Սա առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է․ Մակունցը՝ վարչապետի կադրերի արտահոսքի մասին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ապրիլի 20-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից կադրերի արտահոսքին։
««Իմ քայլը» խմբակցության համար այն, ինչ տեղի է ունեցել, իհարկե անընդունելի է, և մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենը ունենալու է հետևանքներ»,- ասաց նա։
Մակունցի խոսքով՝ տեղի ունեցածի մասին կարող են տարբեր մեկնաբանություններ հնչել։
«Մեզ համար սա առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել, օրինակ, արտահայտություն կամ նախադասություն աշխատակազմի հետ շփվելիս կամ գործընկերների հետ շփվելիս, որոնք ոչինչ չեն ասում անձնակազմի կամ ներկա գտնվողների համար, բայց դա լիներ կարևորագույն խնդիր, լրջագույն խնդիր՝ զուտ անվտանգության տեսնակյունից»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Խմբակցության ղեկավարը նկատեց, որ եթե կարճ ժամանակահատվածում տեղի ունեցածի համար պատասխանատու անձինք պատասխանատվություն չկրեն, «Իմ քայլը» պատրաստվում է Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՌԸ) խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլև զբաղվեն նաև պատասխանատվության առումով, թե ովքեր են ներգրավված եղել»։
«Նորից եմ ասում, վարկածներին չեմ անդրադառնում, դա պրոֆեսիոնալիզմ, ոչ պրոֆեսիանլիզմ է, անփութություն թե դիտավորություն։ Դա այս պահին մեզ քիչ է մտահոգում»,- շեշտեց Մակունցը։
Լիլիթ Մակունցը նաև անդրադարձավ կարծիքներին, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն և պետք է պարզաբանումներ տա։
«Ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետև վարչապետի մամլո խոսնակը ունի հստակ պատասխանատվության չափ և պարտականությունների ցանկ, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տենխնիկական նրբություններին տիրապետելը։ Հեռարձակման տեխնիկական նրբությունների մասին տեղեկացնում է հենց այն անձնակազմը, որը իրականացնում է։ Եվ ի վերջո, յուրաքանչյուր հաստիք, յուրաքանչյուր աշխատակից, պաշտոնյա ունի պատասխանատվության իր եզրերը, սահմանները, և յուրաքաչյուրը պատասխանատու է հենց այդ գծով»,- ասաց նա։
Ապրիլի 17-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղիղ եթերով հղած ուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերը հայտնվել էին համացանցում, առիթ տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ Արտահոսած կադրերից անհայտ օգտատերը պատրաստել էր ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում։
Լուսինե Վարդանյան
Civilnet




