Հայաստանի կառավարությունը մոտ 17 մլն դրամ կհատկացնի Գազայից երեխաների բուժման համար

Հայաստանի կառավարությունը 16,7 մլն դրամ կհատկացնի Գազայի հատվածից ծանր առողջական խնդիրներ ունեցող երեք երեխայի Հայաստան տեղափոխման և բուժման ծախսերը հոգալու համար: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստում։
Նախագծում ասվում է, որ Հայաստանում բուժում ստանալու համաձայնություն տված երեք երեխաները և նրանց ուղեկցող անձինք, ընդհանուր թվով վեց հոգի, Հայաստան կտեղափոխվեն Հորդանանի տարածքով։ Տարհանումը նախատեսվում է իրականացնել ցամաքային ճանապարհով Իսրայելի և Հորդանանի սահմանի «Ալենբի» անցակետից մինչև Ամմանի միջազգային օդանավակայան, այնուհետև օդային ճանապարհով՝ Ամման-Երևան կանոնավոր չվերթով։ Գործընթացը պատշաճ կազմակերպելու համար նախատեսվում է «Ալենբի» անցակետ գործուղել երկհոգանոց բժշկական առաքելություն։
Հատկացվող գումարից 12,5 մլն դրամը կուղղվի երեխաների բուժօգնության կազմակերպմանը Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում։ Մասնավորապես, առաջնային հիպերօքսալուրիա ախտորոշմամբ և լյարդի ու երիկամի փոխպատվաստում անցած առաջին պացիենտի հետազոտություններն ու հսկողությունը կիրականացվեն «Արաբկիր» բժշկական համալիրում, իսկ սրտի բնածին արատներ ունեցող մյուս երկու պացիենտների վիրահատական և ինտերվենցիոն միջամտությունները՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։
Մնացած միջոցները կբաշխվեն տրանսպորտային, ավիատոմսերի, գիշերակացի և գործուղման ծախսերի փոխհատուցման համար։ Ֆինանսական փոխանցումները կատարվելու են փաստացի կատարված ծախսերի հիման վրա, և չօգտագործված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։
Հասանելի է
english










