Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայաստանի թեմերի առաջնորդներն ու առաջնորդական տեղապահները դատապարտել են Ազգային ժողովում Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամի» ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն որակելով Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու փորձ։
Հոկտեմբերի 9-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռում տեղի ունեցած ժողովի մասնակիցները հայտարարություն են ընդունել՝ անդրադառնալով, իրենց ձևակերպմամբ, Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավին և խորհրդարանում նախաձեռնված գործընթացներին։
Ժողովի մասնակիցների գնահատմամբ՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոտնահարում է կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության հիմնարար սկզբունքները։ Նրանք նաև պնդում են, որ քննիչ հանձնաժողովին վերապահվել են օրենքով չնախատեսված լիազորություններ՝ Եկեղեցու ներքին կյանքին և կառավարմանը վերաբերող հարցերի կանոնականությունը գնահատելու համար։
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, Եկեղեցու և եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Եպիսկոպոսները խորհրդարանական մեծամասնությանը կոչ են արել գործել սահմանադրական լիազորությունների շրջանակում և հրաժարվել Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու փորձերից։
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամը և դրա հետևանքները ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել»։ Նման հայտարարություն էր արել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին ավելի վաղ խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմը պատրաստել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց։
Մասնագետները զեկույցը քննադատել են՝ այն համարելով իրավական և էթիկական խնդիրներ պարունակող փաստաթուղթ։ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանի գնահատմամբ՝ այն խախտում է անձնական կյանքի և տվյալների պաշտպանության մի շարք սկզբունքներ և ավելի շատ «դեղին մամուլի» նյութ է հիշեցնում, քան կառավարության պաշտոնական զեկույց։











