Ինչպես է «Մատրյոշկա» գործողությունը թիրախավորել Հայաստանը 2026-ի ընտրություններից առաջ

Անի Գրիգորյան, Անդրեաս Շյոստեդտ
Հայաստանի 2026-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում X-ի մի խումբ հաշիվներ հրապարակում էին Հայաստանի մասին «սկանդալային բացահայտումներով» տեսանյութեր։ Շերը, իբր, հրաժարվել էր 50 միլիոն դոլարի դիմաց աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին, իսկ թենիսիստ Անդրե Աղասին՝ հայտարարել, թե վարչապետը թմրանյութերից կախվածություն ունի։ Դրանց մի մասը ներկայացվում էր որպես արևմտյան լրատվամիջոցների ռեպորտաժներ, իսկ ուղեկցող գրառումներում Նիկոլ Փաշինյանի հաշիվը նշվում էր BBC-ի, Reuters-ի և Euronews-ի հաշիվների կողքին։
Այս ուսումնասիրության մեջ վերլուծել ենք X-ի 640 օգտահաշիվ, որոնց վարքագիծը համապատասխանում է «Մատրյոշկա» արշավի գործելաոճին։ Այդ հաշիվների մեծ մասը հրապարակել է մեկական տեսանյութ։ Առանձնացված 612 գրառումներից ոչ մեկը չի տեղադրվել շաբաթ կամ կիրակի։ Ամենից հաճախ նրանք մեկնաբանություններ են գրել փաստեր ստուգողների, հետազոտողների ու լրատվամիջոցների, այդ թվում՝ ՍիվիլՆեթի հրապարակումների տակ։
Արշավը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում և չի սահմանափակվել նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածով։ Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է 2025-ի դեկտեմբերին և 2026-ի մայիսին՝ ընտրություններին նախորդող ամսին։ Գործողությունը չի իրականացվել հաշիվների մշտական կազմով։ Օգտագործված հաշիվների մեծ մասն ակտիվ է եղել մեկ կամ մի քանի օր, ապա այլևս չի գործածվել։ Նման գործելաոճը VIGINUM-ը և CheckFirst-ը նկարագրել են որպես «Մատրյոշկա» գործողության բնորոշ առանձնահատկություն։
Ի՞նչ է «Մատրյոշկան»
«Մատրյոշկա»-ն պրոռուսական ազդեցության գործողություն է, որի շրջանակում պատրաստվում են կարճ կեղծ տեսանյութեր՝ դրանք ներկայացնելով որպես վստահելի լրատվամիջոցի ռեպորտաժ կամ հայտնի անձանց հայտարարություն։ Դրանցում կարող են օգտագործվել արհեստական բանականությամբ կրկնօրինակված ձայներ կամ հայտնի լրատվամիջոցների տարբերանշաններ (CheckFirst, հունիս 2025)։ Տեսանյութերը հրապարակում են տարիներ առաջ ստեղծված և գրեթե հետևորդներ չունեցող հաշիվները՝ խմբերով, հաճախ րոպեների տարբերությամբ։ Դրանք տեղադրվում են նաև լրատվամիջոցների, հանրային գործիչների ու փաստեր ստուգողների գրառումների տակ՝ խնդրելով ստուգել հրապարակված նյութերի իսկությունը (VIGINUM, բաժին 2.1)։
Այս գործելակերպի ենթադրյալ նպատակներից մեկն այն է, որ լրագրողը կամ փաստեր ստուգողը, անդրադառնալով այդ կեղծ պնդումներին, նպաստեն դրանց տարածմանը։ Մյուս նպատակը լրատվամիջոցների ուշադրությունն ու ժամանակը նման նյութերի ստուգման վրա ծախսելն է։ Այս մեթոդն առավել ընդգծված է հարակից «Operation Overload» գործողության դեպքում (CheckFirst, 2024)։
Հայաստանը թիրախավորած արշավի ծավալն ու աճը
Մեր և գործընկեր dTeamUS-ի հավաքագրած տվյալներում Հայաստանը թիրախավորող ամենավաղ տեսանյութը հրապարակվել է 2025-ի հունիսի 12-ին, իսկ ամենաուշը՝ 2026-ի հունիսի 9-ին՝ ընտրություններից երկու օր անց։ Ցուցակագրել ենք գործողությանն առնչվող 620 գրառում, որոնցից 612-ն արխիվացված են և պահպանվում են մեզ մոտ։ Նույն տեսանյութը երբեմն հրապարակվել է տարբեր հաշիվներից․ կրկնությունները միավորելուց հետո առանձնացրել ենք 287 տարբեր տեսանյութ։
Առաջին հրապարակումը Վանկուվեր Այլենդի համալսարանի անունից ներկայացված տեսանյութն էր, որի գրառման մեջ նշված էին Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Reuters-ի X-ի հաշիվները։
Այն հրապարակած հաշիվն ուրիշի վերահսկողության տակ անցած հաշվի բնորոշ օրինակ է։ Դրա սկզբնական օգտատերը վերջին անգամ ակտիվ է եղել 2012-ի օգոստոսին՝ մի քանի գրառում կատարելով, ապա հաշիվը լռել է մինչև Հայաստանի մասին տեսանյութի հրապարակումը։ Նույն առավոտյան հրապարակված մյուս երեք տեսանյութերի հաշիվներն էլ նույն պատկերն ունեն՝ գրառումներ 2012-ին, ապա երկարատև լռություն։
Սա տարածված հնարք է վաղուց ստեղծված սոցցանցային հաշիվները վաճառելիս կամ հետագա օգտագործման համար պատրաստելիս, որպեսզի դրանք իրական, վաղուց օգտագործվող հաշիվների տպավորություն ստեղծեն։

Սկզբնական հրապարակումները. Առաջին երեք ամիսներին՝ 2025-ի հունիսից օգոստոս, արձանագրվել է Հայաստանը թիրախավորող 25 տեսանյութ։ Դրանցից 13-ը ներկայացվել են համալսարանի, հասարակական կազմակերպության կամ հանրային կառույցի, ոչ թե լրատվամիջոցի անունից։ Որոշ տեսանյութերում կոչ է արվել դրանք ուղարկել Հայաստանում գտնվող ընկերներին ու հարազատներին։ 25-ից յոթը ներկայացված էին լրատվական ռեպորտաժի ձևաչափով, սակայն այն դեռ հիմնական ձևաչափը չէր։ Հետագայում ավելի հաճախ են օգտագործվել լրատվամիջոցների անուններն ու տարբերանշանները, այդ թվում՝ հայկական։ Օրինակ՝ Արմենպրեսի անունից ներկայացված 15 կեղծ տեսանյութից 14-ը հրապարակվել են 2026-ի մայիսին՝ ընտրություններին նախորդող ամսին։ Տեսանյութերի մեծ մասն անգլերեն էր․ ուսումնասիրված 287 տեսանյութից միայն ութն են պարունակում հայերեն։
Ինչպես է փոխվել հրապարակումների ծավալը
Արշավը Հայաստանը թիրախավորել է ամբողջ տարվա ընթացքում՝ ակտիվության տարբեր ալիքներով։ Meltwater-ի ինդեքսում այս հաշիվների բոլոր գրառումների, ոչ միայն մեր առանձնացրած տեսանյութերի, վերլուծությունը ցույց է տալիս ակտիվության հստակ գագաթնակետեր 2025-ի դեկտեմբերին՝ 1 682 հրապարակում, և 2026-ի մայիսին՝ ընտրություններին նախորդող ամսին՝ 1 861 հրապարակում։ Բարձր ակտիվություն է գրանցվել նաև 2025-ի հոկտեմբերին՝ 1 339 հրապարակում։ Մեր առանձնացրած տեսանյութերը նույն միտումն են ցույց տալիս. 2025-ի դեկտեմբերին արձանագրվել է 53, 2026-ի մայիսին՝ 71, իսկ հունվարին՝ ընդամենը 9 տեսանյութ։ Աշնանը ակտիվությունն աստիճանաբար աճել է՝ դեկտեմբերին հասնելով գագաթնակետին, հունվարն ու փետրվարը համեմատաբար պասիվ են եղել, իսկ նախընտրական նոր ալիքը գագաթնակետին է հասել քվեարկությանը նախորդող ամսին։ Ամենաակտիվ ամիսներին հրապարակումների մեծ մասը կատարել են հաշիվներ, որոնք X-ը հետագայում հեռացրել է։

Հաշիվների մեծ մասն ակտիվ է եղել ընդամենը մեկ օր, իսկ մնացածը՝ առավելագույնը մեկ շաբաթ։

Ինչպես են փոխվել նարատիվները
Տեսանյութերի շատերի բովանդակությունը հաճախ կառուցված է տվյալ շաբաթվա հայաստանյան իրական իրադարձությունների շուրջ․ Փաշինյանի՝ 2025-ի սեպտեմբերին «Չորրորդ Հանրապետության» հռչակելու մասին հայտարարությունը, իր կուսակցության ցուցակը գլխավորելու մասին հայտարարությունը, 2025-ի օգոստոսի ԹՐԻՓՓ հռչակագիրը, 2026-ի մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և այլն։
Փոփոխվող լրահոսի ֆոնին ամբողջ տարվա ընթացքում տեսանյութերում կրկնվել են մի քանի հիմնական մեղադրանքներ. Փաշինյանը ջնջում է ցեղասպանության հիշողությունը, ազգային խորհրդանիշներն ու հավատքը, նա և իր ընտանիքը կոռումպացված են, նրա օրոք Հայաստանը կործանվում է և նա երկիրը վաճառել է Թուրքիային ու Ադրբեջանին։ Ամենատարածված պնդումները հենց Փաշինյանի անձի մասին են․ մեր դասակարգած պատմությունների ավելի քան մեկ քառորդում նա ներկայացվում է որպես կառավարելու անկարող՝ հիվանդ, թմրամոլ կամ սեփական ժողովրդի կողմից ատելի։

Քվեարկությանը մոտենալուն զուգահեռ ավելանում են նոր նարատիվներ։ 2025-ի աշնանը տեսանյութերում հայտնվում է ընտրությունների թեման․ Փաշինյանը չպետք է հաղթի, Արևմուտքը միջամտում է նրա օգտին, նրա «Չորրորդ Հանրապետությունն» աղետ է, ընտրությունները կկեղծվեն։ Դեկտեմբերին հայտնվում է առաջին պատմությունը, թե նա Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ պատերազմի։ 2026-ի հունիսյան քվեարկությանը նախորդող վերջին ամիսներին սա դառնում է ամենահաճախ հանդիպող նարատիվներից մեկը՝ ընտրությունների կեղծման մասին պնդման հետ մեկտեղ։ Վերջին ամսին կրկին ակտիվանում են նրա առողջության մասին նարատիվները. հոգեկան հիվանդության կամ թմրանյութերի օգտագործման մասին պնդումների կեսից ավելին հրապարակվել է մայիսին, իսկ նոր պատմություններից մեկում պնդվում է, թե նա մահանում է։

Փոխվում են նաև մեթոդները․ 2026-ին ավելի շատ տեսանյութերում իրական կադրերը ներկայացվել են նոր, կեղծ համատեքստով։ Օրինակ՝ մարտի 30-ին տարածված երեք տեսանյութում օգտագործվել են Cameo հարթակից վերցված իրական կադրեր (Twisted Sister-ի Դի Սնայդերի, Ramones-ի Մարքի Ռամոնի և Nekrogoblikon-ի Ջոն Գոբլիկոնի մասնակցությամբ)։ Cameo-ում երկրպագուները գումարի դիմաց կարող են պատվիրել աստղերի մասնակցությամբ կարճ տեսանյութեր։ Այդ իրական հատվածներից հետո տեսանյութերը շարունակվում են անշարժ պատկերներով ու կեղծ ձայնային ուղեկցությամբ, որտեղ արդեն հնչում են» Հայաստանին և Փաշինյանին վերաբերող պնդումները։

Մարտի 30-ին հրապարակված տեսանյութերից մեկի երեք կադրերը։ Ձախում՝ Դի Սնայդերի ողջույնը․ սա տեսանյութի միակ հատվածն է, որտեղ նա երևում է։ Մեջտեղում և աջում՝ հաջորդող անշարժ պատկերները, որոնց ուղեկցող ձայնն ու ենթագրերը ներկայացնում են Yerevan Rocks-ին մասնակցելու մերժում և փառատոնը կապում Փաշինյանի նախընտրական քարոզարշավի հետ։
X հաշիվների բնութագրերն ու վարքագիծը
Այս հաշիվների կառուցվածքն ու վարքագիծը բնորոշ են «Մատրյոշկա» գործողությանը․ հիմնականում օգտագործվում են վաղուց ստեղծված, բայց քիչ հետևորդներ ունեցող հաշիվներ։ Համեմատության համար ուսումնասիրության մեջ ներառել ենք նաև X-ում ակտիվ և քաղաքական թեմաներով հրապարակումներ անող 27 իրական հայկական հաշիվ, այդ թվում՝ Արմենպրես, Ազատություն, Առավոտ, Հետք, PanARMENIAN, FIP.am և ՍիվիլՆեթ լրատվամիջոցների, ինչպես նաև առանձին լրագրողների ու մեդիա փորձագետների, բարձրաստիճան քաղաքական գործիչների, պետական մարմինների և երկու ընդդիմադիր կուսակցությունների հաշիվները։ Համեմատությունը ցույց է տալիս հստակ տարբերություն․ այս հաշիվների հետևորդների միջնարժեքը 9 450 է, և բոլորն ունեն պրոֆիլի նկարագրություն։ «Մատրյոշկա»-ի հաշիվների հետևորդների միջնարժեքը ընդամենը մեկ է։

Տեսանյութերը հրապարակվել են խմբերով՝ կարճ ընդմիջումներով։ Մի հաշվի գրառումից հետո կարճ ժամանակ անց հրապարակում է արել մյուսը․ հրապարակումների միջև միջնարժեքային ընդմիջումը 9 րոպե է։ Ստուգված տեսանյութերից ոչ մեկը չի հրապարակվել շաբաթ կամ կիրակի՝ անկախ նրանից՝ հրապարակման օրը հաշվարկվում է Երևանի ժամանակով, թե համաշխարհային ստանդարտ ժամանակով (UTC)։ Տեսանյութերի մեծ մասը, որոնց հրապարակումներում նշվել են այլ օգտահաշիվներ, տարածվել է Երևանի ժամանակով 16:00-19:00-ի սահմաններում։ Եթե հաշվի առնենք նաև այլ գրառումներին տրված պատասխանները, ընդհանուր ակտիվության պիկը եղել է 20:00-23:00-ին։ Համեմատության համար ուսումնասիրված իրական հայկական հաշիվները հրապարակումներ են արել նաև հանգստյան օրերին, իսկ դրանց ակտիվության պիկը գրանցվել է Երևանի ժամանակով մոտ 17:00-ին։ Գործողության մեջ ներգրավված որոշ հաշիվներ էլ հիմնականում օգտագործվել են այլ գրառումներին պատասխանելու համար։
Նման օգտահաշիվները կարելի է ճանաչել մի քանի ընդհանուր հատկանիշով․ դրանք մեծամասամբ ստեղծվել են շատ վաղուց, ունեն մի քանի հետևորդ կամ ընդհանրապես չունեն, հրապարակում են մեկ տեսանյութ՝ նշելով Փաշինյանին և արևմտյան լրատվամիջոցներին, ապա դադարում են ակտիվ լինել։ Նման հրապարակումները հաճախ հայտնվում են աշխատանքային օրերին՝ մեկ այլ նման օգտահաշվի հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց։ Որոշ հաշիվներ նաև փաստերի ստուգողների գրառումների տակ խնդրում են ստուգել այդ բովանդակությունը։

Ում են փորձում ներգրավել և որտեղ
Այս օգտահաշիվները մոտ 2 300 հաշվի գրառումներին ընդհանուր առմամբ շուրջ 8 000 պատասխան են թողել։ Հասցեատերերի շրջանակը լայն է եղել, սակայն որոշ հաշիվներ ավելի հաճախ են թիրախավորվել։

Ամենաշատ պատասխաններ ստացած 15 հաշիվները հիմնականում պատկանում են փաստեր ստուգողներին, բաց աղբյուրներով հետաքննողներին և լրատվամիջոցներին, այսինքն՝ նրանց, ովքեր սովորաբար բացահայտում են նման տեսանյութերը։ Ամենաշատ պատասխանները ստացել է @bellingcat-ը՝ 53, ապա @christogrozev-ը՝ 51։ @antibot4navalny-ն, @afpfactcheck-ը և @mythdetector-ը ստացել են 47-ական պատասխան։ Այս 15 հաշիվներին միասին բաժին է ընկել բոլոր պատասխանների 8.5%-ը։ ՍիվիլՆեթը 46 պատասխանով վեցերորդ տեղում է և 15-յակում միակ հայկական լրատվամիջոցն է։

Այս հետաքննությունը կենտրոնացած է X-ի վրա, սակայն նույն տեսանյութերից 12-ը գտել ենք նաև Telegram-ի ալիքներում։ Դրանցից 9-ը նախ հրապարակվել են Telegram-ում, ապա միայն հայտնվել X-ում։ Գործողության տարածողները փորձել են լրացուցիչ ուշադրություն գրավել նաև էլեկտրոնային նամակների միջոցով՝ նույն գրառումների հղումներն ուղարկելով փաստեր ստուգող կազմակերպություններին և խնդրելով ստուգել դրանց իսկությունը։
«Շտապ ստուգեք». ինչպես են կեղծ լուրերի համակարգված ցանցերը փորձում ներթափանցել հայկական մեդիադաշտ
ՍիվիլՆեթի փոստարկղում պահպանվել է 2025-ի հունիսի 20-ից մինչև 2026-ի սեպտեմբերի 2-ը ստացված 150 նման նամակ, որոնցից յուրաքանչյուրն ուղարկվել է առանձին, չկրկնվող էլհասցեից։ Մեր հայտնաբերած 620 X գրառումներից 221-ի հղումները նույնպես այս եղանակով ուղարկվել են մեզ։ Միայն 2026-ի մայիսին հրապարակված 135 գրառումներից 90-ի հղումները ՍիվիլՆեթին ուղարկվել են դրանց հրապարակմանը հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում։
Մեկ օրինակ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է նույն պնդումը տարածվել տարբեր հարթակներով։ 2026-ի մարտի 11-ին տելեգրամյան յոթ ալիքում հրապարակվել է պնդում, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փաշինյանին մղում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Հաջորդ առավոտ՝ մարտի 12-ին, այդ հրապարակումների հղումները էլեկտրոնային նամակով ուղարկվել են նաև մեզ՝ ստուգելու խնդրանքով։ Տասներկու օր անց՝ մարտի 24-ին, նույն պնդումը հայտնվել է X-ում՝ ֆրանսիական թերթերի կեղծ առաջին էջերի պատկերներով, իսկ մարտի 26-ին արդեն այդ X հրապարակումն է ուղարկվել մեր էլեկտրոնային հասցեին։
Ազդեցությունը
X-ում այս հրապարակումների դիտումների միջնարժեքը 99,333 է։ Դրանց կողքին երևում են նաև վերահրապարակումների և հավանումների թվերը, սակայն դրանք X-ի ցուցադրած հաշվիչներն են և չեն ցույց տալիս, թե իրականում քանի մարդ է տեսել բովանդակությունը։
Համայնքային նշումներ (Community Notes)։ Մեր առանձնացրած հրապարակումները համեմատել ենք X-ի՝ 2026-ի սեպտեմբերի 11-ի Community Notes (Համայնքային նշումներ) բաց տվյալների բազայի հետ։ Այդ գրառումներից ոչ մեկի վրա նշում չկա։ Community Notes-ը X-ի օգտատերերի մասնակցությամբ գործող ուղղման համակարգն է․ օգտատերերը կարող են առաջարկել պարզաբանում կամ ուղղում, որը հրապարակման տակ երևում է միայն այն դեպքում, երբ տարբեր տեսակետներ ներկայացնող բավարար թվով մասնակիցներ այն օգտակար են գնահատում։ X-ը հետագայում արգելափակել է մեր ստուգած 609 օգտահաշիվներից 493-ը, հետևաբար այս տվյալները վերաբերում են միայն այն հրապարակումներին, որոնք պահպանվել են հարթակում։
X-ի նույն ինդեքսում որոնել ենք՝ արդյոք նույն պնդումները տարածել են նաև այլ հաշիվներ։ Մինչև 2026-ի մարտը երկու կամ ավելի հաշիվներով հրապարակված պատմությունների մեծ մասի, ինչպես նաև նախընտրական ամիսների նյութերի դեպքում, նման կրկնություններ գտել ենք միայն 39 հաշվում։ Այդ հաշիվների հետևորդների միջնարժեքը վեց է, իսկ դրանց վարքագիծն ավելի շատ հիշեցնում է արշավի հետ կապված հաշիվներ, ոչ թե իրական օգտահաշիվներ։
Այս տվյալները ցույց են տալիս, որ «Մատրյոշկա»-ի հայկական «հարձակումը» մեկանգամյա գործողություն չէր, այլ ամիսներ շարունակվող գործողություն, որը փոխել է թեմաներն ու ձևաչափերը՝ հարմարվելով տեղական լրահոսին և ընտրական շրջանին։
Իրադարձություն
Փաստերի ստուգում
Անի Գրիգորյան
CivilNetCheck










