Գլխավոր Լրահոս

Վճռաբեկ դատարանը որոշել է Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատական քննության վայրը

Վճռաբեկ դատարանը որոշել է Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատական քննության վայրը

Գևորգ Թոսունյան

Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը պետք է քննի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Այս որոշումը կայացվել է սեպտեմբերի 7-ին։

Արմավիրի դատարանը գործն ուղարկել էր Երևան՝ պատճառաբանելով, թե մեղադրանքում ենթադրյալ արարքի կատարման հստակ վայրը նշված չէ, ուստի այն պետք է քննի նախաքննության մարմնի նստավայրի դատարանը։ 

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, սակայն, արձանագրել է, որ Արմավիրի դատարանը դրսևորել է ձևական մոտեցում, ինչը հանգեցրել է անհարկի դատական շրջապտույտի։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ վարույթի նյութերից պարզ է, որ ենթադրյալ արարքները կապված են Մայր Աթոռում (քաղաք Վաղարշապատ) տեղի ունեցած որոշումների հետ, ուստի գործի փոխանցումը Երևան իրավաչափ չէր։

Օգոստոսի 10-ին գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Օգոստոսի 14-ին Ռուշանյանը վարույթն ընդունել էր և նախնական դատալսումները նշանակել օգոստոսի 28-ին։ 

Ռուշանյանը, սակայն, նույն օրը գործն ուղարկել էր Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության կանոնների հարցը լուծելու համար։ 

Դատարանը նշել էր, որ քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում, որի նստավայրը գտնվում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական տարածքում։ Այդ հիմքով գործը, ըստ դատավորի, պետք է քննվի Երևանում։ Երևանում էլ առաջին ատյանի դատարանն էր ուղարկել Վճռաբեկ՝ այս հարցին հանգուցալուծում տալու համար։ Այս ընթացքում նաև գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ 

Ինչի՞ մեջ են մեղադրվում կաթողիկոսն ու եպիսկոպոսները

Քրեական գործով մեղադրյալներն են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննէսեանը, Էդգար եպիսկոպոս Հակոբյանը, Նելսոն եպիսկոպոս Բաբայանը և Արթուր եպիսկոպոս Հակոբյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը խոչընդոտելու համար։ Գործի նյութերում նշվում է, որ մեղադրանքը կապված է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ որոշման հետ։

Ըստ գործի նյութերի՝ 2026-ի հունվարի 16-ին դատարանը պարտավորեցրել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց չխոչընդոտել Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում պաշտոնավարմանը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Որոշմամբ արգելվել էր նաև խոչընդոտել նրա կողմից թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը և ֆինանսական գործարքների իրականացմանը։

Գործի նյութերում նշվում է, որ դրանից հետո Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է առաջարկել կաթողիկոսին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակել, ինչից հետո Գարեգին Բ-ն նրան կարգալույծ է հռչակել։ Քննչական մարմինը դա գնահատել է որպես դատարանի որոշման և դրա հիման վրա տրված կատարողական թերթի պահանջների կատարմանը խոչընդոտող գործողություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում