Գլխավոր Լրահոս

«Գործարքն արդեն տեղի է ունեցել». Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան սպասվող արտահանման մասին

«Գործարքն արդեն տեղի է ունեցել». Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան սպասվող արտահանման մասին

Հայաստանն առաջին անգամ ուղիղ արտահանում է իրականացնելու Ադրբեջան, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ:

Պատասխանելով ադրբեջանական ընկերությունների կողմից հայկական արտադրանք գնելու հեռանկարների մասին լրագրողի հարցին՝ Փաշինյանը նշել է, որ գործընթացն արդեն մեկնարկել է։

«Այո, ես կարծում եմ, որ առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել, բայց ես կնախընտրեի նաև, որպեսզի այդ գործարքը մինչև վերջին կետն ավարտվեր», - հայտարարել է վարչապետըհաստատելով ավելի վաղ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Հայաստանից Ադրբեջան առաջիկայում սպասվող արտահանման մասին խոսքերը:

Թեև մինչ այս երկու պետությունների միջև որոշակի գործարար կապեր եղել են՝ մասնավորապես Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման տեսքով, սակայն հայկական արտադրանքն ադրբեջանական շուկա վաճառելու առաջին դեպքն է սա։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործարքի մանրամասները պետք է հրապարակեն հենց գործարար շրջանակնրը բոլոր ներքին ու լոգիստիկ ընթացակարգերն ավարտելուց հետո, քանի որ նման տեղեկատվության հանրայնացումը կառավարության տիրույթում չէ։

Որպես պետության գլխավոր խնդիր այս հարցում նա մատնանշել է տնտեսական փոխգործակցության համար բարենպաստ քաղաքական միջավայրի ձևավորումը։

«Մեր խնդիրն է քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի գործարար համայնքներն իրար հետ աշխատեն և տեսնեն փոխադարձ հետաքրքրությունը», - ընդգծել է քաղաքական գործիչը: Նա միաժամանակ վստահեցրել է լրագրողներին, որ այս պահի դրությամբ արդեն կա և՛ կոնկրետ պայմանագիր, և՛ կայացած գործարք, որի մասին առաջիկայում կհայտնեն հենց ընկերությունները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ սեպտեմբերի 1-ին ելույթ ունենալով Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանի հետ համատեղ աշխատում է փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 17,4 մլն դոլարի ապրանքներ։ Արտահանումները հիմնականում կազմված են եղել նավթամթերքից, մասնավորապես՝ դիզելային վառելիքից և բենզինից։  

Հայաստանից Ադրբեջան առևտրային արտահանումներ դեռևս չկան։

2025-ի դեկտեմբերին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ քննարկումներ են ընթանում, թե ինչ կարող է Հայաստանն արտահանել Ադրբեջան։ Նախարարը մի քանի հավանական ապրանքատեսակներ էր նշել, այդ թվում՝ ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում