Գլխավոր Լրահոս

Հայաստանը նախատեսում է զարգացնել հողմային էներգիան, կուտակիչներն ու կանաչ ջրածինը, ասել է Փաշինյանը

Արևային կայան Ծաղկաձրում։ Photolur

Արևային կայան Ծաղկաձրում։ Photolur

Լիա Ավագյան

Հայաստանը նախատեսում է զարգացնել արևային ու հողմային էներգետիկան, էներգիայի կուտակիչներն ու կանաչ ջրածինը՝ նպատակ ունենալով ոչ միայն բավարարել աճող ներքին պահանջարկը, այլև էլեկտրաէներգիա արտահանել։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի։

«Վերականգնվող էներգետիկայի զարգացումը ոչ միայն չի դանդաղում, այլ ընդհակառակը՝ արագանում է»,- հայտարարել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է կառավարությունը քննարկում մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցումը՝ արևային էներգիայի զարգացման հնարավորությունների պայմաններում։

Վարչապետի խոսքով՝ նոր ներդրումային ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում էլեկտրաէներգիայի պակասի հեռանկար են ստեղծում։ Կառավարությունը մտադիր է ոչ միայն լրացնել այդ պակասը, այլև ավելացնել արտադրությունը՝ արտահանման համար։

«Մենք ուզում ենք էլեկտրաէներգիա արտահանել»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով Հայաստանի արևային ռեսուրսներն օգտագործելու անհրաժեշտությունը։

Լրագրողները հարցրել են՝ ինչու են արևային էներգետիկայի զարգացման ծրագրային թիրախները համեմատաբար համեստ՝ հաշվի առնելով վերջին տարիների աճը։ Փաշինյանը պատասխանել է, որ ծրագրերում սահմանված ցուցանիշները նվազագույն շեմեր են, այլ ոչ թե զարգացման առավելագույն սահման։

Նրա խոսքով՝ արևային էներգիան պետք է զարգանա այնքան, որքան հնարավոր է, իսկ ծրագրային ցուցանիշները չպետք է ընկալվեն որպես հետագա աճը սահմանափակող թիրախներ։

«Արևային և վերականգնվող էներգիան Հայաստանի Հանրապետությունում պետք է զարգանա առանց սահմանափակումների։ Սա մեր հստակ քաղաքական դիրքորոշումն է»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը նաև կարևորել է կանաչ ջրածնի և էներգիայի կուտակիչների զարգացումը։ Հարցազրույցում նա չի ներկայացրել այդ ուղղություններով կոնկրետ նախագծերի հզորությունները, արժեքը կամ գործարկման ժամկետները։

Վերականգնվող էներգետիկայի մասին հայտարարությունները հնչում են նոր ատոմակայանի շուրջ քննարկումների համատեքստում։ Փաշինյանը, որը նախկինում խոսում էր փոքր մոդուլային ռեակտորով ատոմակայան կառուցելու տարբերակի մասին, հոկտեմբերի 1-ին ասաց, որ 1,000 մեգավատ հզորությամբ կայանը կարող է առավել տրամաբանական լուծում լինել՝ հաշվի առնելով նաև արհեստական բանականության ոլորտի նոր նախագծերի պահանջարկը։ Այդ հայտարարությանը նախորդել էր ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավարի հետ նրա հանդիպումը Երևանում։

Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է, որ արևային և հողմային կայաններն ինքնուրույն չեն ապահովում մշտական, երաշխավորված արտադրական հզորություն։ Նրա գնահատմամբ՝ կուտակիչները կարող են հավասարակշռել արտադրության ու սպառման տատանումները, սակայն չեն վերացնում հուսալի արտադրող հզորությունների անհրաժեշտությունը։

«Ինֆոքոմի» հարցազրույցում Փաշինյանը ևս խոսել է տարբեր էներգետիկ աղբյուրները համատեղ զարգացնելու մասին՝ նշելով ատոմակայանը, արևային ու հողմային էներգիան, կուտակիչները, կանաչ ջրածինն ու հիդրոէներգետիկան։ Նա հավելել է, որ նոր ատոմակայանի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում