«Վրացական երազանքի» վարկաբեկման արշավից հետո վրացի երգիչ Կորձի համերգը չեղարկվել է

Կորձը Թբիլիսիում ելույթի ժամանակ
Լուսանկարը՝ Լևան Չիկաձեի
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հակաիշխանական դիրքորոշմամբ հայտնի վրացի երաժիշտ Կորձը հայտարարել է, որ Գորիում նախատեսված իր համերգը չեղարկվել է։ Երաժիշտը վերջին օրերին հայտնվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա հետ կապվող լրատվամիջոցների վարկաբեկման արշավի թիրախում։ Եվրամիության ֆինանսավորմամբ մշակութային փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումը պաշտոնապես չեղարկվել է անվտանգության նկատառումներով։
«Իմ համերգը [...] լուրջ վտանգի տակ էր»,- սեպտեմբերի 23-ի երեկոյան Facebook-ում գրել է Կորձը՝ նշելով, որ «տեղական իշխանությունների, «Վրացական երազանքի» անդամների և քարոզչական լրատվամիջոցների հարձակումներն ու սպառնալիքները» պատճառ դարձան, որ համերգի վայրում «անվտանգության երաշխիքներ չլինեն»։
Կորձի համերգը նախատեսված էր սեպտեմբերի 26-ին՝ արևելյան Վրաստանի Գորի քաղաքում գործող անկախ մշակութային Art House-ում։
Այն ներառված էր Kamara Festival-ի ծրագրում, որն իր հերթին Creative Compass Georgia ավելի լայն մշակութային և ստեղծարար արդյունաբերություններին նվիրված փառատոնի մաս է։ Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, համաֆինանսավորվում և իրականացվում Գյոթեի ինստիտուտի վրացական մասնաճյուղի կողմից՝ Դանիայի մշակույթի ինստիտուտի մասնակցությամբ։
Կորձն իր հայտարարությունում նշել է, որ «այս քաղաքական հարձակման հետևանքով ամենից շատ տուժում են տեղի երիտասարդները» և ցավ է հայտնել, որ «ապրում ենք նման իրականության մեջ»։
Դանիայի մշակույթի ինստիտուտը առաջինն է սոցիալական ցանցերում հաստատել փոփոխությունները՝ հայտարարելով, որ «անվտանգության նկատառումներով» Kamara Festival-ն ամբողջությամբ «չի կարող անցկացվել նախատեսված ձևաչափով և հետաձգվում է»։
«Շնորհակալ ենք միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության համար»,- գրել է կազմակերպությունը։ Հայտարարությունում Կորձի կամ նրա դեմ արշավի մասին որևէ հիշատակում չի եղել։
Նույն օրը առանձին գրառմամբ Կորձը պնդել է, որ «Վրացական երազանքի» վերահսկողության տակ գտնվող Գորիի քաղաքապետարանը համերգի անցկացման դեպքում միջոցառման վայրին սպառնացել է «զայրացած ամբոխով»։ Քաղաքապետարանը դեռ չի պատասխանել OC Media-ի մեկնաբանության հարցմանը։
Երաժիշտը նաև քննադատել է միջոցառման հովանավորներին՝ գրելով, որ «կազմակերպիչների մի փոքր աջակցությունն էլ լավ կլիներ»։
«Միջոցառման հովանավորները՝ ԵՄ-ն, Գյոթեի ինստիտուտը և Դանիայի մշակույթի ինստիտուտը, կարծում են, որ նման իրավիճակում կարելի է չարձագանքել։ Ես կարծում եմ՝ դա նորմալ չէ»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
OC Media-ի հետ զրույցում Gori Art House-ի համահիմնադիր Մարիամ Թոփչիշվիլին, խոսելով համերգի չեղարկման հանգամանքների մասին, ուշադրություն է հրավիրել իշխանամետ լրատվամիջոցների՝ միջոցառման վերաբերյալ, իր բնորոշմամբ, «համակարգված» հրապարակումների վրա։ Նրա խոսքով՝ «այն, որ թեման այս կերպ արհեստականորեն առաջ մղվեց, արդեն իսկ նշան էր, որ փառատոնի շուրջ վատ մտադրություններ կային»։
«Երեկ [իշխանամետ] լրագրողները կես օր մնացել էին Art House-ում՝ սադրիչ հարցեր տալով, թե ով է պատասխան տալու, եթե զայրացած մարդիկ գան Կորձից բացատրություն պահանջելու»,- սեպտեմբերի 24-ին գրավոր մեկնաբանությամբ ասել է նա։ Թոփչիշվիլին հիշեցրել է նաև արվեստագետների վրա նախկին հարձակումների դեպքերը։
Համահիմնադիրը Կորձի՝ քաղաքապետարանի կողմից ենթադրյալ սպառնալիքների մասին հայտարարությունը ուղղակիորեն չի մեկնաբանել, սակայն նշել է, որ «ընդհանուր առմամբ բոլոր կողմերից զգացվում էր, որ սադրանքի վտանգ կա»։
«Մեզ համար ամենակարևորը մեր աջակիցների, փառատոնին մասնակցող արվեստագետների և այցելուների անվտանգությունն է»,- ասել է Թոփչիշվիլին։
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը նույնպես կարճ հայտարարություն է տարածել՝ «ափսոսանք» հայտնելով համերգի չեղարկման կապակցությամբ և ընդգծելով, որ ԵՄ-ն «հավատում է գեղարվեստական արտահայտման ազատությանը»։
«ԵՄ-ն շարունակում է խրախուսել արմատականությունն ու ծայրահեղականությունը»
Վերջին օրերին թե՛ Կորձը, թե՛ փառատոնի կազմակերպիչները քննադատության են ենթարկվել իշխող կուսակցության ներկայացուցիչների, նրանց դաշնակիցների և իշխանամետ լրատվամիջոցների կողմից։ Երաժշտին ներկայացրել են որպես «արմատականության», «ծայրահեղականության» և «ֆաշիզմի» հետ կապված անձի՝ միաժամանակ ԵՄ-ին մեղադրելով նման արժեքներ խրախուսելու մեջ։
2024-ի վերջին Կորձը YouTube-ում օգտագործել էր հակակառավարական ցուցարարների շրջանում տարածված «կոցեբիի» մասին հայհոյանքների վանկարկման ձայնագրությունը։
«Կոցեբի»-ն խոսակցական «կոցի» բառի հոգնակի ձևն է, որով «Վրացական երազանքի» ընդդիմախոսները կոչում են կուսակցության անդամներին կամ աջակիցներին։ Տերմինը ձևավորվել է կուսակցության վրացերեն անվանումից՝ Kartuli Otsneba։
Կորձի կողմից այդ վանկարկման օգտագործումը կոշտ արձագանք էր առաջացրել «Վրացական երազանքի» աջակիցների շրջանում, իսկ հաջորդ ամիսներին Կորձը և առնվազն երկու այլ արվեստագետներ, որոնք իրենց ստեղծագործություններում օգտագործել էին նույն կարգախոսը, դարձան փողոցային հարձակումների թիրախ։
«Մենք տեսնում ենք, որ եվրոպական գումարներով Վրաստանում ֆինանսավորվում են ֆաշիստական գաղափարախոսությամբ անձինք կամ խմբեր»,- սեպտեմբերի 21-ին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Կորձին կապելով ֆաշիզմի հետ։
Միևնույն ժամանակ, «Վրացական երազանքի» պատգամավոր Թոռնիկե Չեիշվիլին ԵՄ-ին մեղադրել է տարբեր հասարակական խմբերի միջև «առճակատման օջախներ» ստեղծելու մեջ, իսկ մեկ այլ պատգամավոր՝ Գիորգի Սոսիաշվիլին, հայտարարել է, որ ԵՄ-ն ֆինանսավորում է «անպարկեշտ տեսահոլովակների և երգերի հեղինակի համերգը»։
Իշխանամետ լրատվամիջոցները նույնպես ակտիվորեն մասնակցել են արշավին։ Երկրի խոշորագույն մասնավոր, պետության հետ կապվող Imedi TV-ն երկուշաբթի իր լրատվական թողարկումներից մեկում ցուցադրել է ռեպորտաժ՝ «ԵՄ-ն շարունակում է Վրաստանում խրախուսել արմատականությունն ու ծայրահեղականությունը» վերնագրով։
Imedi-ն միջոցառման չեղարկումը ներկայացրել է որպես «հանրային բողոքի արդյունք»՝ սեպտեմբերի 23-ի երեկոյան Facebook-ի իր լսարանին հայտնելով, որ «ֆաշիստական նարատիվներ տարածող» երաժշտի համերգը չի կայանա։ Նույն մոտեցումն է կիրառել նաև Rustavi 2-ը՝ Կորձին անվանելով «ֆաշիզմ և ատելության խոսք տարածող» երաժիշտ։
Համերգի չեղարկումը քննադատել է նաև Վրաստանի երաժիշտների արհմիությունը՝ հայտարարելով, որ «արտահայտվելու ազատությունը առաջնային է», իսկ «արվեստագետներն ունեն քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու լիակատար իրավունք»։
«Պետական ռեսուրսների և հռետորաբանության օգտագործումը երաժիշտներին հետապնդելու կամ համերգները խափանելու համար անընդունելի է»,- ասվում է արհմիության հայտարարությունում։
Կազմակերպություն











