Վրաստանի խորհրդարանի նախագահը քննադատել է ԵՄ դեսպան Հերչինսկու «կոտրտված վրացերենը»

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ձախից, և Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին
Պաշտոնական լուսանկարներ
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սեպտեմբերի 24-ին ծաղրել է ԵՄ դեսպան Պավել Հերչինսկուն՝ անդրադառնալով, իր ձևակերպմամբ, նրա «կոտրտված վրացերենին»։ Միաժամանակ նա կրկին քննադատել է ԵՄ պատվիրակությանը՝ շվեյցարա-վրացի երաժիշտ Կորձի նախատեսված համերգին աջակցելու համար։ Հակակառավարական դիրքորոշմամբ հայտնի երաժշտի ելույթը հիմնականում ԵՄ-ի ֆինանսավորմամբ փառատոնի շրջանակում արդեն չեղարկվել է, իսկ կազմակերպիչները պատճառ են նշել անվտանգության մտահոգությունները։
Պապուաշվիլիի հայտարարությունները հաջորդեցին իշխող կուսակցության և պետության հետ կապվող լրատվամիջոցների մի քանի օր տևած արշավին Կորձի՝ արևելյան Վրաստանի Գորի քաղաքում նախատեսված համերգի դեմ։ Մշակութային փառատոնի մաս կազմող համերգը նախատեսված էր սեպտեմբերի 26-ին, սակայն չեղարկվեց։
Տե՛ս նաև՝ «Վրացական երազանքի» վարկաբեկման արշավից հետո վրացի երգիչ Կորձի համերգը չեղարկվել է
Արշավի կենտրոնում Կորձի նախկին աշխատանքներից մեկում օգտագործված հակակառավարական կարգախոսն էր, որը հայհոյանք էր պարունակում «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ կապվող մարդկանց հասցեին։ Թիրախում էր հայտնվել նաև համերգի անցկացման վայրը՝ Gori Art House-ը, նախկին ինստալյացիաներից մեկում «ստրուկ» բառի օգտագործման համար։ Այդ բառը իշխանությունների ընդդիմախոսները հաճախ են գործածել իշխող կուսակցության ներկայացուցիչներին բնութագրելու համար։
«Այս մարդը [Հերչինսկին] Վրաստանի՞ց է սովորել, որ ինչ-որ մեկի մորը հայհոյելը և նրան ստրուկ անվանելը մեր մշակույթն է։ Հետո դուրս է գալիս [...] ու կոտրտված վրացերենով խոսում։ Ո՞ւմ է պետք նրա կոտրտված վրացերենը, եթե համարձակվում է նման բաներ ասել վրաց ժողովրդի մասին»,- հինգշաբթի ասել է Պապուաշվիլին։
Հերչինսկու «կոտրտված վրացերենի» մասին նրա խոսքերը, հավանաբար, վերաբերում էին այն դեպքերին, երբ լեհ դիվանագետը հանրային ելույթների ժամանակ վրացերեն բառեր և արտահայտություններ է օգտագործել, ինչպես անում են երկրում հավատարմագրված մի շարք այլ դիվանագետներ։
Պապուաշվիլին և այլ պաշտոնյաներ Կորձի համերգը ներկայացրել են որպես ԵՄ-ի կողմից «վրաց ժողովրդի մեծամասնությանը» վիրավորելու թույլտվություն՝ պնդելով, որ երկրի բնակչության մեծամասնությունն աջակցում է «Վրացական երազանքին»։
Պապուաշվիլիի խոսքով՝ երբ համերգը չեղարկվեց, ինքը «հույս ուներ», որ ԵՄ դեսպանը «վերջապես հասկացել է, որ Վրաստանում ատելության և բռնության խրախուսումն անընդունելի է»։ Սակայն հաջորդ օրը, երբ ԵՄ պատվիրակությունը ափսոսանք հայտնեց համերգի չեղարկման կապակցությամբ, Պապուաշվիլին եզրակացրել է, որ Հերչինսկին «ոչինչ չի հասկացել»։
«Հիմա հասկանո՞ւմ եք, թե ով է Վրաստանում ատելություն հրահրում։ ԵՄ պատվիրակության հայտարարությունն ուղղակիորեն խրախուսում է ատելության խոսքը, մարդկանց մայրերին հայհոյելը, մարդկանց ստրուկ անվանելը, ֆաշիզմն ու արմատականությունը։ ԵՄ պատվիրակությունը զբաղված է այս ամենը խթանելով»,- հավելել է Պապուաշվիլին։
Վերջին տարիներին արևմտյան դեսպանները հաճախ են հայտնվում իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց հետ կապվող շրջանակների կոշտ քննադատության թիրախում՝ Վրաստանի կառավարության քաղաքականության նկատմամբ միջազգային քննադատության ուժեղացման և երկրում ժողովրդավարական ճգնաժամի խորացման ֆոնին։
Ապրիլին Հերչինսկուն կանչել էին Վրաստանի ԱԳՆ, երբ նա Բրյուսելում միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ եթե կառավարությունը չվերադառնա ժողովրդավարական կառավարմանը, Վրաստանը կարող է վերադառնալ «մութ անցյալ»։
Հերչինսկին Վրաստանում ԵՄ դեսպան է նշանակվել 2022-ին, և նրա պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր 2026-ի սեպտեմբերին։ Սակայն հետագայում նրա մանդատը երկարաձգվեց։ Տեղական լրատվամիջոցները, հղում անելով ԵՄ պատվիրակությանը, հաղորդել են, որ նա Վրաստանում կմնա առնվազն մինչև 2027-ի ամառ։











