Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-Վրաստան կասեցված գործընկերության պայմաններում Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ-ի հարցով հավատարմատարին

Իրակլի Կոբախիձեն օգոստոսի 26-ին Թբիլիսիում հանդիպել է Էմի Դիասին

Իրակլի Կոբախիձեն օգոստոսի 26-ին Թբիլիսիում հանդիպել է Էմի Դիասին

Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օգոստոսի 26-ին հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Դիասին։ Սա նրանց առաջին հանդիպումն էր հուլիսին Դիասի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։

Հանդիպումը տեղի է ունեցել կառավարության վարչակազմում։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները։

«Հանդիպման ընթացքում վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու մաքուր էջից՝ այն կառուցելով փոխադարձ ազգային շահերի վրա կենտրոնացած հստակ ճանապարհային քարտեզի հիման վրա»,- հայտնել է Վրաստանի կառավարությունը։

Դիասը 2026-ի հուլիսին դարձել է Վրաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա ԱՄՆ Պետդեպարտամենտում աշխատում է 2002-ից և նախկինում տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը։

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբին Դանիգանը 2025-ի հունիսին հայտարարել էր թոշակի անցնելու մասին և նույն տարվա հուլիսին հեռացել Վրաստանից։ Նա դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2023-ից։

Նրա՝ պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը հնչել էր ԱՄՆ-Վրաստան լարված հարաբերությունների ֆոնին՝ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց մի քանի ամիս անց։

ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները

Հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների արդեն մի քանի տարի շարունակվող վատթարացման պայմաններում։ Վաշինգտոնը 2024-ի նոյեմբերին կասեցրել էր ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության մեխանիզմը, երբ «Վրացական երազանքը» հայտարարեց, որ մինչև 2028-ը կասեցնում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը։

ԱՄՆ Պետդեպարտամենտն այն ժամանակ հայտարարել էր, որ «Վրացական երազանքի» գործողությունները խախտել են ռազմավարական գործընկերության հիմնարար սկզբունքները, և դատապարտել էր ցուցարարների նկատմամբ, իր ձևակերպմամբ, անհամաչափ ուժի կիրառումը։

ԱՄՆ-ը դեռ 2024-ին մի շարք միջոցներ էր ձեռնարկել Վրաստանի կառավարության դեմ, այդ թվում՝ կասեցրել ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը կառավարությանը և վիզային սահմանափակումներ սահմանել ժողովրդավարությունը խաթարելու մեջ մեղադրվող անձանց նկատմամբ։

2024-ի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի հետ կապված գործունեության դեմ ուղղված գործադիր հրամանի շրջանակում պատժամիջոցներ էր սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

«Վրացական երազանքի» ղեկավարները բազմիցս հայտարարել էին, որ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կհանգեցնի Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխության։ Սակայն Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները չեն չեղարկվել։

Վերջին ամիսներին «Վրացական երազանքի» ներկայացուցիչները նաև հանդիպումներ են ունեցել Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները այցելել են Վրաստան։

Վրաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը, մինչդեռ ԱՄՆ-ը կասեցված գործընկերության վերականգնման մասին չի հայտարարել։

Տե՛ս նաև՝ ԵՄ-ն մեկ տարով կասեցնում է Վրաստանի պաշտոնյաների առանց վիզայի մուտքը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում