Գլխավոր Լրահոս

Վրաստանում երեք անձի մեղադրանք է առաջադրվել 2024-ին Մելիայի վրա հարձակման գործով, այդ թվում՝ նրա երկու աջակիցների

Նիկա Մելիան

Նիկա Մելիան

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երեք անձի՝ 2024-ի օգոստոսին արևմտյան Վրաստանի Սամտրեդիա քաղաքում նախընտրական միջոցառման ժամանակ ընդդիմադիր «Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Մելիայի վրա հարձակման գործով։ Մեղադրյալների թվում են ենթադրյալ հարձակվողը և երկու անձ, որոնք հարձակման ժամանակ փորձել են պաշտպանել Մելիային։

Գլխավոր դատախազությունը կիրակի հայտնել է, որ երեքին էլ մեղադրանք է առաջադրվել նախընտրական քարոզարշավի միջոցառման ժամանակ բռնություն գործադրելու համար։ Այս արարքի համար նախատեսված է տուգանք կամ մինչև երկու տարվա ազատազրկում։

Ըստ քննության՝ 2024-ի օգոստոսին, «Ախալիի» Սամտրեդիայի տարածքային գրասենյակի բացման ժամանակ, ենթադրյալ հարձակվող Սուլխան-Սաբա Նիկոլաիշվիլին հարվածել է Մելիայի գլխին՝ նրան ֆիզիկական ցավ պատճառելով։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Մելիային ուղեկցող երկու անձ՝ Գաբրիել Կոբաիձեն և Ցոտնե Միրծխուլավան, ի պատասխան ֆիզիկական ուժ են կիրառել Նիկոլաիշվիլիի նկատմամբ՝ նրան պատճառելով ցավ և թեթև վնասվածքներ։

Տե՛ս նաև՝ Դատավորին վիրավորելու պատճառով վրացի ընդդիմադիր առաջնորդ Մելիան դատապարտվել է

Գերատեսչությունը հայտնել է, որ օրենքով սահմանված ժամկետում դատարան է դիմել երեք անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Մեղադրանքներն առաջադրվել են դեպքից գրեթե երկու տարի անց։ Միջադեպը տեղի էր ունեցել 2024-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։

Այդ ժամանակ Մելիան իր կուսակցության գրասենյակի բացման ժամանակ խոսում էր լրագրողների հետ, երբ մի երիտասարդ մոտեցել և հարձակվել էր նրա վրա։ Նույն օրը Ներքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ քննություն էր սկսել։

«Ախալիի» անդամ Միրծխուլավան TV Pirveli-ին տված մեկնաբանությունում քննադատել է իրեն մեղադրանք առաջադրելու դատախազության որոշումը՝ նշելով, որ իշխանություններից գրեթե երկու տարի է պահանջվել Մելիայի վրա հարձակված անձին բացահայտելու համար, մինչդեռ այժմ հետապնդվում են նաև հարձակմանը արձագանքած անձինք։

«Այս դեպքից երկու տարի է անցել, երկու տարի անց քննություն սկսվեց, և այսօր պարզվում է, որ այդ անձին նույնականացնելը հեշտ էր։ Սակայն այստեղ երկակի չափանիշ է կիրառվում, և քննությունը մեղադրում է ինձ»,- ասել է Միրծխուլավան։

Նա «Վրացական երազանքին» մեղադրել է իրավական գործընթացների միջոցով ընդդիմադիր գործիչներին վախեցնելու փորձի մեջ։

«Վրացական երազանքը» նման մեթոդներով փորձում է մեզ վախեցնել, շանտաժի ենթարկել և քաղաքական ծուղակների մեջ գցել, սակայն ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել այս պայքարը»,- ասել է նա։

«Ախալին» ևս դատապարտել է Միրծխուլավային և Կոբաիձեին առաջադրված մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

«Վրաստանի գլխավոր դատախազությունը, ամբողջովին ապօրինի կերպով, Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրել «Ախալի» կուսակցության անդամ Ցոտնե Միրծխուլավային և կուսակցության համանախագահի անվտանգության աշխատակից Գաբրիել Կոբաիձեին»,- հայտարարել է կուսակցությունը։

«Գործի անհեթեթությունն ընդգծվում է նրանով, որ 162-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը վերաբերում է նախընտրական միջոցառման ժամանակ բռնությանը, որն իրականացրել է «Վրացական երազանքի» ուղարկած հարձակվողը»,- հայտարարել է կուսակցությունը։

Կուսակցությունը Նիկոլաիշվիլիին անվանել է «տիտուշկա»՝ ուկրաինական ժարգոնային բառ, որով բնորոշում են քաղաքացիական հագուստով անձանց, որոնց օգտագործում են իշխանության քննադատների վրա հարձակվելու համար։ «Ախալիի» պնդմամբ՝ Նիկոլաիշվիլիին ուղարկել էր «Վրացական երազանքը», իսկ գրեթե երկու տարի անց գործին ընթացք տալու նպատակը քննադատական ձայները վախեցնելն ու լռեցնելն է։

«Տարիներ անց այս գործին ընթացք տալը ծառայում է քննադատող մարդկանց վախեցնելու և լռեցնելու նպատակին, ինչը, փաստորեն, չի աշխատում»,- հավելել է կուսակցությունը։

Մելիան, որն այժմ առանձին գործերով ազատազրկման պատիժ է կրում, 2026-ի հունիսին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կառավարման տարիներին ենթադրաբար կատարված հանցագործությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։

2025-ի նոյեմբերին նա նաև դատապարտվել է մեկ տարի վեց ամսվա ազատազրկման՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Մեղադրանքը կապված էր դատական նիստի ժամանակ դատավոր Իրակլի Շվանգիրաձեի վրա ջուր շփելու միջադեպի հետ։

2026-ի փետրվարին դատախազությունը Մելիային առանձին մեղադրանք է առաջադրել՝ 2025-ի նոյեմբերին կայացած դատական նիստի ժամանակ դատավոր Թոռնիկե Կոչկիանիին ենթադրաբար վիրավորելու համար։ Մելիայի փաստաբանը հերքել է մեղադրանքը։

Մելիան նաև մի քանի այլ ընդդիմադիր գործիչների հետ անցնում է ենթադրյալ դիվերսիայի գործով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում