2024-ի չկատարված խոստումներն ու կանխատեսումները

Հայկ Հովհաննիսյան
Պաշտոնյաներն ու կառույցները 2024 թվականի համար բազմաթիվ խոստումներ ու նոր նախագծեր էին ծրագրել, լրատվամիջոցներն էլ տարբեր կանխատեսումներ էին արել: Սակայն դրանցից շատերն այդպես էլ չիրականացան: #CivilNetCheck-ը ներկայացնում է այն հայտարարությունները, որոնք մնացին անկատար:
Տրանսպորտ և էլեկտրական ավտոբուսներ
Դեռևս 2023-ի դեկտեմբերին Երևանի ավագանու նիստին հայտարարվել էր, որ 2024-ի ընթացքում քաղաքը կունենա 249 միավոր 19-մետրանոց, 171 միավոր 8,5-մետրանոց ավտոբուս և 71 տրոլեյբուս։ Սա նախատեսված էր մայրաքաղաքի 2024-ի զարգացման ծրագրով։
Ընդ որում, 2023-ի հուլիսին այն ժամանակվա փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը հիմնականում համալրվելու է էլեկտրական տրանսպորտով։ Խոստացվել էր, որ տրանսպորտային համակարգը պետք է համալրվեր 250 էլեկտրական ավտոբուսով։

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում՝ 2023-ի օգոստոս-սեպտեմբերին, Ավինյանը պարբերաբար կրկնում էր այս խոստումը՝ պահանջելով արագացնել էլեկտրական ավտոբուսների ձեռք բերման գործընթացը։
2024-ի փետրվարին ավագանու անդամների հարցին, թե ինչ փուլում է գտնվում էլեկտրական ավտոբուսների ձեռք բերման խոստումը, արդեն քաղաքապետ Ավինյանը պատասխանել էր, որ բանակցություններ են ընթանում միջազգային ֆինանսական գործընկերների և կառավարության հետ։
Փաստացի 2024-ին ձեռք է բերվել 8,5-մետրանոց 171 ավտոբուս և նոր 15 տրոլեյբուս, որոնցով փոխարինվելու են մայրաքաղաքի բոլոր «մասնավոր գծերում» գործող հնամաշ ավտոբուսները։ 2024-ին ծրագրված 18-մետրանոց 249 ավտոբուսները և 71 տրոլեյբուսներից մնացած 56-ը, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսները, ձեռք չեն բերվել։
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում քաղաքապետը հայտնել է, որ 250 միավոր էլեկտրական ավտոբուսները ձեռք կբերվեն հետագայում՝ չնշելով կոնկրետ ժամկետներ։
Վերգետնյա ավտոկայանատեղիներ
2023-ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղիի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին։ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին արված այս հայտարարության մեջ նշվում էր, որ ավտոկայանատեղիի էսքիզային տարբերակները «առաջիկա ամսվա ընթացքում կներկայացվեն մայրաքաղաքցիներին»։

Հատկանշական է, որ վերգետնյա ավտոկայանատեղի կառուցելու խոստում տրվել էր 2018-ին ևս։ «Իմ քայլը» դաշինքը նախընտրական իր ծրագրում խոստացել էր երթևեկության բեռնաթափման նպատակով կառուցել վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։ 2023-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրն» այս կետը չէր ներառել իր ծրագրում։
Տես՝ Երևանում չկատարված ստորգետնյա և վերգետնյա խոստումները
Թեև քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել էր, որ «ավտոկայանատեղիի տեղն ընտրվել է, ու շուտով կներկայացվեն էսքիզները», սակայն ոչ տեղը, ոչ էլ էսքիզները չեն ներկայացվել հանրությանը։ Կառուցման մեկնարկի կոնկրետ ժամկետներ չեն նշվում։
2024-ի հունիսին #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան պարզ դարձավ, որ այս խոստումը չի իրականացել և դեռ «գաղափարական» մակարդակում է։
Մետրոյի կայարաններ
2022-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր 2024-ին սկսել «Աջափնյակ» կայարանի շինարարությունը։ 2024-ի հունվարին քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես հույս էր հայտնել նույն տարում սկսել կայարանի շինարարությունը և ավարտել չորս տարում։
Սակայն 2024-ի հուլիսի 1-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում պարզ դարձավ, որ «Աջափնյակի» շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է միայն 2032-ին։
Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». զգուշացե՛ք՝ մետրոյի խոստումները սին են
«Սուրմալու» և «Մալաթիա-Սեբաստիա» կայարանների կառուցման նախագծերը, որոնք ներառված են Երևանի 2024-2028թթ. զարգացման հնգամյա ծրագրում, դեռևս չեն մտել որևէ գործնական փուլ։
Թենիսի կորտեր
2024-ի սկզբին Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտարարել էր համայնքային միջոցներով տասը նոր թենիսի կորտի նախագծման մասին: Թեման տարեսկզբին առաջ եկավ, երբ քաղաքային իշխանությունները հանրայնացրին Երևանի Օղակաձև այգու չորրորդ հատվածում, այդ թվում՝ «Արարատ» թենիսի ակումբի վեց կորտերի տարածքում վերակառուցում իրականացնելու որոշումը։
Նոյեմբերին քաղաքապետարանը հրապարակել էր «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում Երևանի թենիսի ակադեմիայի հիմնման ծրագիրը՝ վեց բաց և չորս փակ կորտով։
Չնայած նախագծային աշխատանքների մեկնարկի մասին հայտարարությանը՝ ո՛չ նախագծման, ո՛չ էլ կառուցման վերջնաժամկետներ հայտնի չեն։
Օպերայի հրապարակ
2024-ին Երևանի քաղաքապետարանը խոստացել էր Օպերայի հրապարակն ազատել խաղային գույքից, մանկական մեքենաներից և վերածել ազատ տարածքի։
#CivilNetCheck-ն այցելեց Օպերայի տարածք դեկտեմբերի 30-ին և պարզեց, որ հրապարակը դեռևս զբաղեցված է մանկական մեքենաներով և տարբեր ատրակցիոններով։

Հայտնի չէ, թե երբ քաղաքապետարանը կիրագործի այս խոստումը։
Նորքի այլընտրանքային ճանապարհներ
2023-ի հունվարին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր երկու կարևոր ավտոճանապարհային նախագծերի մեկնարկի մասին, որոնք պետք է Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանները կապեին Երևանի կենտրոնին։
Առաջին ծրագրով նախատեսվում էր մայրաքաղաքի ամենածանրաբեռնված փողոցներից մեկը՝ Նորք-Մարաշի Արմենակյան փողոցը բեռնաթափելու համար Գարեգին Հովսեփյան փողոցը միացնել Սարալանջի շրջանցիկ ճանապարհին։
Քաղաքապետարանը խոստացել էր շինարարությունը սկսել 2023-ի հունիսին և ավարտել մինչև տարեվերջ, որպեսզի քաղաքացիները կարողանան երթևեկել նոր ճանապարհով։ Սակայն մայիսին պարզվեց, որ հայտարարված մրցույթին ոչ մի հայտ չի ներկայացվել։ Չնայած դրան՝ քաղաքապետարանը կրկին խոստացել էր մինչև 2023-ի տարեվերջ իրականացնել ծրագիրը։ Ներկայում շինարարությունը դեռևս ընթացքի մեջ է։
Երկրորդ նախագիծը նախատեսում էր Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից ճանապարհ կառուցել դեպի Մյասնիկյան պողոտա՝ ներառյալ ուղեանցի կառուցումը։
Այս ճանապարհը պետք է պատրաստ լիներ 2024-ին, մինչդեռ շինարարությունը դեռ չի մեկնարկել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս հայտնել է, որ նախագիծը մրցույթի կդրվի միայն 2025-ին։ Այսպիսով, խոստացված երկու նախագծերից մեկի մրցույթը ձախողվել է, իսկ մյուսի շինարարությունը հետաձգվելուց հետո դեռ չի ավարտվել։
Չոր նավահանգստի անորոշ ապագան
Շիրակի մարզում՝ Գյումրիի հարևանությամբ, «չոր նավահանգիստ» ստեղծելու մասին խոսվում է արդեն մի քանի տարի։ 2023-ի հունվարին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ իր ակնկալիքով մինչև տարեվերջ կհաջողվի գտնել գործընկեր, որի հետ հնարավոր կլինի սկսել «չոր նավահանգիստ» կառուցելու աշխատանքները։
Մեկ տարի անց՝ 2023-ի դեկտեմբերին, Քերոբյանը նշել էր, որ հանրային ներդրումային կոմիտեում վերջնական հաստատման դեպքում «6-9 ամսվա ընթացքում կսկսեն շինարարական փուլը»։ Սակայն ոչ 2023-ին, ոչ էլ 2024-ին շինարարությունը այդպես էլ չմեկնարկեց։
Կառավարության հանրային ներդրումային կոմիտեն 2024-ի հունվարին նախնական հավանություն տվեց նախագծին՝ նախատեսելով այն իրականացնել 5-7 տարվա ընթացքում։
Այժմ կառավարությունը փաստացի չի հրաժարվել ծրագրից, սակայն դրա կառուցման աշխատանքներն անորոշ են։ Նախարարությունը և նոր նախարար Գևորգ Պապոյանը խուսափում են նոր ժամկետներ նշել։ Ըստ ներկայացված պարզաբանման՝ դեռևս բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողներ ներգրավելու և օպերատոր ընտրելու նպատակով։
Առողջության ապահովագրությունն էլ ձգձգվում է
Դեռ 2023-ի սկզբին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր 2024-ին առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման մասին։
Ծրագրի համաձայն՝ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը պետք է գործարկվեր պետական պատվերի շահառուների համար, 2025-ին համակարգին պետք է միանային պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածը, իսկ 2027-ին՝ բնակչության 95 տոկոսը։
Սակայն արդեն 2024-ի հոկտեմբերին պարզ դարձավ, որ նախագիծը չի իրագործվի։ Կառավարությունը հայտնեց, որ 2025-ի բյուջեով այն նախատեսված չէ՝ բյուջեի պակասուրդի պատճառով։ Անհայտ է, թե երբ այս նախագիծը կյանքի կկոչվի։
Միջազգային համագործակցության չիրականացված ծրագրեր
2024-ի հունվարի 8-ին պետական պաշտոնյաները խոստացել էին, որ միջազգային խոշոր երեք ընկերություն և երեք բրենդ կբացեն իրենց ներկայացուցչությունները Հայաստանում։
«Մեկը աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից երեքի՝ Հայաստանում ներկայացուցչության բացումն է: Երկրորդը՝ աշխարհի 30 խոշորագույն լավագույն բրենդների համապատասխան ցուցակներից նույնպես Հայաստան մուտք գործելն է»,- ասել էր փոխնախարարը։
Այս խոստումը չի իրականացել, և արդեն հայտարարվել են նոր ժամկետներ՝ «մինչև 2026-ի դեկտեմբերը»։
ԵՄ-ի հետ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրման ձգձգում
2024-ի մարտի 15-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, որը կստորագրվի մինչև 2024-ի հուլիս։
Փաստաթուղթը նախատեսում է արձանագրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դրական ընթացքը և առաջնահերթությունները։
Սակայն փաստաթուղթը չի ստորագրվել նախատեսված ժամկետում։ ԱԳՆ-ից 2024-ի հուլիսին #CivilNetCheck-ին հայտնել են, որ ստորագրման ժամկետը երկարաձգվել է, և նախատեսվում է փաստաթուղթն ընդունել 2025-ին։
Քաղաքացիական ավիացիայի խոստումները
2020-ի հունիսին Հայաստանում գրանցված ավիափոխադրողներն ընդգրկվեցին Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում»։ Չորս տարի անց՝ 2024-ի դեկտեմբերին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ բոլոր թերությունները շտկվել են, և ակնկալվում է, որ ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու վերջնական որոշումը կկայացվի 2025-ին։
«Սա հիմք եղավ, որ դիմենք ԵՄ-ին ու հոկտեմբերի 10-ին ասենք, որ պատրաստ ենք նոր այցի՝ իրենց «սև ցուցակից» դուրս գալու նպատակով վերջնական գնահատման»,- հայտնել է ՔԱԿ-ի նախագահ Միհրան Խաչատրյանը։
Հուսանք՝ 2025-ին իշխանությունները և քաղաքական գործիչներն ավելի զգույշ կլինեն խոստումներ տալիս, իսկ լրատվամիջոցները՝ կանխատեսումներ անելիս։
Փաստերի ստուգում
Թեմա
CivilNetCheck










