Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվել․ Հակակոռուպցիոն

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվել․ Հակակոռուպցիոն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք տալու վերաբերյալ փաստական տվյալներ են ստացվել, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ Կոմիտեի՝ նույն թեկնածուն նաև նախապատրաստվել է ընտրակաշառք տալ երեք տասնյակից ավելի այլ ընտրողների։ Քրեական վարույթի շրջանակում ավելի վաղ հաղորդվել էր 14 անձի ձերբակալության մասին։

«Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ըստ Կոմիտեի՝ ընտրակաշառքը տրվել է ընտրությանը մասնակցելու և քվեարկության ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։

Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, նախապատրաստվել է ընտրակաշառք տալ նաև երեք տասնյակից ավելի ընտրողների՝ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։

Կոմիտեի փոխանցմամբ՝ ենթադրյալ արարքի նախապատրաստությունն իրականացվել է յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով։

«Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 21-ի առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Ստեփանավանում 14 անձի ձերբակալության մասին։

Խուզարկությունների և ձերբակալությունների մասին հայտնել էր Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ Նրա պնդմամբ՝ Ստեփանավանի տարածաշրջանում իրավապահները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացնում կուսակցության աջակիցների շրջանում։ Պատգամավորն իրավապահների գործողությունները որակել էր անօրինական։

Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան խոշորացված համայնքում անցկացվելու են ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին հաղորդագրությունում չի նշվում, թե ձերբակալվածներից յուրաքանչյուրին ինչ ենթադրյալ արարք է վերագրվում, կամ արդյոք նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Խուզարկությունները հաջորդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 20-ի հայտարարությանը, որով նա պետական, մարզային և համայնքային պաշտոնյաներին հրահանգել էր բացառել վարչական լծակների կիրառումն ու ճնշումները ՏԻՄ ընտրություններում։

Ֆեյսբուքյան տեսաուղերձում Փաշինյանը զգուշացրել էր, որ ժողովրդավարության և օրինականության կանոններից շեղվելու դեպքում լինելու է «անհամաչափ կոշտ արձագանք»։


Հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, որոնցից 2-ը մեծամասնական, 19-ը՝ համամասնական ընտրակարգով։

Հինգ համայնքներում (Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք) գրանցվել է ընդամենը մեկական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը փաստացի այս համայնքներում չունի մրցակից։

Վեց այլ համայնքներում (Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ, Իջևան) գրանցվել են երկուական ուժեր։ Չորս համայնքներում (Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր և Դիլիջան) մրցակցում են երեքական ուժեր, երեքում (Մարտունի, Արթիկ և Մեղրի)՝ չորսական, և միայն մեկ համայնքում՝ Ստեփանավանում, ընտրապայքարում հանդես են գալիս հինգ ուժեր։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրապայքարին մասնակցում է բոլոր համայնքներում։

ԱԺ խմբակցություններից մեծությամբ երկրորդ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մասնակցում է միայն երեք համայնքներում՝ մեկում «Ուժեղ Հայաստան» և երկուսում՝ դաշինքի անդամ «Նոր դարաշրջան» կուսակցությունների առաջնորդությամբ։

Երրորդ՝ Հայաստան խմբակցության անդամ կուսակցությունները մասնակցում են հինգ համայնքներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում