Գլխավոր Լրահոս

Չնայած քննադատություններին՝ Վրաստանը կշարունակի Աբխազիա վառելիք ուղարկել

Չնայած քննադատություններին՝ Վրաստանը կշարունակի Աբխազիա վառելիք ուղարկել

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Առաջիկա օրերին Աբխազիա վառելիքի մատակարարումները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, քանի որ տարածաշրջանում դեռ պահպանվում է դեֆիցիտը, որը պայմանավորված է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումներով։ Օգոստոսի 18-ի ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչ այժմ Աբխազիա է մատակարարվել 680 տոննա բենզին։

Նա այս քայլը ներկայացրեց որպես մարդասիրական խնդիրը լուծելու և Աբխազիայի հետ վստահությունը վերականգնելու փորձ՝ մերժելով ընդդիմության քննադատությունը, թե մատակարարումները աջակցում են Ռուսաստանին։

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը համաձայնություն է տվել մատակարարումներին, երբ Աբխազիայից գնորդը դիմել է վրացական ընկերությանը։ Նա հավելել է, որ չգիտի, թե «կոնկրետ ում հետ են նրանք բանակցել»։

Վարչապետը պնդում է, որ կառավարության շարժառիթն առևտրային չէ։

«Մեզ համար այս ամենը վստահության վերականգնման մասին է»,- ասել է նա։ «Գումար աշխատելը մեր նպատակը չէր։ Բիզնեսի նպատակը կարող է գումար աշխատելը լինել, իսկ մեր նպատակը վստահության վերականգնումն է»։

Նա հավելել է, որ Աբխազիա բենզին մատակարարելու քաղաքական զգայունության պատճառով որոշումը համաձայնեցվել է կառավարության հետ և կրկին ընդգծել, որ մատակարարումներն իրականացվում են Վրաստանի «Օկուպացված տարածքների մասին» օրենքի շրջանակում։

Մատակարարումները որոշ շրջանակներում քննադատության են արժանացել այն մտավախությամբ, որ վառելիքը կարող է անուղղակիորեն մեղմել հենց Ռուսաստանի վառելիքային ճգնաժամը։ Ուկրաինայի՝ նավթավերամշակման գործարանների և նավթային այլ ենթակառուցվածքների դեմ հարվածների հետևանքով վառելիքի պակասը շարունակում է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի տարբեր հատվածներում։

Ճեպազրույցի ժամանակ Կոբախիձեն մատակարարումների դեմ քննադատությունն անվանել է «հիստերիկ արշավ» և հերքել այն պնդումները, թե Աբխազիա ուղարկվող վառելիքը կարող է որևէ նշանակալի դեր ունենալ Ռուսաստանի էներգետիկ կարիքների ապահովման հարցում։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանն իր վառելիքի ընդամենը 0,001 տոկոսն է մատակարարում Աբխազիային՝ հավելելով, որ «բացարձակապես ծիծաղելի է խոսել այն մասին, թե Աբխազիա մտնող բենզինով Ռուսաստանն է մատակարարվում»։

Կոբախիձեն նաև մերժել է պնդումները, թե բենզինը կարող է օգտագործվել Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազաները մատակարարելու համար։

«Նրանք երևի կարծում են, որ ռազմաբազաները անիվների վրա են և այս ու այն կողմ են շարժվում։ Բացարձակ անհեթեթություն է խոսել այն մասին, թե այս բենզինով ռազմաբազա է մատակարարվում։ Ցանկացած ռազմաբազա վառելիքի սեփական պաշարներն ունի, և այդ վառելիքը շատ հազվադեպ է օգտագործվում, քանի որ ռազմաբազան շարժական օբյեկտ չէ»,- ասել է Կոբախիձեն։

Նա նաև իր ընդդիմախոսներին մեղադրել է Աբխազիայի հետ վստահության վերականգնման գործընթացին դեմ լինելու մեջ։

«Մեր ընդդիմախոսներին դուր չի գալիս վստահության վերականգնման գործընթացը, և այս հիստերիան հենց դրա հետ է կապված»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք մատակարարումները դրական արձագանք են ստացել Աբխազիայում, Կոբախիձեն պատասխանել է, որ բենզինը ստացած մարդիկ գոհ են։

Նա նաև քննադատել է վրացի ընդդիմադիր գործիչներ Նիկա Գվարամիային և Գիորգի Բարամիձեին՝ վառելիքի մատակարարումները թույլ տալու համար կառավարությանը քննադատելու կապակցությամբ՝ նրանց դիրքորոշումը համեմատելով նախաձեռնությանը դեմ արտահայտվող աբխազների դիրքորոշման հետ։

«Ինձ համար բենզինի մատակարարման դեմ հիստերիկորեն հանդես եկող աբխազն ու Գվարամիան բացարձակապես նույնն են»,- ասել է Կոբախիձեն։

Նա նաև մատակարարումները ներկայացրել է որպես Աբխազիայում բնակվող մարդկանց նկատմամբ կառավարության ավելի լայն քաղաքականության մաս։

«Այնտեղ մեր բնակչությունն է ապրում։ Մեզ համար Աբխազիայի բնակչությունը մեր բնակչությունն է՝ և՛ վրացական, և՛ աբխազական մասը»,- ասել է նա։

Նախատեսվում են նոր մատակարարումներ

Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունն ակնկալում է բենզինի մատակարարումների շարունակություն։

«Երեկվա դրությամբ մատակարարվել էր մոտ 680 տոննա բենզին։ Սա մեծ ծավալ չէ, բայց բավարար է Աբխազիայում մարդասիրական խնդիրը լուծելու համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Աբխազիա լրացուցիչ բենզին կմատակարարվի, և հետագա մատակարարումները հնարավորություն կտան լրացնել առկա պակասը։

Միևնույն ժամանակ, վառելիքի պակասի պայմաններում Աբխազիայում բենզինի գները բարձրանում են։ Գալիի շրջանի մի քանի բնակիչներ OC Media-ին հայտնել են, որ արդեն դժվարությամբ են բենզին ձեռք բերում և հաճախ ստիպված են երկար հերթերում սպասել։

Օգոստոսի 15-ին Աբխազիայի էներգետիկայի նախարար Բատալ Մուշբան հայտարարել է, որ մեկ լիտր բենզինի գինը նախկին 80-95 ռուբլուց (0,95-1,10 դոլար) կբարձրանա մինչև 110 ռուբլի (1,40 դոլար)։

Վերջին տարիներին Աբխազիան պարբերաբար բախվում է բենզինի պակասի, քանի որ տեղի վառելիքի շուկան մեծապես կախված է Ռուսաստանից մատակարարումներից։ Վերջին շրջանում պակասը կրկին սրվել է, իսկ տեղական իշխանություններն ու գործարարները հայտնում են մատակարարումների ապահովման դժվարությունների և բենզինի գների աճի մասին։ Վառելիքի ներկայիս պակասը կապվում է Ռուսաստանից բենզինի մատակարարումների խափանումների հետ։ Դրանք առաջացել են նավթավերամշակման գործարանների և էներգետիկ այլ օբյեկտների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով։

Տե՛ս նաև՝ Վրացական ընկերությունը հաստատել է, որ շուրջ 300 տոննա բենզին է մատակարարել Աբխազիա

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում