննությունը սկսվեց, երբ մի քանի օր շարունակ համացանցում ակտիվ քննարկվում էր ռուսաստանցի այցելուների թեման՝ Թելավիի հյուրանոցներից մեկում վրացի տղամարդու և ռուսախոս կանանց միջև միջադեպից հետո։
Միջադեպը սոցիալական ցանցերում առաջացրել էր իրարամերժ մեկնաբանություններ և նոր թափ տվել երկրում ռուս զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքի շուրջ քննարկումներին։
Տե՛ս նաև՝ Վրացի տղամարդու և ռուսախոս կանանց միջև բախումը քննարկումների ալիք է առաջացրել սոցցանցերում
Հետաքննության մասին հայտարարել է ՊԱԾ հակակոռուպցիոն գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն։ Նրա տվյալներով՝ քննությունը վերաբերում է արտերկրում գրանցված և կառավարվող կեղծ սոցիալական ցանցերի էջերի միջոցով Վրաստանի դեմ «վարկաբեկիչ տեղեկությունների» տարածմանը։
Գերատեսչության պնդմամբ՝ արշավի նպատակն էր վնասել Վրաստանի տնտեսական շահերին՝ ստեղծելով կեղծ տպավորություն, թե երկիրը դարձել է ռուս զբոսաշրջիկների համար վտանգավոր ուղղություն։
ՊԱԾ-ը հայտնել է, որ X հարթակի մի շարք կեղծ օգտահաշիվներ տարածել են պնդումներ, թե վրացիները ռուս զբոսաշրջիկներին թողնում են անտառներում կամ վրացական ռեստորաններում նրանց պատվիրած սնունդը դիտավորյալ աղտոտում են։
Գերատեսչության տվյալներով՝ նույն բովանդակությունն այնուհետև համակարգված կերպով տարածել է արտերկրում գրանցված, բազմամիլիոնանոց լսարան ունեցող առցանց լրատվամիջոցը, սակայն չի նշել լրատվամիջոցի անունը։
Քրեական գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով, որը վերաբերում է պետական ձեռնարկության կամ այլ կարևոր օբյեկտի բնականոն գործունեությանը միջամտելուն, այն վնասելուն կամ ոչնչացնելուն՝ Վրաստանի պետական շահերին սպառնալիք ստեղծելու նպատակով։
Հոդվածը նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ ներկայում իրականացվում են քննչական գործողություններ՝ պարզելու ենթադրյալ արշավի կազմակերպիչներին և մասնակիցներին, հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, տեղեկատվության տարածման մեթոդներն ու նպատակները։
«Արտաքին կամ ներքին ուժերի կողմից ղեկավարվող ցանկացած գործողություն, որն ուղղված է Վրաստանի ազգային շահերի ոտնահարմանը, պետական ինստիտուտների ապակայունացմանը, սահմանադրական կարգի խախտմանը կամ ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն, կստանա համապատասխան իրավական արձագանք»,- հայտարարել է ՊԱԾ-ը։
Վերջին տարիներին Ռուսաստանը դարձել է Վրաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների ամենամեծ աղբյուրը։
2025-ին Ռուսաստանից կատարված այցելությունների թիվը ռեկորդային էր՝ գրեթե 1,6 միլիոն։ Միևնույն ժամանակ, 2022-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը սկսվելուց հետո Վրաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը նույնպես զգալիորեն աճեց։












