Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստը՝ սեպտեմբերի 18-ին

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստը՝ սեպտեմբերի 18-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։ Նիստը կանցկացվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Գործը քննող դատավորը Սերժ Ռուշանյանն է։

Ռուշանյանն այն դատավորն է, որը օգոստոսի 28-ին հրաժարվել էր քննել գործը և այն ուղարկել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության հարցը լուծելու համար։ Դատավորի հիմնավորմամբ՝ մեղադրանքում ենթադրյալ արարքի կատարման հստակ վայրը նշված չէր, իսկ նախաքննությունն իրականացվել էր Երևանի դատարանի տարածքում գտնվող Քննչական կոմիտեի ստորաբաժանումում։

Սակայն սեպտեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշեց, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դրանից հետո այն կրկին մակագրվել է Սերժ Ռուշանյանին։

Գործը Ռուշանյանին առաջին անգամ մակագրվել էր օգոստոսի 10-ին։ Օգոստոսի 14-ին դատավորը վարույթն ընդունել էր և նախնական դատալսումները նշանակել օգոստոսի 28-ին, սակայն նույն օրը գործն ուղարկել էր Երևան՝ ընդդատության հարցը լուծելու համար։

Ինչի՞ մեջ են մեղադրվում կաթողիկոսն ու հոգևորականները

Քրեական գործով մեղադրյալներն են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննէսեանը, Էդգար եպիսկոպոս Հակոբյանը, Նելսոն եպիսկոպոս Բաբայանը և Արթուր եպիսկոպոս Հակոբյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը խոչընդոտելու համար։

Մեղադրանքը կապված է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ որոշման հետ։

Ըստ գործի նյութերի՝ 2026 թվականի հունվարի 16-ին դատարանը պարտավորեցրել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց չխոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում պաշտոնավարմանը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Դատարանը նաև արգելել էր խոչընդոտել նրա կողմից թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը և ֆինանսական գործարքների իրականացմանը։

Գործի նյութերի համաձայն՝ դրանից հետո Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է առաջարկել կաթողիկոսին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակել։ Գարեգին Բ-ն, ըստ քննության նյութերի, նրան կարգալույծ է հռչակել։

Քննչական մարմինը այդ գործողությունները գնահատել է որպես դատարանի որոշման և դրա հիման վրա տրված կատարողական թերթի պահանջների կատարմանը խոչընդոտող գործողություններ։

Սեպտեմբերի 18-ի նիստում դատարանը կսկսի գործի դատական քննությունը։

Լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում