Գլխավոր Լրահոս

Առողջության ապահովագրության համակարգը բացահայտում է նախկինում հետաձգված բուժման ծավալը

Առողջության ապահովագրության համակարգը բացահայտում է նախկինում հետաձգված բուժման ծավալը

Լիա Ավագյան

Հայաստանում այս տարվա սկզբից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում վարձու աշխատողների և անհատ ձեռներեցների՝ բուժծառայություններից օգտվելու ցուցանիշները սպասվածից բարձր են եղել։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամում դա բացատրում են նաև տարիներով հետաձգված առողջական խնդիրներով։

Հիմնադրամը 18-64 տարեկան վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի դեպքում կանխատեսել էր ավելի ցածր դիմելիություն՝ ենթադրելով, որ եկամուտ ունեցող քաղաքացիներն ավելի քիչ ֆինանսական խոչընդոտներ ունեն բժշկի դիմելու համար։

«Մենք կանխատեսել էինք ավելի փոքր դիմելիության ցուցանիշներ, բայց ի զարմանս մեզ պարզվեց, որ մենք էստեղ էլ ունենք թաքնված, էսպես հետաձգված առողջական խնդիրներ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք աշխատում և եկամուտ են ստանում, նախկինում ֆինանսական պատճառներով հետաձգել են բժշկի դիմելը։

«Նույնիսկ վարձու աշխատողները, եկամուտ ստացողները խուսափել են դիմել բժշկի։ Եվ ինչո՞վ է դա պայմանավորված եղել՝ հենց դրանով, որ նրանք դիմելու դեպքում պետք է ամբողջությամբ կատարեին այդ վճարը, իսկ հիմա նրանք ուղղակի ապահովագրավճար են վճարում ամսական կտրվածքով և կարող են հանգիստ դիմել այդ ծառայությունները ստանալու»,- ասել է Խարազյանը։

Առողջության համընդհանուր ապահովագրությունը Հայաստանում ներդրվել է 2026-ի հունվարից և նախատեսում է բնակչության տարբեր խմբերի փուլային ընդգրկում մինչև 2029-ը։

Խարազյանի խոսքով՝ առաջին կիսամյակում համակարգի ծախսերը կազմել են մոտ 120 մլրդ դրամ, իսկ հուլիսին նախատեսվել է ևս մոտ 20 մլրդ դրամի ֆինանսավորում։ Հիմնադրամը կանխատեսում է, որ ամբողջ տարվա ծախսերը կարող են կազմել մոտ 220 մլրդ դրամ։

Միաժամանակ հիմնադրամում ակնկալում են, որ արդեն համակարգում ընդգրկված քաղաքացիների շրջանում սկզբնական բարձր դիմելիությունը կարող է հետագայում որոշ չափով նվազել, քանի որ նախկինում կուտակված խնդիրների մի մասն արդեն բուժվել կամ հասցեագրվել է։

«Այն խնդիրները, որոնք որ առկա են մինչև համակարգի ներդրումը, դրանք մասնակիորեն կամ առնվազն 60-70 տոկոսով արդեն իրացվել են»,- ասել է Խարազյանը։

Հաջորդ փուլերում համակարգին կմիանան բնակչության նոր խմբեր։ Հիմնադրամի նախնական հաշվարկներով՝ նոր շահառուների թիվը կգերազանցի 400,000-ը։ 2027-ից նախատեսվում է նաև ապահովագրել արդեն ընդգրկված քաղաքացիների ընտանիքի անդամներին՝ համապատասխան պայմաններով։

Շեշտը՝ կանխարգելման վրա

Ապահովագրական համակարգի նպատակներից է նաև քաղաքացիներին խրախուսել հիվանդությունները հայտնաբերել վաղ փուլում՝ մինչև ավելի թանկ և բարդ բուժման անհրաժեշտություն առաջանալը։

«Մենք օրենքով ֆիքսել ենք, որ 2029 թվականից սկսած սքրինինգային հետազոտությունների անցնելը պարտադիր է լինելու փաթեթի ակտիվացման համար»,- ասել է Խարազյանը։

Ապահովագրական փաթեթում արդեն ներառված են մի շարք կանխարգելիչ հետազոտություններ։ Դրանց թվում են մարդու պապիլոմավիրուսի՝ HPV-ի թեստավորումը, մամոգրաֆիկ հետազոտությունները։ Հիմնադրամը պատրաստվում է սկսել նաև կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտությունները։

Խարազյանի խոսքով՝ միայն հիվանդության հայտնաբերումը բավարար չէ, և ապահովագրությունը պետք է ներառի նաև հետագա ախտորոշումն ու անհրաժեշտ բուժումը։

«Միայն սքրինինգով բացահայտելը դա դեռ ոչինչ չի տալիս։ Մենք պետք ա կենտրոնանանք նաև հետագայում էդ քաղաքացուն ամբողջությամբ ուղեկցելու»,- ասել է նա։

Հիմնադրամի նախնական տվյալներով՝ համակարգում դիմելիության հիմնական պատճառները համապատասխանում են Հայաստանում տարիներ շարունակ արձանագրված հիվանդությունների պատկերին։ Խոսքը հատկապես սիրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և ուռուցքաբանական հիվանդությունների մասին է։

Ապահովագրության ներդրման կարևոր նպատակներից է նաև քաղաքացիների՝ սեփական գրպանից կատարվող առողջապահական ծախսերի կրճատումը։ Խարազյանի խոսքով՝ մինչև 2025-ը քաղաքացիների ուղղակի վճարումները կազմում էին Հայաստանի առողջապահական ընդհանուր ծախսերի մինչև 80 տոկոսը։

«Հիմա՝ այս վեց-յոթ ամիսների ընթացքում համավճարները, որ մարդիկ իրենց գրպանից որոշակի վճարներ են կատարել, ընդամենը կազմում են 1,8 տոկոս, այսինքն՝ չեն գերազանցում 2 տոկոսը»,- ասել է Խարազյանը։

Նրա խոսքով՝ դեղորայքի դեպքում քաղաքացիների համավճարը ներկայում միջինը կազմում մոտ 6,5-7 տոկոս է։

Հիմնադրամը նախատեսում է մինչև հոկտեմբեր հրապարակել հաջորդ երեք տարիների համար ապահովագրավճարի և ընդհանուր բյուջեի նախնական հաշվարկները։ Խարազյանի խոսքով՝ 2027-ին ապահովագրավճարի բարձրացում այս պահին չի կանխատեսվում, սակայն հետագա տարիներին դրա չափը կարող է վերանայվել՝ կախված ծախսերից, գնաճից և համակարգում ընդգրկվող նոր խմբերից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում