Գլխավոր Լրահոս

Վրաստանում երկու շաբաթվա մեջ երրորդ հոսանքազրկումն է գրանցվել՝ առաջացնելով նոր հարցեր

Վրաստանում երկու շաբաթվա մեջ երրորդ հոսանքազրկումն է գրանցվել՝ առաջացնելով նոր հարցեր

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/ OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Օգոստոսի 5-ին Վրաստանում կրկին համատարած հոսանքազրկում է տեղի ունեցել՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երրորդը։

Վերջին հոսանքազրկումը տևել է մոտ մեկ ժամ։ Իշխանությունների խոսքով՝ դրա պատճառը եղել են երկրի խոշորագույն էլեկտրաէներգիա արտադրող Էնգուրի (Ինգուրի) հիդրոէլեկտրակայանում իրականացվող «պլանային փորձարկումների» ընթացքում թույլ տրված սխալները։ Փորձարկումները նպատակ ունեին պարզելու նախորդ հոսանքազրկումների պատճառները։

Հոսանքազրկումը սկսվել է երեկոյան՝ մոտ ժամը 20:00-ին, և կարճ ժամանակ անց դրա մասին հաղորդումներ են ստացվել երկրի տարբեր շրջաններից։

Սոցիալական ցանցերում արագ տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են մարդկանց ոտքով տարհանում Թբիլիսիի մետրոպոլիտենի թունելներից։ Հայտնվել են նաև տեղեկություններ վերելակներում մնացած մարդկանց, լուսացույցների անջատման հետևանքով տեղի ունեցած ավտովթարների և հոսանքազրկման այլ հետևանքների մասին։

Հոսանքազրկումներ են գրանցվել նաև Աբխազիայում, որի էլեկտրամատակարարումը մեծապես կախված է Ինգուրի ՀԷԿ-ից։

Մոտ մեկ ժամ անց էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Մինչ այդ Վրաստանի պետական էլեկտրահամակարգի կոմիտեի անդամ Գիորգի Փանգանին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ հոսանքազրկումը «պլանավորված» էր և կապված էր Ինգուրի ՀԷԿ-ում իրականացվող փորձարկումների հետ։

Փանգանիի խոսքով՝ իշխանությունները փորձում էին «բացահայտել և գնահատել համակարգի թույլ կողմերը», որոնք հանգեցրել էին հուլիսի 24-25-ի առաջին երկու համատարած հոսանքազրկումներին։

Տե՛ս նաև՝ Վրաստանում համատարած հոսանքազրկումները հետաքննվում են որպես հնարավոր դիվերսիա

Նրա գրառման մեկնաբանություններում օգտատերերը քննադատել են ինչպես Փանգանիին, այնպես էլ իշխանություններին՝ «պլանավորված» հոսանքազրկման մասին բնակչությանը նախապես չտեղեկացնելու համար։

Կարգավորող հանձնաժողովի նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ հուլիսի վերջին տեղի ունեցած առաջին երկու հոսանքազրկումների պատճառը «Իմերեթի» բարձրավոլտ հաղորդման գծում տեղի ունեցած վթարն էր։ Այդ մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան։

Հուլիսի վերջին առաջին հոսանքազրկումներից հետո Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ դեպքը քննվում է որպես հնարավոր դիվերսիա։

Սակայն չորեքշաբթի տեղի ունեցած նոր համազգային հոսանքազրկման ժամանակ գերատեսչությունը ուղիղ եթերով հհայտարարեց մեկ այլ հետաքննության մասին։

Խոսքը արտերկրից ղեկավարվող ապատեղեկատվական արշավի մասին է, որի նպատակն էր վնասել Վրաստանի տնտեսական շահերին՝ ստեղծելով կեղծ տպավորություն, թե երկիրը դարձել է ռուս զբոսաշրջիկների համար վտանգավոր ուղղություն։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում