Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար:
ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ հանդիպմանը ներկա էին Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։
Նրանք գոհունակությամբ նշել են Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն է:
Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ընթացիկ ծրագրերին: Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:
Այսօր Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։











