Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի դատարանը Ղազախի տարածաշրջանային զարգացման ռեսուրսների հասարակական միավորման ղեկավար Մահարրամ Գոյուշօղլուին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, որից չորս տարին՝ պայմանական։
Գոյուշօղլուն, որը նաև պատմաբան է, մեղավոր է ճանաչվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։ Նա վերջին անձն է, որը դատապարտվել է այսպես կոչված «ՀԿ-ների գործի» շրջանակում՝ տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կազմակերպությունների դեմ 2024-ի մարտից սկսված մի շարք քրեական գործերով։
Անկախ Abzas Media-ի հաղորդմամբ՝ դատավճիռը կայացվել է սեպտեմբերի 4-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Էլշան Վալիևի նախագահությամբ։
Դատարանը նրան դատապարտել է ութ տարվա ազատազրկման և երեք տարով արգելել որոշակի գործունեություն իրականացնել հասարակական կազմակերպություններում։
Հաղորդվում է, որ դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առել Գոյուշօղլուի երեք երեխաների առկայությունը, որոնցից մեկը անչափահաս է, ինչպես նաև նրա՝ երկրորդ կարգի հաշմանդամությունը։
Դատավարության ընթացքում Գոյուշօղլուն մասամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները։ Դատարանը հայտարարել է, որ նրա ցուցմունքը նպատակ ուներ մեղմելու իր պատասխանատվությունը, իսկ մեղադրանքները հաստատվում են նաև այլ ապացույցներով։
Հաղորդումների համաձայն՝ «ՀԿ-ների գործի» շրջանակում մինչ այժմ քրեական հետապնդման է ենթարկվել քաղաքացիական հասարակության շուրջ 15 ներկայացուցիչ։
Մեղադրյալները հերքում են մեղադրանքները և պնդում, որ իրենց դեմ քրեական գործը անհիմն է ու քաղաքական դրդապատճառներ ունի։
Սեպտեմբերի 9-ին նույն գործի շրջանակում դատարանը ութ տարվա ազատազրկման դատապարտեց տնտեսագետ, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գալիբ Բայրամովին։ Նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ երեք տարվա փորձաշրջանով։
Բայրամովին մեղադրանքներ էին առաջադրվել, այդ թվում՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։ Նա հերքում է մեղադրանքները։
Բայրամովը մեկ այլ հայտնի տնտեսագետի՝ Գուբադ Իբադօղլուի եղբայրն է, որին ձերբակալեցին 2023-ի հուլիսին և որը շարունակում է գտնվել տնային կալանքի տակ։












