Գլխավոր Լրահոս

Հազվադեպ դեպք Վրաստանում․ դատավորը վիճարկում է պաշտոնյաներին վիրավորելու համար պատիժ սահմանող օրենքը

Դատավոր Ցիցինո Կիկվաձեն

Դատավոր Ցիցինո Կիկվաձեն

Լուսանկարը՝ Վրաստանում Նիդերլանդների դեսպանատնից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Քութայիսիի քաղաքային դատարանի դատավոր Ցիցինո Կիկվաձեն վիճարկել է համեմատաբար վերջերս ընդունված օրենքը, որը պատասխանատվություն է սահմանում պետական և քաղաքական պաշտոնյաներին վիրավորելու համար։ Դիմելով Սահմանադրական դատարան՝ դատավորը կասկածի տակ է դրել նման կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այն կարող է նպաստել ինքնագրաքննությանը։

Կիկվաձեի վիճարկած կարգավորումն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու նրա դաշնակիցներն ընդունել են 2025-ի փետրվարին՝ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության և փողոցային բողոքի ակցիաների նկատմամբ սահմանափակումներ նախատեսող մի շարք այլ օրենքների հետ։

Օրենքի ընդունումից կարճ ժամանակ անց մի շարք մարդիկ տուգանվեցին կամ մի քանի օրով կալանավորվեցին՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներին և այլ անձանց հանրային վայրերում կամ սոցիալական ցանցերում ենթադրաբար վիրավորելու համար։ Ճնշումներն ուժեղացան 2026-ի հունիսին, երբ Ներքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցերում արված հայտարարությունները վերահսկելու հատուկ ստորաբաժանում ստեղծեց՝ պաշտոնապես ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով։

Տե՛ս նաև՝ Վրաստանի «սքրոլի և սքրինշոթների նոր վարչությունը» տասնյակ գործեր է ուղարկել դատարան՝ հրապարակային հայտարարությունների համար

Հենց այս ստորաբաժանման կազմած վարչական իրավախախտման արձանագրություններից մեկը Կիկվաձեին դրդել է վիճարկել դրույթը։ Հունիսի 23-ով թվագրված արձանագրությամբ Իրակլի Կեզևաձե անունով տղամարդուն մեղադրում էին սոցիալական ցանցերում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին վիրավորելու մեջ։

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի համաձայն՝ Կեզևաձեն դատարանում ասել է, որ զղջում է մեկնաբանությունը գրելու համար և այդ պահին հարբած է եղել։ Նա պատմել է, որ կինը մահացել է երեք տարի առաջ, երեխաներ չունի և չի աշխատում, քանի որ խնամում է հիվանդ մորը՝ ապրելով նրա թոշակի և ընկերների օգնության հաշվին։

«Հարցին՝ արդյոք նա դեռ մեկնաբանություններ է գրում հրապարակումների տակ, Իրակլի Կեզևաձեն պատասխանել է. «Ոչ, այլևս ընդհանրապես չեմ դիպչում նման բաների»»,- նշվում է փաստաթղթում՝ հավելելով, որ դա Կիկվաձեին «ողջամիտ հիմքեր է տվել կասկածելու» դրույթի սահմանադրականությանը։

Դատավորը նշել է, որ մինչև վիճարկվող կարգավորումը Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքում ներառելը արդեն կար մանր խուլիգանության մասին ավելի ընդհանուր դրույթ, որը վերաբերում էր հանրային վայրերում հայհոյանքին և բանավոր վիրավորանքին՝ առանց պաշտոնյաներին առանձնացնելու։

Այս համատեքստում նա հարց է բարձրացրել՝ արդյոք կա «բավականաչափ կարևոր» օրինական նպատակ՝ պետական ծառայողներին կամ քաղաքական պաշտոնյաներին ուղղված վիրավորական արտահայտությունների համար առանձին իրավական կարգավորում սահմանելու համար, եթե նման վարքի մի մասն արդեն ընդգրկված է մանր խուլիգանության մասին հոդվածում։

Կիկվաձեն նաև նշել է, որ 2025-ին ընդունված կարգավորումն ավելի բարձր տուգանքներ և կալանք է նախատեսում, քան մանր խուլիգանության վերաբերյալ դրույթը։ Բացի այդ, վերջինս դատավորին թույլ է տալիս անձին ազատել պատասխանատվությունից և սահմանափակվել բանավոր նախազգուշացմամբ, մինչդեռ նոր կարգավորման դեպքում նման հնարավորություն չկա։

Դատավորն ընդգծել է, որ պետությունը պետք է կարողանա ցույց տալ, թե «կոնկրետ ինչ խնդիր հնարավոր չէ լուծել» մանր խուլիգանության մասին դրույթով, ինչու էր անհրաժեշտ առանձին իրավախախտում սահմանել և ինչու այն պետք է ավելի խիստ պատիժ նախատեսի։ Նա նաև շեշտել է, որ հանրային պաշտոնյաները պարտավոր են ավելի լայն քննադատություն հանդուրժել՝ նշելով, որ «քաղաքական գործիչներին քննադատելու սահմանները շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում»։

Կիկվաձեն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել կարգավորման հնարավոր զսպող ազդեցությանը, որը կարող է արտահայտվել ինքնագրաքննությամբ։ Նա որպես դրա «հնարավոր օրինակ» նշել է Կեզևաձեի խոսքերը, որ այլևս մեկնաբանություններ չի գրում և նման բաների «չի դիպչում»։

«Ակնհայտ է, որ մեկ մարդու հայտարարությունն ինքնին չի կարող ապացուցել ընդհանուր զսպող ազդեցության գոյությունը, սակայն այն ցույց է տալիս, թե պատժամիջոցի առկայությունն ինչպես կարող է ազդել մարդու վրա և խրախուսել ինքնագրաքննությունը»,- նշել է դատավորը։

Կիկվաձեի խոսքով՝ պետության սահմանած պատժամիջոցները չպետք է ստեղծեն այնպիսի իրավական միջավայր, որտեղ «քաղաքացիները հանրային դեմքերի վերաբերյալ քննադատական տեսակետներ արտահայտելուց հրաժարվում են պարզապես հնարավոր իրավական պատասխանատվությունից վախենալու պատճառով»։

Դատավորը շեշտել է, որ պետությունն իրավունք ունի, իսկ որոշ դեպքերում նաև պարտավոր է պաշտպանել պետական հաստատությունները, ինչպես նաև պաշտոնյաների անվտանգությունն ու իրավունքները։ Սակայն նա կրկին հարց է բարձրացրել՝ արդյոք վիճարկվող կարգավորումն իր ավելի խիստ պատիժներով անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար։

Կիկվաձեն 2013-ից Քութայիսիի քաղաքային դատարանի մագիստրատ դատավոր է Թկիբուլիի մունիցիպալիտետում։ 2016-ին նա նշանակվել է ցմահ՝ մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը։

Մինչ այժմ հրապարակայնորեն հայտնի չէր որևէ դեպք, երբ Վրաստանի դատավորը վիճարկեր պետական պաշտոնյաներին վիրավորելու համար պատիժ սահմանող օրենսդրությունը։

Դատավորների նման քայլերը հիմնականում դրական արձագանք են ստանում դատական համակարգի քննադատների կողմից, որոնք ընդգծում են դրանց հազվադեպությունը՝ դատական համակարգի նկատմամբ կառավարության, իրենց բնորոշմամբ, լայն վերահսկողության պայմաններում։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում