Գլխավոր Լրահոս

Այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ԵԱՏՄ անդամ չորս երկրների զեկույցում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու իրավական հիմնավորում գտնելու համար քաղաքական հանձնարարություն է տրվել։ Հոկտեմբերի 27-ին Նիդերլանդների արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում նա հայտարարել է, որ հարցը ոչ միայն իրավական, այլև քաղաքական կողմ ունի։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավականը՝ իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա և գուցե քաղաքական հանձնարարություն իրավաբաններին՝ որևէ իրավական հիմնավորում գտնել»,- ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ զեկույցում ԵԱՏՄ գործընկերները հղում են անում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային։ Նա նշել է, որ թեև ԵԱՏՄ փաստաթղթերում անդամ պետությանը հեռացնելու կամ նրա մասնակցությունը կասեցնելու մեխանիզմ նախատեսված չէ, Վիեննայի կոնվենցիայում նման իրավական հնարավորություն կա, սակայն որոշակի պայմաններով։

Միրզոյանի բացատրությամբ՝ դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան պետությունը խախտած լինի կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորությունները, ինչը, նրա պնդմամբ, Հայաստանի դեպքում տեղի չի ունեցել։

«Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակներում չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել»,- հայտարարել է նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բարեխղճորեն կատարել և շարունակում է կատարել ԵԱՏՄ շրջանակում իր պարտավորությունները։ Նա հույս է հայտնել, որ մյուս անդամ պետությունները նույնպես բարեխղճորեն կկատարեն Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները՝ ինչպես միության շրջանակում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում։

«Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,- ասել է նախարարը՝ առանց կոնկրետ դեպքեր նշելու։

Նա ընդգծել է, որ Հայաստանի որոշումների և գործողությունների առանցքում երկրի պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունն են, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը կփորձի կառուցողական քննարկումներ ունենալ ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ՝ առաջնային համարելով իր պետականությունը։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել էին Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման իրավական և տնտեսական հետևանքների վերաբերյալ զեկույցը։

Փաստաթուղթը պատրաստվել է չորս երկրների նախագահների՝ մայիսի 29-ին Աստանայում ընդունած համատեղ հայտարարության հիման վրա։ Այդ հայտարարությամբ երկրների ղեկավարները որոշել էին մինչև դեկտեմբերին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը պատրաստել համապատասխան զեկույց։ Նախագահները նաև կոչ էին արել Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։

Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Հայաստանի քայլերը հակասում են ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրի սահմանված պարտավորություններին։ Ըստ նրանց՝ թեև ԵԱՏՄ պայմանագիրը չի նախատեսում անդամ պետության նկատմամբ դրա գործողությունը միակողմանիորեն կասեցնելու մեխանիզմ, մյուս չորս երկրները կարող են նման որոշում ընդունելու հարցը դիտարկել՝ հղում անելով Վիեննայի կոնվենցիային։

Զեկույցում ներկայացված հաշվարկների համաձայն՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցումը կարող է հանգեցնել երկրի ՀՆԱ-ի 15,6 տոկոսով կրճատման, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության 55,6 տոկոսով նվազման և ներկրվող գազի արժեքի շուրջ 69 տոկոսով աճի։ Դրանք զեկույցի հեղինակների սցենարային գնահատականներն են, ոչ թե արձանագրված հետևանքներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում