Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքն» ու իշխանամետ մեդիան քննադատում են բանտարկված Ղարիբաշվիլիին

Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի ճեպազրույցի ժամանակ

Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի ճեպազրույցի ժամանակ

Կադրը՝ պաշտոնական տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն ու դրա հետ կապվող շրջանակները քննադատել և հարձակման թիրախ են դարձրել բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ նամակի պատճառով, որտեղ նա հարցեր է բարձրացրել ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեի կառավարման տարիներին տեղի ունեցած ենթադրյալ ինքնասպանությունների վերաբերյալ։ Իշխանամետ լրատվամիջոցները նաև լայնորեն տարածել են ադրբեջանական պետական շրջանակների հետ կապվող մեդիայի պնդումները, թե Թբիլիսիում հակակառավարական ցույցերի ժամանակ Ղարիբաշվիլին գործել է որպես Ֆրանսիայի աջակցությունը վայելող «հեղափոխականների» «գործակալ»։

Փողերի լվացման համար հինգ տարվա ազատազրկում կրող Ղարիբաշվիլին սեպտեմբերի 1-ին բանտից հրապարակել է իր հինգերորդ նամակը։ Այն վերաբերում էր Լազարե Ջորբենաձեին, որը, քննիչների տվյալներով, ապրիլին ինքնասպան է եղել։ Անդրադառնալով դրանից առաջ Կոբախիձեի հասցեին նրա քննադատությանը՝ Ղարիբաշվիլին հարցականի տակ է դրել Ջորբենաձեի մահվան «իրական պատճառները»։

Սեպտեմբերի 3-ին Գլխավոր դատախազությունն արձագանքել է Ղարիբաշվիլիի հայտարարություններին՝ նշելով, որ թեև Ջորբենաձեի ինքնասպանությունը «վերջնականապես հաստատվել է», այդ թվում՝ ընտանիքի անդամների հարցաքննությունների միջոցով, նրանք պատրաստվում են հարցաքննել Ղարիբաշվիլիին իր պնդումների վերաբերյալ։ Հայտարարությունում նաև ասվել է, որ նախատեսվում է հարցաքննել մի շարք հանրային դեմքերի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, որոնք հրապարակայնորեն մեկնաբանել են Ղարիբաշվիլիի խոսքերը։

Միևնույն ժամանակ Ղարիբաշվիլին քննադատության է արժանացել նախկին թիմակիցների կողմից։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «կյանքում բոլորը կարող են սխալվել, բայց ցանկացած դժվարության պետք է դիմակայել տղամարդու պես, մարդու պես»՝ ակնարկելով Ղարիբաշվիլիի ենթադրյալ հանցագործություններն ու դրան հաջորդած ազատազրկումը։

«Երբ [...] նախկին վարչապետը և մեր թիմի նախկին առաջնորդներից մեկը, [Միացյալ] ազգային շարժումն ու երկրի թշնամիները նույն բանն են ասում, շատ դժվար է դա դիտելը»,- ասել է Կալաձեն՝ զուգահեռ անցկացնելով Ղարիբաշվիլիի և նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության միջև, որին «Վրացական երազանքը», ինչպես և ընդդիմության մնացած հատվածին, բազմիցս մեղադրել է հակապետական դիրքորոշման մեջ։

«Վրացական երազանքի» տարածաշրջանային քարտուղար Դմիտրի Սամխարաձեն, որը հայտնի է ընդդիմախոսների հասցեին կոշտ հարձակումներով, ավելի կոշտ բառապաշար է օգտագործել՝ Ղարիբաշվիլիի խոսքերն անվանելով «զառանցանք», իսկ նրան՝ «մեղքը խոստովանած հանցագործ»՝ այն պատճառով, որ նա պաշտոնապես ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները։

«Ցավոք, Ղարիբաշվիլին իջել է Asaval-Dasavali-ի զուգարանի թղթի մակարդակի [լրագրության], որը ֆինանսավորվում է հենց իր ապօրինի ձեռք բերած գումարներով»,- ասել է Սամխարաձեն՝ բացահայտ հիշատակելով ծայրահեղ աջ թերթը, որն աջակցում է Ղարիբաշվիլիին և որի հետ Ջորբենաձեն իր ենթադրյալ ինքնասպանությունից կարճ ժամանակ առաջ խոսել էր Կոբախիձեի մասին։

Պետության հետ կապվող լրատվամիջոցներն էլ ավելի են ընդլայնել հարձակումները Ղարիբաշվիլիի դեմ՝ այն մարդու, որին նախկինում փառաբանում էին՝ գրեթե միանման կերպով մեջբերելով ադրբեջանական իշխանամետ haqqin.az-ի պնդումը, թե Ղարիբաշվիլին «Վրացական երազանքի» ներսում ներկայացրել է Ֆրանսիայի շահերը։

Օգոստոսի 26-ին հրապարակված հոդվածը, որի հեղինակը լրատվամիջոցի թբիլիսյան հատուկ թղթակից Վախթանգ Ջոխաձեն է, Ղարիբաշվիլիին ներկայացրել է որպես «թերևս ամենաֆրանսամետ» վրացի քաղաքական գործչի՝ հղում անելով Թբիլիսիի և Փարիզի ռազմական համագործակցությանը նրա՝ պաշտպանության նախարար և վարչապետ եղած տարիներին։

Հոդվածում այնուհետև նշվել է, որ Ղարիբաշվիլիի «ֆրանսամետ քաղաքականությունը» չի օգնել «Վրացական երազանքին», քանի որ Փարիզը աջակցել է այն ուժերին, որոնք հեղինակը անվանել է «արմատական ընդդիմություն», ինչպես նաև Վրաստանում 2024-ին և 2025-ին տեղի ունեցած ենթադրյալ «պետական հեղաշրջման փորձերին»։ Խոսքը Թբիլիսիում անցկացված հակակառավարական ցույցերի մասին է, որոնց բռնի ճնշումը դատապարտել էին Ֆրանսիան և արևմտյան մի շարք երկրներ։

Հղում անելով անունները չնշված վրացի ընդդիմադիր գործիչների՝ հոդվածը պնդել է, որ Ղարիբաշվիլին կողմ էր ցուցարարների հետ երկխոսությանը և եզրակացրել, որ ցույցերի թեժ շրջանում նա «Վրացական երազանքի» ներսում եղել է Ֆրանսիայի աջակցությունը վայելող «հեղափոխականների» «գործակալ»։

Թեև հոդվածում այդ պնդումը հիմնավորող կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվել, դրա հատվածները հետագայում թարգմանել և վերահրապարակել են վրացական խոշոր իշխանամետ Imedi և Rustavi 2 հեռուստաալիքները, ինչպես նաև պետության հետ կապվող առցանց հարթակները։

«Վրացական երազանքի» երբեմնի ազդեցիկ դեմքերից Ղարիբաշվիլին երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2013-2015-ին և 2021-2024-ին, իսկ 2019-2021-ին եղել է պաշտպանության նախարար։ 2024-ի հունվարի վերջին վարչապետի պաշտոնից հեռանալուց գրեթե անմիջապես հետո նա ընտրվել է կուսակցության նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2025-ի ապրիլին քաղաքականությունից ամբողջությամբ հեռանալը։

Ղարիբաշվիլիի պաշտոնավարման տարիներին աշխատած մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ հետաքննություններն ու ձերբակալությունները սկսվել են նույն տարվա ամռանը և ի վերջո հասել նաև հենց Ղարիբաշվիլիին, որը 2026-ի հունվարին դատավարական համաձայնագրով մեղքն ընդունելուց հետո ավելի մեղմ պատիժ է ստացել։

Օգոստոսին Ղարիբաշվիլին ամիսներ տևած լռությունից հետո մի շարք նամակներով անդրադարձել է մեղադրանքներին՝ պնդելով, որ «Վրացական երազանքի» միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կազմակերպել է իր նկատմամբ ճնշումը՝ ստիպելով ընդունել մեղքը, ինչպես նաև որ իշխանությունները սպառնացել են ձերբակալել իր հորը։

Օգոստոսի 24-ին՝ «Վրացական երազանքին» քննադատող նամակների հրապարակումից հետո, Ղարիբաշվիլիին նոր կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով նրան սպառնում է 11-15 տարվա ազատազրկում։

Տե՛ս նաև՝ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին կուսակցությանը քննադատելուց հետո նոր մեղադրանք է առաջադրվել

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում