Պաշտպանության նախարարությունում հերթական կադրային փոփոխությունն է տեղի ունեցել։ Սերյոժա Ստեփանյանն ազատվել է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2022-ի փետրվարին։
Համապատասխան որոշումն ընդունվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։ Ստեփանյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ վերջին օրերին բարձրացած քննարկումների ֆոնին։
Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի աճի հետ կապված Ռազմական ոստիկանությունում և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կադրային փոփոխություններ են լինելու։
«Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք»,– հայտարարել էր վարչապետը՝ նշելով, որ անհրաժեշտ է նաև վերլուծել, թե ինչու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները ցանկալի արդյունք չեն տալիս։
Փաշինյանի հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն ազատվեց պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվեց գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, որը 2023-ին նշանակվել էր ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանապետ, իսկ 2025-ի հունիսին սեփական դիմումի համաձայն ազատվել այդ պաշտոնից։
Այժմ պաշտոնանկ է արվել նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը՝ Սերյոժա Ստեփանյանը։
Կադրային փոփոխությունները տեղի են ունենում բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քննարկումների ակտիվացման պայմաններում։ ՊՆ-ի տվյալներով՝ 2026-ի ընթացքում գրանցվել է մահվան 11 դեպք, որից 6-ը, ըստ գերատեսչության, կապված են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերի հետ։
Քաղհասարակության ներկայացուցիչները, սակայն, ավելի բարձր թիվ են հրապարակում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026-ի առաջին ութ ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 31 դեպք։
Վերջին աղմկահարույց դեպքը գրանցվել է օգոստոսի 13-ին, երբ ՊՆ-ն հայտնել էր զորամասերից մեկի զինծառայող Գրիգոր Զաքարյանի դիակի հայտնաբերման մասին։ Զինծառայողը մահացել էր հրազենային վնասվածքից։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է։
Բանակում մահվան դեպքերի ֆոնին ՊՆ-ն նաև այլ միջոցառումներ է իրականացնում։ Այսօր նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերը գործուղվելու են հերթապահություն իրականացնող զորամասեր։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ նպատակը տեղում ծառայող սպաներին և զորքերում ծառայության կազմակերպմանը աջակցելն է։
Այսպիսով, Փաշինյանի հայտարարած կադրային փոփոխությունների շրջանակում արդեն փոխվել են Ռազմական ոստիկանության և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության ղեկավարները։












