Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի կառավարությունն աճուրդով 35 միլիոն լարիով (13 միլիոն դոլար) վաճառել է Թբիլիսիի կենտրոնում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի նախկին տեղեկատվական կենտրոնի շենքը։ Երկու տեղեկատվական կենտրոններն էլ վերակազմավորվել և անցել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ։
Շենքը պետական սեփականություն էր և ունի մշակութային ժառանգության պահպանվող հուշարձանի կարգավիճակ։
Տեղեկատվական կենտրոնը հիմնադրվել էր 2005-ին՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասին տեղեկատվություն տարածելու նպատակով։ Դրա գործունեությունը դադարեցվել էր 2025-ի հունիսին, իսկ գործառույթները փոխանցվել էին Արտաքին գործերի նախարարությանը։
Շենքի մեկնարկային գինը եղել է 14 միլիոն լարի (5 միլիոն դոլար), սակայն այն ի վերջո վաճառվել է ավելի քան երկու անգամ բարձր գնով՝ Geotech Distribution ընկերության ղեկավար, գործարար Կախա-Կոբա Իվանովին։ Հաղորդվում է, որ Իվանովը սերտ կապեր ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Առայժմ պարզ չէ, թե նա ինչ է նախատեսում անել շենքի հետ։
Ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» դաշինքի անդամ Բեսիկ Դոնաձեն կենտրոնի փակումը և շենքի վաճառքն անվանել է «քաղաքական քայլ»՝ ուղղված երկիրն Արևմուտքից հեռացնելուն։ Նա նաև պնդել է, որ Իվանովը մոտ է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։
«Կառավարությունն այն վաճառելով ավելի շատ գումար կստանա, քան ծախսել է դրա վրա»,- ասել է Դոնաձեն։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Նիկա Չերքեզիշվիլին աճուրդն անվանել է Վրաստանի՝ ԵՄ ինտեգրման քաղաքականության խորհրդանշական փոփոխություն՝ նշելով, որ այն փոխարինվել է ֆինանսական և առևտրային շահերով։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Իվանովը առավելագույնը չորս տարի ունի՝ շենքում անձամբ կամ երրորդ կողմի միջոցով առևտրային կամ բիզնես գործունեություն սկսելու համար։ Տարածքը կարող է օգտագործվել որպես գրասենյակային տարածք, շահագործվել միջազգային հյուրանոցային ընկերության կողմից կամ ծառայել մանրածախ առևտրի և սննդի սպասարկման համար։ Բացառություն են առօրյա առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները։
Իվանովը պարտավոր է նաև շենքում առնվազն 5 միլիոն լարիի (2 միլիոն դոլար) ներդրում կատարել՝ առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)։ Նա պետք է նաև շենքի պահպանման և խնամքի մասին համաձայնագիր ստորագրի Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կամ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ։
Տե՛ս նաև՝ Վրացիների գրեթե կեսը կարծում է, որ երկիրը դեպի ԵՄ անդամակցություն սխալ ուղղությամբ է շարժվում












