Գլխավոր Լրահոս

«Ստացեք լրացուցիչ եկամուտ՝ SOUQ-ում պատվերներ կատարելով»․ ինչ է թաքնված առաջարկի հետևում

«Ստացեք լրացուցիչ եկամուտ՝ SOUQ-ում պատվերներ կատարելով»․ ինչ է թաքնված առաջարկի հետևում

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնցում առաջարկվում է «SOUQ հարթակում» պատվերներ կատարելու դիմաց եկամուտ ստանալ։ 

«Հիանալի հնարավորություն Հայաստանից։ Ստացեք լրացուցիչ եկամուտ՝ կատարելով պատվերներ SOUQ հարթակում։ Միացեք հիմա՝ տեղերը սահմանափակ են»,- նշված է գրառմանը կցված տեսանյութում։

Մինչդեռ գրառմանը կցված հղումը տանում է բոլորովին այլ հարթակ, որտեղ օգտատերը գումար աշխատելու փոխարեն կարող են ֆինանսական կորուստներ կրել։ 

Ի՞նչ է խոստանում գովազդը և ո՞ւր է տանում հղումը 

Գովազդային գրառումները տարածվում են Nltunkayi ֆեյսբուքյան էջի միջոցով, որի անվանումը որևէ հստակ իմաստ կամ նույնականացնող տեղեկություն չի պարունակում։ Էջը որևէ ակտիվություն չունի։ Այն ստեղծվել է 2026-ի օգոստոսի 18-ին և ունի ընդամենը 6 հետևորդ։ 

Էկրանապատկերը՝ գովազդային գրառումները տարածող ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ գովազդային գրառումները տարածող ֆեյսբուքյան էջից

Գովազդային գրառումների տեքստը նույնն է, փոխվում են միայն կից տեսանյութերը։ Օգոստոսի 31-ի դրությամբ էջում հրապարակված է եկամուտ խոստացող 19 նույնաբովանդակ գովազդ։ 

Էկրանապատկերը՝ գովազդային գրառումները տարածող ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ գովազդային գրառումները տարածող ֆեյսբուքյան էջից

Գրառման տեքստը, ըստ արհեստական բանականության կիրառումը հայտնաբերող գործիքների, մեծ հավանականությամբ գեներացվել է ԱԲ-ի միջոցով։ Տեքստը բնական հայերենով չէ և որևէ հստակ բովանդակային իմաստ չի արտահայտում։ 

Էկրանապատկերը՝ ԱԲ կիրառությունը հայտնաբերող հարթակից
Էկրանապատկերը՝ ԱԲ կիրառությունը հայտնաբերող հարթակից

Գրառմանը կցված տեսանյութերը հիմնականում վերցված են համացանցից, սակայն ներկայացված են փոփոխված ուղեկցող տեքստերով։ Օրինակ՝ դրանցից մեկը վերցված է Pinterest-ից, որտեղ այն հրապարակվել է այլ նկարագրությամբ։

Էկրանապատկերը՝ գրառմանը կցված տեսանյութից և նույն տեսանյութը, որը հրապարակվել է Pinteres-ում
Էկրանապատկերը՝ գրառմանը կցված տեսանյութից և նույն տեսանյութը, որը հրապարակվել է Pinteres-ում

Թեև գրառման մեջ նշված է, որ գումար հնարավոր է աշխատել SOUQ հարթակով։ Դրան կցված է բոլորովին այլ՝ ztm5e[.]top պատահական տառերի համադրությամբ կայք։ Հատկանշական է, որ այս կայքը ևս վերջերս է ստեղծվել է՝ օգոստոսի 26-ին։

Էկրանապատկերը՝ ztm5e[.]top կայքից
Էկրանապատկերը՝ ztm5e[.]top կայքից

Կայքում իբր մեկնաբանություններ թողած «աշխատակիցների» լուսանկարները վերցված են համացանցից։

.top վերջավորությամբ դոմեյնները, որպես կանոն, ավելի մատչելի են, քան .com, .am և այլ տարածված դոմեյնները։ Այդ պատճառով զեղծարարները հաճախ ընտրում են նման դոմեյններ, դրանք օգտագործում կարճ ժամանակով, ապա իրենց նպատակին հասնելուց հետո փակում կայքերը։

Էկրանապատկերը՝ գրառմանը կցված կայքից
Էկրանապատկերը՝ գրառմանը կցված կայքից

SOUQ-ի պատմությունը՝ Amazon-ից հետո 

SOUQ.com-ը արաբական աշխարհի ամենամեծ առցանց մանրածախ առևտրի հարթակներից էր։ 2017-ին ամերիկյան Amazon ընկերությունը գնել է հարթակը, իսկ 2019-ին Արաբական Միացյալ Էմիրություններում գործարկվեց նոր կայք՝ Amazon.ae։

Ներկայում SOUQ.com-ի հասցեն վերահասցեագրում է օգտատիրոջը Amazon.ae կայք։ Արաբական մյուս երկրներում՝ Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում, SOUQ-ի կայքերը նույնպես հետագայում վերանվանվել են։ 2020-ին Սաուդյան Արաբիայում կայքը դարձել է Amazon.sa, իսկ 2021-ին Եգիպտոսում՝ Amazon.eg։

Այսինքն՝ ներկայում SOUQ անունով հարթակ չի գործում, որը հնարավորություն կտար գումար աշխատել։ 

Գումար աշխատելու առաջարկից՝ գումար ներդնելու պահանջ 

Վերջերս կրկին ակտիվացել են պարզ առաջադրանքներ կատարելով եկամուտ ստանալու առաջարկները։ #CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է նմանատիպ գրառումներին։ Թեև դրանց տեքստերը փոքր-ինչ տարբերվել են, բոլոր դեպքերում խոստացվել է հեշտ եկամուտ, իսկ կից հղումները տարել են նույն արտաքին տեսքով և բովանդակությամբ կայքեր։

«Աշխատանք տնից»․ սոցցանցերում ակտիվացել են հեշտ եկամուտ խոստացող կասկածելի էջերը

Հղմամբ անցնելուց հետո օգտատերը տեղափոխվում է WhatsApp, որտեղ նրան ուղղորդում են մեկ այլ կայք։ Այնտեղ անհրաժեշտ է գրանցվել և ուղարկել գրանցումը հաստատող էկրանապատկերը։ Դրանից հետո նրան փոխանցվում է Տելեգրամի օգտահաշվի հղում՝ հետագա հաղորդակցությունը շարունակելու համար։

Բոլոր դեպքերում կիրառվում է նույն սխեման․ օգտատիրոջը տարբեր սոցիալական ցանցերի և կայքերի միջոցով ուղղորդելուց հետո հայտնում են, որ «աշխատանքը» սկսելու համար անհրաժեշտ է նախապես գումար ներդնել։

Նման հարթակներում գումար ներդնելը կարող է ֆինանսական ռիսկեր պարունակել։ Օգտատերը որևէ երաշխիք չունի, որ կկարողանա եկամուտ ստանալ կամ հետ ստանալ փոխանցած գումարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում