Գլխավոր Լրահոս

Չեչենական ընդդիմությունը պնդում է, որ Կադիրովի որդու նախկին զոքանչը մահացել է խոշտանգումների հետևանքով

Ախմատ Կադիրովը

Ախմատ Կադիրովը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդու՝ Ախմատի առաջին կնոջ մայրը՝ Պետիմատ Մախմատովան, ըստ չեչենական ընդդիմադիր NIYSO շարժման սեպտեմբերի 21-ին արած հայտարարության, մահացել է խոշտանգումների հետևանքով։

Ակտիվիստների պնդումները որևէ այլ աղբյուր չի հաստատել։ Չեչնիայի իշխանությունները չեն մեկնաբանել։

Ակտիվիստների խոսքով՝ Մախմատովային առևանգել և խոշտանգել են, ապա օգոստոսի վերջին վերադարձրել տուն, որտեղ նա կարճ ժամանակ անց մահացել է և հուղարկավորվել առանց ավանդական ծիսակարգի։

NIYSO-ի պնդմամբ՝ Մախմատովների ընտանիքին մեղադրել են «կախարդանքի», երբ Ախմատ Կադիրովի հարազատները որոշել են, որ նրա կինը՝ Մարիամ (Թամիլա) Մախմատովան, սիրո կախարդանք է արել նրա վրա։ Ակտիվիստները պնդում են, որ Մախմատովային և նրա մի քանի հարազատների ձերբակալել, տեղափոխել են Կադիրովների տոհմական գյուղ՝ Ախմատ-Յուրտ, և ծեծել։ Ընտանիքը, ըստ պնդումների, կորցրել է նաև իրեն պատկանող բիզնեսը։ Այս տեղեկությունը ևս միայն NIYSO-ն է հրապարակել, և OC Media-ն չի կարողացել այն անկախորեն հաստատել։

NIYSO-ն նաև պնդում է, որ դրանից հետո Ախմատի նախկին կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին պահել են տնային կալանք հիշեցնող պայմաններում՝ արգելելով հեռախոս օգտագործել կամ շփվել այլ մարդկանց հետ։

Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ Ախմատը, առաջին անգամ ամուսնացել է 2023-ի մարտի 4-ին՝ 17 տարեկանում։ Հարսանիքը տեղի է ունեցել Կադիրովների տոհմական Ախմատ-Յուրտ գյուղում և խիստ գաղտնի է պահվել․ հյուրերին արգելվել է նկարահանել արարողությունը, իսկ տեղի բնակիչներին ասել են չլուսանկարել և չտեսանկարահանել հարսանեկան երթը։ Ախմատի առաջին կինը Թամիլա Մախմատովան էր՝ Գրոզնիի խորհրդարանի պատգամավոր Նասրուդին Մախմատովի դուստրը։

Ռուսաստանում ամուսնության օրինական տարիքը 18-ն է, թեև բացառիկ դեպքերում տարածաշրջանային իշխանությունները կարող են թույլատրել ամուսնանալ 16 տարեկանից։ Հարսանիքից կարճ ժամանակ առաջ Ախմատը Կրեմլում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռամզան Կադիրովն այն ժամանակ հանդիպումն անվանել էր «ոչ պաշտոնական» և «ջերմ»։

Թամիլայի հայրը Benodent ատամնաբուժական կլինիկաների ցանցի սեփականատերն էր։ Մախմատովներն ու Կադիրովները պատկանում են նույն Բենոյ տեյփին՝ կլանին։

OC Media-ի ստուգմամբ՝ ռուսական պետական ռեգիստրներում Մախմատովը դեռ նշված է որպես կլինիկաների սեփականատեր։ Նույն տեղեկությունը հրապարակված է նաև Benodent-ի պաշտոնական կայքում։ Սակայն ամուսնալուծությունից և դրան հաջորդած սկանդալից մի քանի օր առաջ դատախազությունն այնտեղ արտահերթ ստուգում էր անցկացրել։ Դրա արդյունքները չեն հրապարակվել։

2026-ի հուլիսին NIYSO-ն հաղորդել է, որ Ախմատ Կադիրովը երկրորդ անգամ է ամուսնացել։ Շարժման տվյալներով՝ արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Ախմատ-Յուրտում՝ փակ ձևաչափով։ Նրա երկրորդ կնոջ ինքնությունը հրապարակայնորեն չի բացահայտվել։

NIYSO-ն երկրորդ ամուսնությունը կապում է Ախմատի առաջին ընտանիքի շուրջ առաջացած հակամարտության հետ։ Շարժման պնդմամբ՝ «կախարդանքի» վերաբերյալ կասկածներից հետո Մախմատովների ընտանիքի անդամները հետապնդումների են ենթարկվել, իսկ Ախմատի և Թամիլա Մախմատովայի ամուսնությունը լուծարվել է։ OC Media-ն այս պնդումները ևս չի կարողացել անկախորեն հաստատել։

20-ամյա Ախմատ Կադիրովը ներկայում Չեչնիայի փոխվարչապետն ու սպորտի նախարարն է։ 2026-ի օգոստոսին նրան շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում