Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսաստանցի ակտիվիստ, ցույցի ժամանակ ոստիկանական մեքենա վնասելու համար դատապարտված Դենիս Կուլանինը, որին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում էր շնորհել, շարունակում է մնալ Վրաստանի ՆԳՆ Միգրացիայի վարչությունում՝ մինչև նրա արտաքսման վերաբերյալ որոշման կայացումը։
Կուլանինը կառավարության դեմ ցույցերի ինը մասնակիցներից մեկն էր, որոնց Կավելաշվիլին ներում էր շնորհել օգոստոսի 28-ին՝ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ։ Բայց քանի որ Կուլանինն օտարերկրյա քաղաքացի է, նրան ազատ չեն արձակել, այլ տեղափոխել են Միգրացիայի վարչություն։
Կուլանինի փաստաբաններից Ցիալա Ռաթիանին OC Media-ին հայտնում է, որ օգոստոսի 31-ին այցելել է նրա գործով պատասխանատու աշխատակցին՝ փոխանցելու Կուլանինի անձնագիրն ու ինքնաթիռի նստեցման կտրոնը, որպեսզի նա հաջորդ օրը կարողանա հեռանալ Վրաստանից։ Սակայն նրան ասել են, որ Կուլանինը չի կարող կամավոր հեռանալ երկրից, քանի դեռ Թբիլիսիի քաղաքային դատարանը չի քննել նրա արտաքսման հարցը։ Գործով պատասխանատու աշխատակիցը չի վերցրել ո՛չ Կուլանինի նստեցման կտրոնը, ո՛չ ռուսական անձնագիրը։
Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Շչերբակովան որոշել էր, որ Կուլանինը պիտի մնա Միգրացիայի վարչության ժամանակավոր կացության կենտրոնում՝ մինչև Վրաստանից նրա արտաքսումը։
Տե՛ս նաև՝ Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 մարդու, այդ թվում՝ ինը ցուցարարի
Կիրակնօրյա նիստում Կուլանինի փաստաբանները ներկայացրել են ինքնաթիռի տոմս՝ որպես ապացույց, որ նա համաձայն է կամավոր հեռանալ Վրաստանից և մեկնել երրորդ երկիր։
«Ես հարցրեցի՝ նրան թույլ չեն տալու կամավոր հեռանալ։ Ասացին՝ ոչ։ Այս հայտարարությունը խախտում է Դենիս Կուլանինի՝ Վրաստանի տարածքը կամավոր լքելու իրավունքը։ Ավելին՝ սա հակասում է Միգրացիայի վարչության պրակտիկային, որը բոլորին թույլ է տալիս կամավոր հեռանալ Վրաստանից՝ առանց արտաքսման ընթացակարգի»,- ասել է Ռաթիանին։
Փաստաբանը հետագայում դիմում է ուղարկել Միգրացիայի վարչության տնօրեն Գուրամ Դավիթաշվիլիին՝ խնդրելով սեպտեմբերի 1-ին Կուլանինին տեղափոխել օդանավակայան։
«Մեր պրակտիկայում նման դեպք երբեք չենք ունեցել, և ինձ բավական զարմացնում է, որ նրան չեն թույլ տալիս կամավոր հեռանալ երկրից»,- ասել է նա։
Ռաթիանին հավելել է, որ իշխանությունները պատրաստվում են դատարան դիմել՝ արտաքսման գործընթաց սկսելու համար։ Նրա խոսքով՝ երբ դատարանը արտաքսման որոշում է կայացնում, անձին առնվազն յոթ օր է տրվում երկիրը կամավոր լքելու համար, սակայն պաշտպանական կողմը ցանկացել է խուսափել արտաքսման ընթացակարգին հասնելուց։
Օգոստոսի 30-ին Կուլանինի փաստաբանները պահանջել էին նրան ազատ արձակել հենց դատարանի դահլիճից՝ պնդելով, որ ո՛չ փախուստի վտանգ կա, ո՛չ էլ նրան կալանքի տակ պահելու հիմք, քանի որ Կուլանինը համաձայնել է կամավոր հեռանալ երկրից։
Կուլանինը երկու օր հացադուլ էր հայտարարել, քանի որ նրան սպառնում էր Ռուսաստան արտաքսումը։ Փաստաբանի խոսքով՝ նա օգոստոսի 30-ին դադարեցրել է հացադուլը։
Կուլանինը երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել մարտին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանական մեքենա վնասելու համար։ Նա ընդունել էր մեղքը և ներողություն խնդրել պատճառված վնասի համար։
«Ես դա արեցի հուզական վիճակում, վախեցած էի, սկսեցին մարդկանց ձերբակալել, ես վախեցա, առաջին բանը, որ արեցի՝ ապակուն հարվածեցի։ Չէի սպասում, որ այն կկոտրվի։ Երբ հասկացա, որ կոտրվել է, հեռացա այդտեղից և դրա համար էլ ներողություն եմ խնդրում»,- ապրիլին կայացած դատական նիստում ասել էր նա։
Բողոքի ակցիան վերաբերում էր իշխող կուսակցության ստեղծած խորհրդարանական քննչական հանձնաժողովին, որը պետք է ուսումնասիրեր նախորդ կառավարության կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունները։












