«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ Հայաստանը պետք է խուսափի ԵԱՏՄ անդամակցության հետ կապված լրացուցիչ տնտեսական ռիսկերից և օգտագործի միության շրջանակում առկա հնարավորությունները՝ տնտեսությունն ամրապնդելու և նոր շուկաներ ու ներդրումներ ներգրավելու համար։
Հոկտեմբերի 28-ին քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ Ծառուկյանն անդրադարձել է օրեր առաջ հրապարակված՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու կամ անդամակցությունը կասեցնելու հնարավոր տնտեսական հետևանքներին վերաբերող զեկույցին։
Նրա խոսքով՝ զեկույցում ներկայացված տնտեսական ցուցանիշների հետևում մարդկանց ճակատագրերն են, իսկ կանխատեսվող անկումն ու թանկացումները կարող են հանգեցնել բիզնեսների փակման, սնանկացումների և բազմաթիվ ընտանիքների բարեկեցության անկման։
«Պիտի հասկանանք, որ չոր տնտեսական զեկույցի հետևում մարդիկ են։ Բոլոր նման տոկոսները՝ անկման, թանկացման, խոսում են հազարավոր բիզնեսների փակման և սնանկացման վտանգի մասին, տասնյակ հազարավոր ընտանիքների, հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վատացման, բարեկեցության կտրուկ անկման մասին»,- նշել է Ծառուկյանը։
Նրա գնահատմամբ՝ նման վերլուծությունները պետք է նախևառաջ իրականացվեն Հայաստանում, քանի որ դրանք վերաբերում են երկրի տնտեսությանն ու քաղաքացիների կյանքի որակին։ Ծառուկյանը հայտնել է, որ դեռևս ընտրություններից մեկ տարի առաջ խնդիր էր դրել հավաքագրել ոլորտային մասնագետների՝ հնարավոր տնտեսական սցենարները վերլուծելու համար։
«Նման փաստաթղթերը առաջին հերթին Հայաստանում պետք է մշակվեն, որ մենք մեզ անընդհատ չխաբենք սիրուն ստերով, հեքիաթներով։ Պետք է հասկանանք, որ սա մեր կյանքի մասին է»,- հայտարարել է ԲՀԿ ղեկավարը։
Ծառուկյանը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր տնտեսական ռիսկերի քննարկումը չպետք է սահմանափակվի միայն հնարավոր կորուստներով։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիտարկել նաև տնտեսական զարգացման հեռանկարները և օգտագործել առկա հնարավորությունները։
Նա առաջարկել է զարգացնել Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ շրջանակում՝ ներգրավելով լրացուցիչ ներդրումներ և ընդլայնելով արտահանման շուկաները։ Ծառուկյանի համոզմամբ՝ առկա տնտեսական հնարավորությունները վտանգելու փոխարեն անհրաժեշտ է դրանք ծառայեցնել տնտեսության զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։
«Ինչո՞ւ չօգտվենք դրանից՝ առանց ԵԱՏՄ-ում մեզ համար խնդիրներ ստեղծելու։ Հակառակը, հենց ԵԱՏՄ-ում զարգանալով, նոր հնարավորություններ ձեռք բերելով փորձենք մեր տնտեսությունը ուժեղացնել՝ լրացուցիչ շուկաների և այլ տեղերից ներդրումների շնորհիվ»,- նշել է նա։
Անդրադառնալով միջազգային տնտեսական իրավիճակին՝ Ծառուկյանը հայտարարել է, որ աշխարհում սկսված տնտեսական ցնցումները, իր գնահատմամբ, շարունակվելու են, քանի որ դրանց պատճառները խորքային են։ Այս պայմաններում նա անթույլատրելի է համարել Հայաստանի համար լրացուցիչ խոշոր տնտեսական ռիսկերի ստեղծումը։
«Հիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը, այլ այն որպես հիմք վերցնելով՝ օգտվենք փոփոխվող աշխարհի բերած հնարավորություններից»,- եզրափակել է Ծառուկյանը։
Վերոնշյալ զեկույցը պատրաստել են Եվրասիական միջկառավարական խորհրդում չորս երկրները՝ կատարելով 2026-ի մայիսի 29-ին նրանց ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Մայիսին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարությամբ մտահոգություն էին հայտնել Հայաստանի եվրոպական ինտեգրման քայլերի վերաբերյալ։ Նրանք պնդել էին, որ ԵՄ-ին անդամակցությանը նախապատրաստվելը տնտեսական անվտանգության ռիսկեր է ստեղծում ԵԱՏՄ անդամների համար։ Նախագահները նաև կոչ էին արել Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։












