Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրացական ընկերությունը հաստատել է, որ շուրջ 300 տոննա բենզին է ուղարկել Աբխազիա։ Մատակարարումն իրականացրած ընկերությունից հայտնել են, որ այն օրինական է եղել՝ Աբխազիայում գործունեություն ծավալելու իրենց թույլտվության շրջանակում։ Ավելի վաղ մատակարարումների մասին տեղեկությունները լայն քննարկումներ և հակասություններ էին առաջացրել Վրաստանում։ Ոմանք ենթադրում էին, որ վրացական բենզինը կարող էր օգտագործվել Աբխազիայում ռուս զինծառայողներին վառելիքով ապահովելու համար։
«Ազատություն» ռադիոկայանը օգոստոսի 13-ին հաղորդել է, որ բենզինը ներմուծել է Solidus ընկերությունը։ Աբխազիայում գործունեություն ծավալելու ընկերության թույլտվությունը երեք ամսով երկարաձգվել է Վրաստանի կառավարության որոշմամբ, որը վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է օգոստոսի 11-ին։
Ընկերության սեփականատեր Գիորգի Արվելաձեն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Solidus-ը բենզինն Ինգուրի կամրջով տեղափոխել է իր աբխազ գործընկերներին։ Նրա խոսքով՝ բենզինը հիմնականում նախատեսված էր Գալիի շրջանը սպասարկող բենզալցակայանների համար, որտեղ բնակչության մեծամասնությունը էթնիկ վրացիներ են։
«Եթե մենք սա չներմուծեինք, 40 հազար վրացի 20 լիտրանոց տարաներով կսկսեր գնալ Զուգդիդի։ Այդ պատճառով որոշվեց, որ ավելի լավ կլինի՝ ես այն ներմուծեմ իմ աբխազ ընկերների հետ»,- ասել է Արվելաձեն՝ նկատի ունենալով Գալիում բնակվող վրացիներին։
Նա հավելել է, որ Solidus-ը բենզինը գնել է Վրաստանում, ուր այն ներմուծվել էր Եվրոպայից։ Արվելաձեի խոսքով՝ իր ընկերությունը նախկինում Աբխազիա գյուղատնտեսական և սննդամթերք է մատակարարել, սակայն բենզին մատակարարել է առաջին անգամ։
«Ես աշխատում եմ աբխազ գործընկերների հետ։ Սա կամուրջ է վրացական և աբխազական բիզնեսի միջև»,- ասել է նա։
Գալիի բնակիչները ևս OC Media-ին հաստատել են բենզինի մատակարարումների մասին տեղեկությունը։
Ինգուրի կամուրջը՝ Աբխազիան Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի հետ կապող միակ անցակետը, օգոստոսի 11-ի առավոտյան մոտ երկու ժամով փակվել է երկու ուղղություններով։ Տեղի բնակիչները OC Media-ին հայտնել են, որ փակման ընթացքում բենզին էր տեղափոխվելու Աբխազիա։
Գալիի բնակիչները OC Media-ին հայտնել են, որ մեկ լիտր բենզինն այժմ շրջանում արժե 130-140 ռուբլի (1,60-1,80 դոլար), մինչդեռ նախկինում այն արժեր 80-95 ռուբլի (1-1,20 դոլար)։ Նրանց խոսքով՝ Աբխազիայի մյուս շրջաններում, այդ թվում՝ Օչամչիրայում, գները չեն փոխվել։
Solidus-ն ունի «հատուկ ձեռնարկության» կարգավիճակ, որը թույլ է տալիս ընկերություններին գործունեություն ծավալել հակամարտության գոտիներում։ Այդ կարգավիճակը տրամադրում է Վրաստանի եկամուտների ծառայությունը։
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ բենզինի մատակարարումը թույլատրելու համար առանձին իրավական ակտ ընդունելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ այն իրականացրել է «հատուկ ձեռնարկության» կարգավիճակ ունեցող ընկերություն։
Աբխազիայում գործունեություն ծավալելու Solidus-ի թույլտվությունն օգոստոսի 11-ին կառավարության որոշմամբ երկարաձգվել է երեք ամսով՝ նույն օրը, երբ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները հայտնել են մատակարարման մասին։
Գալիի բնակիչները OC Media-ին նաև հաստատել են, որ տեսել են Ինգուրի կամրջով բենզին տեղափոխող բեռնատար-ցիստեռն։
Ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը քննադատում են որոշումը
Որոշումը քննադատության է արժանացել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։
Տարբեր մեղադրանքներով ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս անդրադարձել է մատակարարմանը։ Ֆեյսբուքում Սաակաշվիլին պնդել է, որ բենզինն «իրականում ուղարկվում է Ռուսաստանի հարավային շրջաններ, որտեղ ուկրաինական հարվածների հետևանքով վառելիքի պակաս կա»։
«Վրացական երազանքի» պատգամավոր Ռատի Իոնաթամիշվիլին ասել է, որ մի քանի բեռնատար է ուղարկվել Աբխազիա, սակայն հերքել է պնդումները, թե բենզինը նախատեսված է եղել Ռուսաստանին մատակարարելու համար։
«Ռուսաստանում բենզինի տարեկան սպառումը գերազանցում է 200 միլիոն տոննան, իսկ բիզնեսի կողմից Աբխազիա ուղարկված բեռը 3000 տոննա է։ Դա Ռուսաստանի սպառման 0,001 տոկոսն է։ Ծիծաղելի չէ՞ խոսել այն մասին, որ այս մի քանի ցիստեռնները նախատեսված էին Ռուսաստանին մատակարարելու համար»,- ասել է Իոնաթամիշվիլին։
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սոցիալական արդարության կենտրոնի» ղեկավար Թամթա Միքելաձեն կոչ է արել ավելի թափանցիկ դարձնել մատակարարման հետ կապված գործընթացը։
Չորեքշաբթի սոցիալական ցանցերում Միքելաձեն գրել է, որ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման պայմաններում Աբխազիան կարող է Թբիլիսիի աջակցության կարիքն ունենալ, իսկ ներկայիս ճգնաժամը կարող է հակամարտության վերափոխման հնարավորություն ստեղծել։
«Ցանկացած քայլ, որը կարող է կարևոր լինել Աբխազիայի բնակչության համար, չպետք է ինքնաբերաբար համարվի Ռուսաստանին ձեռնտու քայլ»,- գրել է նա։
Միքելաձեի խոսքով՝ մարդասիրական կամ քաղաքացիական աջակցությունն ու Ռուսաստանի շահերի ամրապնդումը պարտադիր չէ, որ նույնը լինեն, սակայն թափանցիկության բացակայությունը կարող է ջնջել դրանց միջև սահմանը։
Նա նշել է, որ նման քայլերը հակամարտության վերափոխման հնարավորություն կարող են դառնալ միայն այն դեպքում, եթե ուղեկցվեն ավելի լայն քաղաքական ռազմավարությամբ՝ հավելելով, որ «Վրացական երազանքը» նման ռազմավարություն չի ներկայացրել։
Վառելիքի մատակարարումներն իրականացվում են Աբխազիայում բենզինի և դիզելային վառելիքի պակասի պայմաններում։
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում են տարածաշրջանի բենզալցակայանների մոտ գոյացած մեքենաների երկար հերթերը։ Վառելիքի պակասը կապվում է Ռուսաստանից բենզինի մատակարարումների խափանումների հետ, որոնք առաջացել են նավթավերամշակման գործարանների և վառելիքի պահեստարանների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով։
Տե՛ս նաև՝ Կոբախիձեի խոսքով՝ Աբխազիան բենզին է ստացել վրացական ընկերություններից
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












