«Աշխատանք տնից»․ սոցցանցերում ակտիվացել են հեշտ եկամուտ խոստացող կասկածելի էջերը

Տարբեր անվանումներով մի շարք ֆեյսբուքյան էջեր ակտիվորեն տարածում են գովազդային գրառումներ։
Գրառումների տեքստերն ու կցված լուսանկարները նույնաբովանդակ են։ Դրանցում առաջարկվում է հեշտությամբ գումար վաստակել՝ պարզ առաջադրանքներ կատարելու դիմաց։
«Աշխատանք տանից՝ ազատ գրաֆիկով։ 2000-3500 դրամ՝ յուրաքանչյուր կատարված առաջադրանքի համար»,- նշված է գրառման մեջ
Նույն էջի մեկ այլ գրառմամբ առաջարկվում է աշխատել առանց ղեկավարի՝ ցանկացած հարմար ժամի։
«Ստացիր 21 օրվա համար 50,000-150,000 դրամ աշխատավարձ։ Եկամուտներն աճում են»,- նշված է նույն էջի մեկ այլ գրառման մեջ։
Սակայն հեշտ և արագ եկամուտ խոստացող նման առաջարկները կարող են ոչ թե եկամուտ ապահովել, այլ հանգեցնել գումարի կորստի։

Կասկածելի էջեր՝ պատահական տառերի և թվերի համադրությամբ անվանումներով
Գրառումները տարածող ֆեյսբուքյան էջերը որևէ այլ ակտիվություն չունեն՝ բացի գովազդով տարածված եկամուտ խոստացող գրառումներից։ Էջերի անվանումները պատահական տառերի համադրություններ են, իսկ հետևորդների թիվը՝ փոքր։ Ինչը կարող է վկայել, որ էջերը ստեղծվել են բացառապես եկամուտ խոստացող գովազդային գրառումներ տարածելու նպատակով։

Բոլոր գրառումների տեքստերը նույնն են։ Մասնավորապես, դրանցում նշված է․ «Նույնիսկ եթե ամեն օր մի փոքր կատարելագործվեք, ժամանակը ձեզ կպարգևատրի ամենահարուստ բարդ տոկոսներով ապագայում»։
Տեքստը, սակայն, մեծ հավանականությամբ գեներացվել է արհեստական բանականության միջոցով, քանի որ այն չի համապատասխանում գրառմանը կցված տեսանյութի բովանդակությանը և անբնական է հնչում։
Միևնույն ժամանակ, բոլոր էջերում նշված է նույն հղումը։ Հղումը տանում է kq7y6 [.]top հասցեով կայք, որի անվանումը նույնպես պատահական տառերի և թվերի համադրություն է։
.top վերջավորությամբ դոմեյնները, որպես կանոն, ավելի մատչելի են, քան .com, .am և այլ տարածված դոմեյնները։ Այդ պատճառով զեղծարարները հաճախ ընտրում են նման դոմեյններ, դրանք օգտագործում կարճ ժամանակով, ապա իրենց նպատակին հասնելուց հետո փակում կայքերը։
Կայքի արտաքին ձևավորումն ու բովանդակությունը նույնությամբ կրկնում են նախկինում հեշտությամբ գումար աշխատելու հնարավորություն խոստացող ֆեյսբուքյան էջերի գրառումներին կից կայքերի արտաքին ձևավորումն ու բովանդակությունը։
Նմանատիպ գրառումներին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։ Թեև նախկինում #CivilNetCheck-ի ստուգած գրառումների բովանդակությունը փոքր-ինչ տարբերվում էր, դրանք նույնպես հեշտությամբ եկամուտ ստանալու հնարավորություն էին խոստանում, իսկ կցված հղումները տանում էին նույն արտաքին ձևավորմամբ և բովանդակությամբ կայքեր։

Հիմնական ռիսկերը․ գումարի և տվյալների կորուստ
Առցանց աշխատանքին դիմելու համար օգտատերը պետք է անցնի կցված հղումով։ Այնուհետև, սեղմելով «Սկսի՛ր հիմա» կոճակը, նա տեղափոխվում է WhatsApp հավելված։ Այստեղ նամակագրության ընթացքում պարզվում է, որ աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է այցելել մեկ այլ կայք, գրանցվել և ուղարկել գրանցումը հաստատող էկրանապատկերը։
Դրանից հետո օգտատիրոջը փոխանցվում է Telegram-ի օգտահաշվի հղում, և առաջարկվում է հետագա հաղորդակցությունը շարունակել այնտեղ։
Բոլոր դեպքերում կրկնվում է նույն սխեման․ տարբեր սոցիալական ցանցերի և կայքերի միջոցով օգտատիրոջը ուղղորդելուց հետո պարզվում է, որ աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է նախապես գումար ներդնել։
Նման կայքերում ներդրում կատարելը, սակայն, ռիսկային է․ երաշխիք չկա, որ օգտատերը կստանա խոստացված աշխատանքը, եկամուտ կստանա կամ կկարողանա վերադարձնել փոխանցված գումարը։ Բացի այդ, դրանք կարող են ուղղորդել դեպի ֆիշինգային կայքեր՝ անձնական կամ ֆինանսական տվյալներ կորզելու նպատակով։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










