Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վտարանդի ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները Ստրասբուրգում համաեվրոպական համագումար են անցկացրել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում քաղաքական ճնշումներին և ազատ արձակել իշխանությունների կալանավորած լրագրողներին, քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին։
Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների և վտարանդի լրատվամիջոցների առաջին համաեվրոպական համագումարը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
Մասնակիցներն ընդունել են բանաձև՝ ուղղված ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ժողովրդավարական կառավարություններին, միջազգային ֆինանսական կառույցներին, ներդրողներին և լրատվամիջոցներին։ Դրանում Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են քաղաքական իրավունքներն ու ազատությունները համակարգված սահմանափակելու մեջ, իսկ միջազգային կառույցներին կոչ է արվում ավելի ակտիվ ներգրավվել երկրում տեղի ունեցող զարգացումներին։
Արևմուտքին ուղղված բանաձևում համագումարը նշել է, որ Ադրբեջանում քաղաքական իրավունքներն ու ազատությունները «գործնականում վերացվել են» և պահպանվում են միայն ձևականորեն՝ օրենսդրությունում ու երկրի միջազգային պարտավորություններում։
Համագումարի մասնակիցներից մեկը՝ Asimkom-ի վարչության անդամ և «Ազադլըգ» թերթի գլխավոր խմբագիր Ռահիմ Հաջիևը, OC Media-ին ասել է, որ համագումարի մասշտաբն աննախադեպ էր։
«Ադրբեջանում ավտորիտար ռեժիմն այժմ արդեն մտել է բռնապետության փուլ։ Ադրբեջանին շատ մտահոգիչ ապագա է սպասվում։ Երկիրը վերածվում է Հյուսիսային Կորեայի։ Ադրբեջանում պետական իշխանությունը փոխարինվել է ընտանեկան կառավարմամբ։ Լուրջ ջանքեր են գործադրվում երկրում տոտալիտար ռեժիմ հաստատելու համար»։
«Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր գործունեությունը, որպեսզի կարողանանք ազդել Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների վրա։ Ուզում ենք, որ երկրից դուրս ապրող ադրբեջանցիները հնարավորինս մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին»,- շարունակել է նա։
Բանաձևում նշվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները զրկվել են բնականոն գործունեություն ծավալելու, հանրային միջոցառումներ անցկացնելու, ազատ ընտրություններին մասնակցելու և իրենց դիրքորոշումները հանրությանը ներկայացնելու հնարավորությունից։ Նշվում է նաև, որ անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները լուծարվել են կամ ստիպված հեռացել երկրից, իսկ անկախ լրատվամիջոցները ճնշումների են ենթարկվել, ինչի պատճառով բազմաթիվ լրատվամիջոցներ և լրագրողներ ստիպված են եղել գործունեությունը շարունակել արտերկրից։
Համագումարի մասնակիցների գնահատմամբ՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 350-ը։ Նրանց թվում, ըստ մասնակիցների, կան ընդդիմադիր առաջնորդներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ, կրոնական ակտիվիստներ և սովորական քաղաքացիներ, որոնք հետապնդվել են սոցիալական ցանցերում իրենց գրառումների և մեկնաբանությունների պատճառով։
Համագումարից մեկ օր առաջ ԱՄՆ երեք սենատորներ՝ Փիթեր Ուելչը, Թոմ Թիլիսը և Թիմ Քեյնը, Սպիտակ տանը կոչ էին արել Բաքվից պահանջել ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված ավելի քան 300 լրագրողների, քաղաքական գործիչների և ակտիվիստների՝ նշելով, որ նրանց ազատ արձակումը պետք է նախապայման լինի Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի զարգացման համար։












