Հայաստանն ու Ադրբեջանը տևական և հուսալի խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն, և այն չօգտագործելն աններելի կլինի։ Այս եզրակացությանն է հանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբլինում կայացած հանդիպումից հետո։
«Երեկ ես հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահի հետ, և գիտեք՝ իմ եզրակացությունն այդ հանդիպումից հետևյալն է, որ այժմ մենք շատ իրատեսական և պատմական շանս ունենք հաստատելու հարատև, վերջնական, մնայուն, տևական, հուսալի խաղաղություն, և աններելի կլիներ չօգտագործել այդ հնարավորությունը»,- հայտարարել է Փաշինյանը նոյեմբերի 13-ին Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ։
«Եվ դա իմ անձնական առաքելությունն է և մեր կառավարության առաքելությունն է՝ օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանն ընդունել է, որ խաղաղության հաստատումը հեշտ գործընթաց չէ։ Նրա խոսքով՝ «ամբողջ պատմությունը փոխելը շատ դժվար է», և այդ ճանապարհին առաջանալու են միջազգային, պետական, հոգեբանական խնդիրներ, ինչպես նաև պատմությանն առնչվող հարցադրումներ։
«Հիմա կարող եմ ասել միանշանակ՝ կայուն, հուսալի խաղաղությունը մեզ համար արդեն հասանելի է, պետք է պարզապես օգտագործենք այս հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքն Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկխոսությունը Հայաստանի հասարակության ու քաղաքացիների հետ՝ այդ հնարավորությունն իրականություն դարձնելու համար։
Փաշինյանն ու Ալիևը նոյեմբերի 12-ին հանդիպել էին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել էին խաղաղության ամրապնդման գործնական քայլերը, այդ թվում՝ սահմանազատումը, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը, տնտեսական համագործակցությունն ու վստահության ամրապնդման միջոցառումները։
Քննարկվել էր նաև «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի ընթացքը, մասնավորապես՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների նախագծումը։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են համատեղ հռչակագիր, իսկ երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը։ Փաստաթուղթը դեռ վերջնականապես չի ստորագրվել և վավերացվել։
Խաղաղության համաձայնագրի ստորագրման չլուծված հարցերից մեկը շարունակում է մնալ Հայաստանի Սահմանադրությունը։ Նոյեմբերի 7-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն չի պահանջում, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում չի ցանկանում ստորագրել և վավերացնել համաձայնագիրը։
Բաքուն Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը համարում է խոչընդոտ, մինչդեռ Երևանը պնդում է, որ գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում։












