Գլխավոր Լրահոս

Աբխազիա վառելիք ուղարկելու հետևանքով բենզին ներմուծող ընկերությունը դադարեցրել է մատակարարումները վրացական Solidus-ին

Repsol-ը բենզին է վաճառում Connect բենզալցակայանների ցանցի միջոցով

Repsol-ը բենզին է վաճառում Connect բենզալցակայանների ցանցի միջոցով

Լուսանկարը՝ Connect-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում բենզին ներմուծող Repsol ընկերությունը հայտարարել է, որ այլևս վառելիք չի վաճառի վրացական Solidus ընկերությանը, որը 400 տոննա բենզին է մատակարարել Աբխազիա։ Repsol-ը հաստատել է, որ այդ բենզինը տրամադրվել է իր պաշարներից, սակայն նշել է, որ որևէ ազդեցություն չի ունեցել այն բանի վրա, թե որտեղ է վառելիքը հետագայում վաճառվելու։ Հայտարարությունը հնչել է Solidus-ի կողմից Աբխազիա բենզինի մատակարարումների շուրջ աճող հակասությունների ֆոնին։

Օգոստոսի 15-ին Վրաստանում Connect բենզալցակայանների ցանցի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում Repsol-ը հայտնել է, որ Solidus-ը վճարել է բենզինի դիմաց և այն ստանում է փուլ առ փուլ։ Ընկերության խոսքով՝ Solidus-ի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել այն մասին, թե որտեղ է վերջնականապես վաճառվելու բենզինը։

«Թե Solidus ՍՊԸ-ն որտեղ կվաճառի գնված նավթամթերքը, մեզ հետ համաձայնեցված չէ և դուրս է մեր պատասխանատվության շրջանակից»,- հայտարարել է Repsol-ը։

Ընկերությունը հավելել է, որ մեծածախ և կորպորատիվ վաճառքի միջոցով նավթամթերք է մատակարարում ավելի քան 3000 վրացական ընկերությունների, և այդ գործարքներն իրականացվում են «Վրաստանի օրենսդրության և միջազգային կանոնակարգերի պահպանմամբ»։

Repsol-ը հայտնել է, որ Solidus-ին մատակարարումն իրականացվել է իր պայմանագրային պարտավորությունների շրջանակում, սակայն այլևս չի պատրաստվում ընկերությանը նավթամթերք մատակարարել։

Repsol-ը հիմնականում նավթամթերք է ներմուծում և վաճառում վրացական շուկայում։ Վրաստանում ընկերությունը Connect ցանցի ներքո շահագործում է ավելի քան 140 բենզալցակայան։

Հաստատումը հաջորդել է այս ամսվա սկզբին տարածված տեղեկություններին, որ Վրաստանի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքից բենզին է տեղափոխվել Աբխազիա։

Օգոստոսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ վրացական ընկերությունները բենզին են մատակարարել Աբխազիա՝ հավելելով, որ նման գործունեությունն իրականացվում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքի շրջանակում։

Տե՛ս նաև՝ Վրացական ընկերությունը հաստատել է, որ շուրջ 300 տոննա բենզին է մատակարարել Աբխազիա

Solidus-ի սեփականատերը հետագայում հայտնել էր, որ ևս 100 տոննա վառելիք է տեղափոխվել Աբխազիա, ինչի արդյունքում Վրաստանի վերահսկողության տակ տարածքից մատակարարված ընդհանուր ծավալը հասել է շուրջ 400 տոննայի։

Մատակարարումները հակասությունների պատճառ են դարձել երկու կողմերում։

Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվիստները քննադատում են մատակարարումները և հարց բարձրացնում, թե արդյոք Վրաստանի վերահսկողության տակ տարածքով տեղափոխված բենզինը կարող է ի վերջո օգտագործվել Աբխազիայում կամ դրա սահմաններից դուրս տեղակայված ռուսական ուժերի կողմից։

Միևնույն ժամանակ, վառելիքի պակասի պայմաններում Աբխազիայում բենզինի գները բարձրանում են։ Գալիի շրջանի մի քանի բնակիչներ OC Media-ին հայտնել են, որ արդեն դժվարությունների են բախվում բենզին ձեռք բերելու հարցում և հաճախ ստիպված են երկար հերթերում սպասել։

Օգոստոսի 15-ին Աբխազիայի էներգետիկայի նախարար Բատալ Մուշբան հայտարարել է, որ մեկ լիտր բենզինի գինը նախկին 80-95 ռուբլուց (0,95-1,10 դոլար) կբարձրանա մինչև 110 ռուբլի (1,40 դոլար)։

Նա նաև անդրադարձել է «այլընտրանքային ուղիներով գնված» բենզինին, սակայն կոնկրետ չի նշել Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքից մատակարարված վառելիքը։

Մուշբայի խոսքով՝ նավթամթերքի պակասի պայմաններում բենզինի մատակարարումների ապահովումն առաջնահերթություն է, իսկ այլընտրանքային ուղիներով ձեռք բերված վառելիքի ավելի բարձր արժեքն ազդում է վերջնական գնի վրա։

Նա նաև նշել է, որ ընկերությունները նավթամթերքը վաճառում են առանց շահույթի՝ նպատակ ունենալով ապահովել ներքին շուկայի բավարար մատակարարումը։

Վերջին տարիներին Աբխազիան պարբերաբար բախվում է բենզինի պակասի, քանի որ տեղի վառելիքի շուկան մեծապես կախված է Ռուսաստանից մատակարարումներից։ Վերջին շրջանում պակասը կրկին սրվել է, իսկ տեղական իշխանություններն ու գործարարները հայտնում են մատակարարումների ապահովման դժվարությունների և բենզինի գների աճի մասին։ Վառելիքի ներկայիս պակասը կապվում է Ռուսաստանից բենզինի մատակարարումների խափանումների հետ, որոնք առաջացել են նավթավերամշակման գործարանների և էներգետիկ այլ օբյեկտների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում