Փաշինյանի՝ թուրքերեն խոսելու տեսանյութը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում մեծ տարածում է ստացել տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր թուրքերեն է խոսում։ Տեսագրությունում Փաշինյանի ձայնն է և թուրքերեն իբր նշում է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված գործընթացը շատ կարևոր է։
«Ինձ հաճախ հարցեր են տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների արդյունքների մասին։ Իհարկե, դրանք սովորաբար իրականացվում են մեր հատուկ ներկայացուցիչների ձևաչափով»,- խոսում է Փաշինյանին նմանեցված ձայնը։
Տեսանյութը տարածվել է Facebook-ի և Instagram-ի տարբեր էջերով՝ ստանալով բազմահազար դիտումներ և մեկնաբանություններ։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածված տեսագրությունը կեղծ է. այն ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։
Տեսանյութը դիփֆեյք է՝ ստեղծված արհեստական բանականության տեխնոլոգիաներով
Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության հայտնաբերման ElevenLabs և Deepware գործիքները վկայում են, որ նշված տեսանյութում Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Տեսանյութի պատրաստման համար օգտագործվել են վարչապետի՝ վերջերս թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի կադրերը։ Այդ հարցազրույցում Փաշինյանն իսկապես անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, սակայն խոսել է բացառապես հայերենով։
Դիփֆեյք տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս փոփոխել տեսանյութում մարդկանց ձայները և դեմքերը, դարձել են ավելի հասանելի և տարածված։
#CivilNetCheck-ը նախկինում ևս բացահայտել է նմանատիպ կեղծիքներ։ Այսպես, մեծ տարածում էին ստացել տարբեր լրագրողների, բժիշկների և Նիկոլ Փաշինյանի կեղծված տեսանյութերը, որտեղ նրանք իբր գովազդում էին կեղծ ներդրումային հարթակներ, դեղեր և այլն։
CivilNetCheck
Civilnet










