Գլխավոր Լրահոս

Հայաստանը վերափոխում է սահմանային կառավարման համակարգը ԵՄ չափանիշներով. ՆԳ նախարար

Հայաստանը վերափոխում է սահմանային կառավարման համակարգը ԵՄ չափանիշներով. ՆԳ նախարար

Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստանը մեկնարկում է սահմանների համալիր կառավարման բարեփոխումներ։ Սահմանապահների կրթական գործընթացն Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) տեղափոխվել է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կրթահամալիր՝ նպատակ ունենալով ձևավորել միասնական մոտեցում միգրացիոն ու անվտանգային ողջ շղթայում:

Ներքին գործերի նախարար, Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը սահմանների համալիր կառավարումը համարում է «ամենամարտահրավերային, ժամանակատար և աշխատատար» ուղղությունը, որտեղ ներգրավված են բազմաթիվ գերատեսչություններ: Ուստի, նրա խոսքով, առկա է ջանքերը համախմբելու խիստ անհրաժեշտություն։

Եվրամիության հետ վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ վարող միակ երկիրն այսօր Հայաստանն է: Երևանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին: Եվրամիության երկրներ առանց վիզա մուտք ունենալու համար Հայաստանը պետք է իրականացնի 74 հենանիշից (benchmark) բաղկացած Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Ի թիվս այլ կետերի՝ այդ փաստաթղթի առանցքային պահանջներից է սահմանների համալիր կառավարման ներդրումը:

«Եվրոպացի գործընկերներն էլ պիտի վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության սահմանները արդյունավետ են կառավարվում, և Հայաստանի Հանրապետությունը տեղյակ է, գիտի, թե ովքեր են մուտք գործում Հայաստանի Հանրապետություն և ովքեր են նաև ելք անում Հայաստանի Հանրապետությունից»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է նախարարը՝ շեշտելով, որ թե՛ անձինք, թե՛ բեռները պետք է գտնվեն արդյունավետ վերահսկողության ներքո:

Անվտանգային և միգրացիոն մարմինների միջև միասնական մոտեցում և արդյունավետ փոխգործակցություն ապահովելու համար Հայաստանն անցնում է միասնական կրթական մոդելի։ Սարգսյանի դիտարկմամբ՝ սահմանների կառավարումը լոկալ խնդիր չէ, այլ ընդհանուր միգրացիոն շղթայի անքակտելի մաս: Ըստ նրա՝ առաջնահերթ է, որպեսզի համակարգի բոլոր օղակները գործեն միևնույն տրամաբանությամբ և հաղորդակցվեն առանց խոչընդոտների:

«Այստեղ թե՛ ոստիկանները պիտի նույն լեզվով շփվեն, թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները և թե՛ նաև ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները: Այստեղ նույն կրթահամալիրի ներքո անընդհատ կրթություն ստանալով՝ վստահ եմ, որ նույն մշակութային լեզվով խոսելու պրոցեսը շատ ավելի հարթ կընթանա»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը` հիմնավորելով, թե ինչու է որոշվել սահմանապահների կրթական գործընթացն ԱԱԾ-ից տեղափոխել ՆԳՆ կրթահամալիր:

Բարեփոխումը չի սահմանափակվում միայն գերատեսչական փոփոխությամբ։ Նախարարի փոխանցմամբ՝ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օրենսդրական գործընթացները, և զուգահեռաբար կրթական դետալներ են քննարկվում նաև եվրոպական «Ֆրոնտեքս» (Frontex) գործակալության հետ:

«Նպատակն այն է, որ ոչ թե լինի ուղղակի ինստիտուցիոնալ տեղափոխություն ԱԱԾ-ից դեպի ՆԳՆ, այլ որակական առումով մենք կարողանանք այն բոլոր մարտահրավերները հաշվի առնել կրթական պրոցեսում, որոնք այս պահի դրությամբ թե՛ աշխարհն է տեսնում և թե՛ նաև Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակում է Արփինե Սարգսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում