Գլխավոր Լրահոս

Տուգանքների խստացումն անհրաժեշտ է վարորդների վարքագիծը փոխելու համար․ նախարար

Տուգանքների խստացումն անհրաժեշտ է վարորդների վարքագիծը փոխելու համար․ նախարար

Ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների համար տուգանքները պետք է խստացվեն, քանի որ գործող պատժամիջոցներն ու վերահսկողության ուժեղացումը բավարար չեն վարորդների վարքագիծը փոխելու համար։ Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հիմնավորելով ճանապարհի երկրորդ շարքում կանգնելու համար տուգանքը 5000-ից 20 հազար դրամ բարձրացնելու նախաձեռնությունը։

«Այս պայմաններում պիտի գնանք խստացմանը։ Ընդ որում՝ խստացմանը ոչ այն տրամաբանության մեջ, որ մենք հավակնելու ենք ավելի շատ եկամուտ բերել պետությանը, այլ այն տրամաբանության մեջ, որ անձը երկու կամ երեք անգամ կմտածի՝ արդյոք պատրաստ է երկրորդ գիծ կանգնելու՝ վճարելով համապատասխան տուգանք և զրկվելով բալային միավորից, թե ոչ»,- ասել է Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ ճանապարհային երթևեկության կարգապահությունն ապահովելու համար պետությունները կարող են կիրառել բարձր տուգանքներ, տուգանային միավորների խիստ համակարգ կամ դրանց համակցությունը։ Նա նշել է, որ եվրոպական մի շարք երկրներում որոշ խախտումների համար նախատեսված տուգանքներն անհամեմատ բարձր են Հայաստանում առաջարկվող 20 հազար դրամից։

Նախարարը հիշեցրել է նաև Հայաստանում գործող արտոնությունները՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքի 20 տոկոս և 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում 30 տոկոս նվազեցման հնարավորությունները։

Նրա խոսքով՝ ճանապարհի երկրորդ շարքում կանգնելու համար տասնյակ հազարավոր վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառվել, սակայն խախտումները շարունակվում են։

Սարգսյանը նշել է, որ գործող տուգանքի նկատմամբ նվազեցումները կիրառելու դեպքում երկրորդ շարքում կանգնելը կարող է ավելի էժան լինել, քան օրինական ավտոկայանատեղից օգտվելը։

Նա նաև ընդգծել է, որ պարեկային ծառայության կողմից ավելի շատ խախտումներ արձանագրելը միշտ չէ, որ հանգեցնում է վարորդների վարքագծի փոփոխության։

«Եթե հիմա արդեն մենք բոլորս հաշտվել ենք նրա հետ, որ լավ, երկրորդ գիծ կանգնելը նորմալ է, եկեք քննարկենք տուգանքի չափերը, կներեք, բայց ես չեմ ուզում, որ մենք այդ խոսակցության մեջ մտնենք»,- ասել է նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ երկրորդ շարքում կանգնելն ի սկզբանե արգելված է, ուստի քննարկման հիմնական հարցը պետք է լինի նման խախտումները կանխելը, ոչ թե դրանց համար սահմանված տուգանքի չափը հնարավորինս փոքր պահելը։

Նախարարը տուգանքների խստացումը որակել է նախևառաջ կանխարգելիչ միջոցառում՝ ընդգծելով, որ նպատակը պետական բյուջե ավելի շատ եկամուտ ապահովելը չէ։

Անդրադառնալով ճանապարհային անվտանգության վիճակագրությանը՝ Սարգսյանը հայտնել է, որ 2024 և 2025-ի համեմատությամբ Հայաստանի ճանապարհներին զոհերի թիվը նվազել է 95-ով։

Նրա ներկայացրած ընթացիկ տվյալներով՝ նախորդ համադրելի ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է յոթ զոհով և 40 վիրավորով պակաս։

Նախարարն այդ արդյունքներում կարևորել է պարեկային ծառայության աշխատանքը՝ միաժամանակ նշելով, որ վիճակագրական փոփոխությունը չի կարելի վերագրել բացառապես ոստիկանության գործունեությանը։

Սարգսյանը նաև ընդունել է, որ վարորդների վարքագծի փոփոխության հասնելը բարդ է, թեև նախարարությունը տարիներ շարունակ իրազեկման միջոցառումներ է իրականացնում։

Հոկտեմբերի 22-ին կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների նախագծին՝ այն անհետաձգելի կարգով Ազգային ժողով ներկայացնելու համար։

Նախագծով առաջարկվում է ճանապարհի երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կանգնելու կամ կայանելու համար գործող 5000 դրամ տուգանքը բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ միաժամանակ սահմանելով մեկ տուգանային միավոր։

Նույն չափի տուգանք է առաջարկվում նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար։

ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ գործող պատասխանատվության միջոցներն ու վարչարարության ինտենսիվացումը չեն ապահովում ցանկալի արդյունքը, և վարորդները շարունակում են խախտել երթևեկության կանոնները։

ՆԳՆ-ի հրապարակած տվյալներով՝ 2026-ի առաջին կիսամյակում Երևանում երկրորդ շարքում կայանելու համար պարեկները կազմել են 17,024 արձանագրություն՝ 172 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում