Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմում է ՀԱԿ-ի՝ նոր խորհրդարանում անելիքների մասին՝ նշելով, որ իրենց նպատակն է լինելու փոխել քաղաքական մթնոլորտը Հայաստանում՝ հասնելով հեղափոխության։
-Պարոն Զուրաբյան, հեղափոխություն չստացվեց անել ո՛չ նախորդ տարիներին, ո՛չ այս ընտրությունների ընթացքում և ո՛չ էլ ընտրություններից հետո: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը:
-Այդքան արագ եզրակացություն մի արեք: «Սոլիդարնոստ»-ը Լեհաստանում իր հեղափոխության գործը տարավ ինը տարիների ընթացքում՝ սկսած 1978-79-ից, և ավարտին հասցրեց 91թ.: Պինոչետի դեմ հեղափոխությունը տևեց 14 տարի, Մուշարաֆի դեմ բավականին երկար պայքարեցին: Իսկ մեր առաջին դեմոկրատական հեղափոխությունը Հայաստանում տևեց 1988-ից մինչև 1991թ.:
Այսինքն՝ շատ նորմալ ընթանում է հեղափոխությունը: Իհարկե, կուզեինք ավելի շուտ, բայց դուք տեսնում եք՝ ինչ բռնապետություն է մեր դեմ գործում: Բռնապետություն, որն ունի դեմոկրատական ֆասադ: Ինչ վերաբերում է ընտրություններին, մենք իսկապես կարողացանք այս ընտրություններում փայլուն ընտրարշավ անցկացնել, շահել ժողովրդի համակրանքը….
-Սակայն հազիվ կարողացաք հաղթահարել յոթ տոկոսի շեմը:
-Մենք շահեցինք ժողովրդի համակրանքը, սակայն որովհետև սա պետականորեն կազմակերպված հանցագործություն է, փաստորեն կաշառքի, սպառնալիքի, բազմակի քվեարկության միջոցով լցրեցին մոտ 700 հազար ձայն և դրանով ստացան ընտրությունների այն պատկերը, որն իրենք նախապես գծել էին:
-Դուք ասացիք, որ հեղափոխությունը կամաց-կամաց ընթանում է, բայց այս ընտրություններրը ցույց տվեցին, որ հասարակության մի ստվար զանգված մասնակցեց ընտրություններին և իր քվեն փողով կամ առանց փողի տվեց գործող իշխանությանը՝ կոալիցիայի անդամներից Հանրապետականին կամ «Բարգավաճ Հայաստան»-ին: Այդ դեպքում, որտե՞ղ և ինչպե՞ս է ընթանում Ձեր նշած հեղափոխությունը:
-Երբեք չեմ մեղադրի ժողովրդին այն բանի համար, ինչ կատարվեց Հայաստանում: Ժողովրդին դնում են շատ ծանր վիճակի մեջ, նախևառաջ սոցիալական շատ ծանր վիճակի, իսկ հետո կառուցում են մի ամբողջ բրիգադիրների համակարգ, որոնք տարբեր տեսակի վերահսկողության մեթոդներով, սպառնալիքներով մարդկանց ուղղակի վախեցրել են, շատերին ուղղակի ասել են, որ եթե չքվեարկեք մեր ասած ձևով, ուրեմն ձեր ընտանիքին վնասելու ենք, մարդկանց ասել են, որ եթե մեզ անհրաժեշտ ձայների քանակը չհավաքենք, ուրեմն մենք կործանված ենք, հազար ու մի ձևով: Էլ չասած այն մասին, որ կարուսել և այլ հնարքներ են կիրառել:
-Իսկ որտե՞ղ մնաց Ձեր ակտիվ զանգվածը, որը Ձեր իսկ թվերով հարյուրհազարների էր հասնում, որտե՞ղ մնացին նրանց ձայները, ինչո՞ւ հազիվ հաղթահարեցիք յոթ տոկոսի շեմը:
-Իսկական ակտիվիստները երբեք թույլ չէին տա՝ իրենց ձայնը աղավաղեին, և նրանք կգնային և կքվեարկեին նրա օգտին, ում իսկապես ընտրել են: Սակայն մեր ասած հարյուրհազարավոր համակիրների մեջ բոլորը չէ, որ կարող էին դիմանալ այդ պետական ճնշմանը, որի մասին ասացի: Էլ չասած, որ մեր ձայների մի մասն էլ գողացվել է հետևյալ ձևով՝ բազմաթիվ տեղերում եղել են ճնշումներ մեր վստահված անձանց վրա, որոնց պատճառով մեր վստահված անձինք մասսայաբար հրաժարական են տվել: Օրինակ՝ Գորիսում չարաբաստիկ այդ Լիսկայի ճնշումների պատճառով մարդիկ ուղղակի ընտրությունից մեկ օր առաջ եկան և հրաժարվեցին վստահված անձ լինել: Նույն պրոբլեմները մենք ունեցանք Վայոց Ձորում, Բերդում, այսինքն՝ մի քիչ ավելի հեռու տեղերում, խուլ տեղերում և այլն, որտեղ այդ ֆեոդալական կարգերն ավելի ուժեղ են, մեր վստահված անձանց վրա մեծ ճնշումներ են գործադրել, և շատ տեղամասերում մենք չենք կարողացել վերահսկել իրավիճակը: Իսկ նման վիճակում նրանց համար շատ հեշտ է ցանկացած արդյունք արձանագրել:
-Այսինքն՝ Դուք չե՞ք ընդունում այն տեսակետը, որ ՀԱԿ-ի համակիրների մի մասը ՀԱԿ-ից հիասթափվեց ընտրությունների նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Դաշնակցության հետ ունեցած իր բարիդրացիական հարաբերությունների համար:
-Բացարձակ չեմ ընդունում: Հակառակը, ես համարում եմ, որ այդ համագործակցությունը ներշնչեց հավատ ընտրողի մեջ, ես էլ եմ ընտրողների հետ հանդիպել, խոսել: Մարդիկ վստահություն չունեին ընտրական պրոցեսի նկատմամբ, ասում էին՝ ամեն անգամ կեղծում են ընտրությունները, մենք հիմա է՛լ ինչի համար էլի գնանք քվեարկելու: Բայց երբ մենք ներկայացրինք միասնական շտաբի այդ աշխատանքը, երբ մենք ասացինք, որ միասնական շտաբը կնվազեցնի այդ ընտրակեղծիքները, դա մարդկանց ոգևորեց, այսինքն՝ հակառակը, շնորհիվ այդ համագործակցության մարդիկ ոգևորվեցին և ակտիվ մասնակցեցին ընտրությանը:
-Իսկ Կոնգրեսի ներսում քննարկվե՞լ է մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը:
-Ո՛չ, նման հարց ոչ միայն չի քննարկվել, այլև ես կարող եմ ասել, որ որևէ կուսակցություն նման հարց չի բարձրացրել: Ավելին, երբ գնում եք ու մասնակցում եք ընտրություններին, անկախ նրանից՝ դրանք կեղծվում են կամ չեն կեղծվում, և դուք գրանցում եք ինչ-որ արդյունքներ, նշանակում է՝ դուք գնացել եք ինչ-որ ժողովրդի ձայնը ստանալու և ժողովրդի ձայնը ինչ-որ տեղ հասցնելու: Այլ բան է, որ որոշ հանգամանքներում դուք կարող եք համարել, որ ասենք՝ մանդատներից հրաժարվելը ավելի արդյունավետ քաղաքական միջոց է, որով կարելի է ազդել քաղաքական իրավիճակի վրա: Նման բան եղավ ավագանու ընտրությունների ժամանակ 2009թ.: Պարզ էր՝ այն ժամանակ խոսքը Երևանի ավագանու մասին էր: Այն ժամանակ քաղաքական իրավիճակը կարող էր փոխել միայն մեր ամբողջական հաղթանակը Երևանում, որովհետև դա կստեղծեր հնարավորություն ամբողջ Հայաստանում այս իշխանություններին հակակշիռ ստեղծել:
Բայց եթե չունեինք այդ հաղթանակը, ունեինք ընդամենը 13 մանդատ Երևանի ավագանում, վերցնել այդ մանդատները կնշանակեր Կոնգրեսի մակարդակը իջեցնել տեղական այդպիսի հարցերով հետաքրքրվող քաղաքական ուժի մակարդակի: Իսկ խորհրդարանը լրիվ ուրիշ բան է, սա ազգային մակարդակի քաղաքականության ֆորում է, այստեղ դա արդեն լրջագույն հնարավորություն է:
-Ի՞նչ կարող եք անել Ազգային ժողովում՝ ունենալով ընդամենը յոթ պատգամավոր:
-Մի քանի բան՝ օգտագործել այդ ամբիոնն այս բռնապետության հակաժողովրդական և կոռուպցիոն փչացած բնույթը բացահայտելու և՛ միջազգային, և՛ մեր հանրությանը ներկայացնելու նպատակով: Երկրորդ՝ մենք պատրաստվում ենք ներկայացնել այնպիսի օրինագծեր, որոնք Հայաստանի զարգացման ճանապարհն են բացում, որոնք կազմաքանդում են այս ապօրինի մենաշնորհները և ապօրինի արտոնությունները, և թող հիմա իրենք համարձակվեն դրա դեմն առնեն: Մենք հիմա գնալու ենք այդ օրինագծերով պառլամենտ և մենք ամբողջ ժողովրդին հավաքելու ենք այդ օրինագծերի շուրջ: Երրորդ՝ մենք նաև լինելու ենք օրինականության և մարդու իրավունքների պաշտպանը ԱԺ-ում: Եվ չորրորդ՝ միգուցե ամենակարևորն է, – այս բոլորը մենք օգտագործելու ենք մի նպատակով՝ փոխել քաղաքական մթնոլորտը Հայաստանում՝ հասնելով հեղափոխության:

Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակ են հղել Իրանի դեսպանատանը՝ հարուցելով իրանական կողմի հակազդեցությունը

Կենդանիների իրավունքների պաշտպաններին պետք է «քնեցնել»․ Թբիլիսիի քաղաքապետ

Վեց ձայնի ուժը. ինչպես իշխանությանը դնել սահմանադրական երկընտրանքի առջև

Ընդդիմադիր ուժերը Երևանում սկսել են Սահմանադրության փոփոխության դեմ իրազեկման ակցիաները

«Դուք չեք կարող ինձ հեռացնել, ես ինքս եմ հեռանում»․ Վրաստանի ընդդիմության ներսում տարաձայնությունները շարունակվում են
Civilnet