Գլխավոր Լրահոս

ԱՄՆ սենատորները Թրամփի վարչակազմին կոչ են արել Բաքվից պահանջել ազատ արձակել «ավելի քան 300 քաղբանտարկյալներին»

ԱՄՆ Կապիտոլիումը

ԱՄՆ Կապիտոլիումը

Լուսանկարը՝ Reuters-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

ԱՄՆ երեք սենատորներ Թրամփի վարչակազմին կոչ են արել Ադրբեջանից պահանջել ազատ արձակել ավելի քան 300 լրագրողների, ընդդիմադիր գործիչների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների՝ դա դարձնելով Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի զարգացման նախապայման։

Սենատորներ Փիթեր Ուելչը, Թիմ Քեյնը և Թոմ Թիլիսը հայտարարել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանն ուղղված Թրամփի վարչակազմի ջանքերին, սակայն կարծում են, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է դառնա Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունների օրակարգի մի մասը։ Որպես Ադրբեջանի նկատմամբ հնարավոր մոտեցման օրինակ նրանք մատնանշել են Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելու ԱՄՆ վարչակազմի ջանքերը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում երեք սենատորները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության օրոք կամայական ձերբակալությունների և պատշաճ իրավական ընթացակարգի խախտումների՝ իրենց բնորոշմամբ, շարունակական օրինաչափության կապակցությամբ։

Նրանք կրկին վկայակոչել են Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելու վարչակազմի ջանքերը և Վաշինգտոնին կոչ արել նման մոտեցում կիրառել նաև Ադրբեջանի դեպքում։

Սենատորների խոսքով՝ Ադրբեջանում ներկայում պահվում է ավելի քան 300 քաղբանտարկյալ։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել անկախ լրատվամիջոցների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող ճնշումների կապակցությամբ։ Նամակում նշվում են մի շարք անձինք, որոնց ազատ արձակումը, սենատորների կարծիքով, պետք է առաջնահերթություն լինի։ Նրանց թվում են ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլին, մեդիա փորձագետ Ալասգար Մամեդլին, իրավապաշտպաններ Անար Մամեդլին և Ռուֆաթ Սաֆարովը, տնտեսագետ և պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեն, ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն և լրագրող Ուլվիյա Գուլիևան։

Վերջին տարիներին Ալիևի իշխանությունները լայնածավալ ճնշումներ են իրականացրել քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ՝ արժանանալով միջազգային քննադատության։

Սեպտեմբերի 25-ին Amnesty International-ը դատապարտել է Ադրբեջանի վերաբերմունքը OC Media-ի հեղինակ և քաղաքական հետազոտող Բահրուզ Սամադովի նկատմամբ, որը պետական դավաճանության մեղադրանքով այժմ 15 տարվա ազատազրկման պատիժ է կրում։

Նույն օրը Սամադովը Գերագույն դատարանի նիստի ժամանակ սուր առարկայով վնասել էր ձեռքը։

Տե՛ս նաև՝ Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը Գերագույն դատարանի նիստի ժամանակ ինքնավնասման է դիմել

«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են պաշտպանել և ապահովել Բահրուզ Սամադովի առողջության իրավունքը, քանի դեռ նա շարունակում է անարդարացիորեն բանտարկված մնալ։ Մինչ իշխանությունները շարունակում են նրան զրկել պատշաճ բուժօգնությունից, այդ թվում՝ հոգեբանական առողջության աջակցության հնարավորությունից, նրա առողջական վիճակը վատթարանում է»,- ասել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալիա Նոզաձեն։

«Բուժօգնությունից զրկելը և ընտանիքի հետ շփումների սահմանափակումները կարող են համարվել դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք, ինչը հակասում է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի միջազգային պարտավորություններին»,- նշել է նա՝ հավելելով, որ Սամադովը «առհասարակ չպետք է բանտարկված լիներ», իսկ նրա դեմ մեղադրանքները բխում են «խաղաղ ակտիվիզմից, լրագրողական գործունեությունից և Հայաստանի հետ երկխոսության օգտին հանդես գալուց»։

Տե՛ս նաև՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չեն տվել մասնակցել հոր հուղարկավորությանը

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում