Կադիրովի ավագ որդուն շնորհվել է «Չեչնիայի հերոսի» կոչում

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 20-ամյա որդի Ախմատ Կադիրովին շնորհվել է հանրապետության բարձրագույն պարգևը՝ «Չեչնիայի Հանրապետության հերոսի» կոչումը՝ Չեչնիային մատուցած «անձնական ծառայությունների» և «ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի» համար։ Նրա կրտսեր եղբայր Ադամ Կադիրովն արդեն երկու անգամ ստացել էր նույն կոչումը։
Կոչումը երիտասարդ Կադիրովին շնորհել է իր հայրը։ Ախմատ Կադիրովը 2024-ի մայիսից ղեկավարում է Չեչնիայի սպորտի նախարարությունը։ 2026-ի փետրվարին նա նաև նշանակվել է Չեչնիայի կառավարության նախագահի տեղակալ՝ կրթության ոլորտի պատասխանատվությամբ։
«Չեչնիայի Հանրապետության հերոսի» կոչումը համարվում է հանրապետության բարձրագույն պետական պարգևը։ Այն սահմանվել է 2022-ի նոյեմբերին։ Առաջին պարգևատրվածը եղել է հենց Ռամզան Կադիրովը, որին կոչումը շնորհվել էր նույն տարվա դեկտեմբերին։
Նոր կոչումը միայն վերջինն է այն բազմաթիվ պարգևներից, որոնք Ախմատ Կադիրովը ստացել է վերջին տարիներին։
2024-ի փետրվարին նրան շնորհվել էր Ախմատ Կադիրովի շքանշանը՝ Չեչնիայի բարձրագույն պարգևներից մեկը։ Այդ ժամանակ Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը հայտարարել էր, որ պարգևը տրվել է հանրապետությանը մատուցած «անձնական ծառայությունների», երիտասարդների հոգևոր, բարոյական և հայրենասիրական դաստիարակության ոլորտում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև հասարակական ու քաղաքական գործունեության համար։
Ախմատ Կադիրովի ստացած մյուս պարգևների թվում են Չեչնիայի խորհրդարանի «Դայմեխկան Սիի» («Հայրենիքի պատիվ») շքանշանը և «Իսլամին ծառայության համար» առաջին աստիճանի շքանշանը։
2025-ի ապրիլին նրան շնորհվել էր նաև Գրոզնիի պատվավոր քաղաքացու կոչում՝ սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ 2026-ի փետրվարին Կադիրովը ստացել էր Նիկոլայ Օզերովի անվան մեդալը՝ «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում առանձնահատուկ անձնական ծառայությունների ու ձեռքբերումների համար»։
2026-ի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ախմատ Կադիրովին շնորհել էր պատվոգիր՝ «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ունեցած ծառայությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։
Ախմատ Կադիրովը Չեչնիայի ղեկավարի առաջին մերձավոր ազգականը չէ, որին շնորհվել է «Չեչնիայի Հանրապետության հերոսի» կոչումը։
2023-ին Ռամզան Կադիրովը նույն կոչումը շնորհել էր իր՝ այն ժամանակ 15-ամյա որդուն՝ Ադամին։
Տե՛ս նաև՝ Ադամ Կադիրովին շնորհվել է «Չեչնիայի հերոս» կոչումը
2026-ի հունիսին Ադամ Կադիրովը երկրորդ անգամ էր ստացել «Չեչնիայի Հանրապետության հերոսի» կոչումը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել էր Ռամզան Կադիրովը։
Չեչնիայի իշխանությունների խոսքով՝ երկրորդ պարգևը նրան շնորհվել էր «պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ժողովրդին անձնուրաց ծառայելու», ինչպես նաև Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմին աջակցելու համար։
2025-ի հոկտեմբերին Ռամզան Կադիրովին նույնպես երկրորդ անգամ շնորհվել էր «Չեչնիայի հերոսի» կոչումը։
Նույն կոչումը շնորհվել է նաև Չեչնիայի ղեկավարի եղբորորդի Խամզատ Կադիրովին։
Ռամզան Կադիրովը նրան պարգևատրել էր 2023-ի նոյեմբերին, երբ Խամզատը 26 տարեկան էր։ Չեչեն պաշտոնյաները հայտարարել էին, որ պարգևը տրվել է տարբեր ոլորտներում նրա աշխատանքի համար և նրան բնութագրել էին որպես հանրապետության ղեկավարի «արժանի զինակից»։ Թե կոնկրետ որ ձեռքբերումների համար էր շնորհվել կոչումը, այդ ժամանակ հրապարակայնորեն չէր նշվել։
Կազմակերպություն











